27.7.14

ԱՄԱՆՈՐԻ ՆՎԵՐՆԵՐ


Ճանապարհը երկար է ու հոգնեցուցիչ։
Մարդը կանգ առավ տեղում, պարկը դրեց ճամփամիջին և շտկելով մեջքը՝ հայացքն ուղղեց հեռուները։ Հավանաբար, մի 10-15 րոպեից տեղ կհասնի։ Հիմա երևի տոնածառի շուրջը բոլորած՝ հանդիսությունների սրահում երեխաներն անհամբեր իրեն են սպասում։ Ի՜նչ լավ է, որ մարդիկ ուշադրություն չեն դարձնում իր վրա, այլ անցնում են անտարբեր՝ ամեն ոք իր գործին ու իր հոգսին։

Մարդը ճանապարհի մի հատվածում հարմար անկյուն փնտրեց, հապշտապ հագավ Ձմեռ պապի հանդերձանքն ու վերցնելով նվերներով ծանրաբեռնված պարկը, շարունակեց ճամփան։ Անցած տարի կարգին գումար էին խոստացել Ձմեռ պապ «աշխատելու» համար, սակայն՝ չնչին գումար վճարել։ Հիմնարկի ղեկավարի հավաստմամբ՝ այս Ամանորին բոլոր Ձմեռ պապիկներին հաճելի անակնկալ է մատուցվելու. դե, հո կատակ բան չէ՝ հինգերորդ տարին է՝ ինչ մարդկությունը ոտք է դրել նոր հազարամյակ։

«Ձմեռ պապի ոտքը խերով լինի»,- ճամփու դնելիս մրմնջաց կինն ու հիշեցրեց, որ տունդարձին հիվանդ Արտակի համար մի փոքրիկ նվեր բերի։ Տեսնես երեխայի ջերմությունն անցե՞լ է. արդեն քանի օր է՝ գամված է անկողնուն։ Բժիշկներն էլ ոնց են մտապահում այդքան անթիվ-անհամար դժվարամատչ դեղերի անունները։ Պատկառելի գումարով երեխայի համար ձեռք է բերել, բժշկի խոսքերով ասած, դեղերի ընտրանին։ Է՛հ, փողն ի՞նչ է, կգնա բանվորություն կանի. բայց որտե՞ղ՝ մտածեց մարդը և տրամադրությունը չփչացնելու համար շարունակեց կիսատ միտքը. կարևորը երեխայի առողջությունն է։

Մտքերի մեջ խորասուզված՝ մարդը չնկատեց, թե ինչպես կարճվեց ճամփան, և երբ բացվեց հանդիսությունների սրահի դուռը, երեխաները թռչունների նման ուրախ ճռվողյունով շրջապատեցին նրան և կարծես թե մրցույթի էին դուրս ելել նրանք. այնքան ոգևորությամբ էին երգում, պարում և արտասանում...

Կիսով չափ դատարկելով խաղալիքներով լի պարկը՝ Ձմեռ պապը հրաժեշտ տվեց մանչուկներին և քայլերն ուղղեց դեպի դիմացի բնակելի շենքը, որտեղ պիտի այցելեր մի քանի ընտանիքների փոքրիկներին ու նոր միայն տուն դառնար։

Շքեղ կահավորանքով բնակարանում, որտեղ կային անթիվ թանկարժեք մանկական խաղալիքներ և որը մանկական խաղալիքների խանութի տպավորություն էր թողնում, Ձմեռ պապը քիչ-ինչ նեղսրտվեց «Պահո՜, այս ընտանիքի մինուճար մանչին դժվար թե գայթակղի իմ համեստ նվերը»։ Եվ նվերը հանձնելով փոքրիկին ու արագ հեռանալով բնակարանից՝ հանգիստ շունչ քաշեց։

Շուտով Ձմեռ պապը սեղմեց նույն շենքի առաջին մուտքի հինգերորդ հարկի բնակարանի դռան զանգը։ Դուռը բացվելուն պես նրա դեմքին փչեց խմիչքի և սխտորի տհաճ հոտը։ Նրա դիմաց կանգնած էր ուռած ու կարմրած կոպերով, ճաղատ գլխով մի թիկնեղ, հարբած տղամարդ.
- Ես... Ես Ձմեռ պապն եմ,- ասաց մարդը։
- Տեսնում եմ, որ Ձմեռ պապն ես, հետո՞... Ի՞նչ ես բերել ինձ համար,- հարցրեց հարբածը։

Ձմեռ պապը չհասցրեց պատասխանել. ուժեղ հարվածից երերաց տեղում։ Երբ փոքրիշատե սթափվելուց հետո փորձեց ետ դառնալ, հարբածը խաղալիքներով պարկը խլեց նրանից և քամահրանքով նետեց. «Դե, հիմա գնա՛, Ձմեռ պա՜պ»։
Աստիճաններով իջնելիս Ձմեռ պապն անվերջ մտածում էր, թե հարբածի ինչին է պետք պարկը կամ էլ՝ ո՞վ գիտե, գուցե կարծում էր, թե այնտեղ ոգելից խմի՞չք կգտնի։ Երկրորդ հարկի միջանցքում երկու կին էին զրուցում։ Տեսնելով անհանգիստ դեմքով, այլայլված Ձմեռ պապին՝ դժվարությամբ ճամփա տվեցին նրան։

- Որտեղի՞ց հայտնվեց այս հարբեցողը, իբր թե Ձմեռ պապ է։ Ես սրա նմաններին լավ եմ ճանաչում,- կանանցից մեկի խոսքերը կարծես շատ հեռվից հասան Ձմեռ պապին։
- Ի՞նչ հարբեցող, չե՞ս տեսնում՝ փորձված գող է, չնկատեցի՞ր, ոնց էր աչք գցել քո ադամանդե ականջօղերին։ Շտապիր տուն և դուռն ամուր կողպիր,- խորհուրդ տվեց զրուցակիցը։

Բակում երեխաները ձնեմարդ էին պատրաստում։ Նկատելով բակի մեջտեղում կանգնած Ձմեռ պապիկին՝ հևավազ հասան նրան։
- Ա՜յ քեզ բան, իսկական Ձմեռ պապ է՝ միայն թե առանց պարկի,- ասաց երեխաներից ամենաավագն ու շարունակեց.- Իսկ ո՞ւր է քո խաղալիքներով պարկը, Ձմեռ պապ։ Չէ՛, դու Ձմեռ պապիկ չես, մեզ փորձում ես խաբել։

Այս խոսքերն այնքան ոգևորեցին բակի մնացյալ երեխաներին, որ ոմանք սկսեցին ձյունով խփել նրան, շատերն էլ՝ քաշքշել շորերից, մի քանիսն էլ Ձմեռ պապի գրպաններում փորձում էին նվերներ գտնել։
Մի կերպ ազատվելով երեխաների քաշքշուկից՝ մարդը քայլերն ուղղեց դեպի մոտակա զբոսայգին։ Այստեղ հաստատ իրեն ոչ ոք չի խանգարի։ Տեղավորվելով ձյունածածկ նստարանին՝ հանկարծ նրա մեջ մի անզուսպ ցանկություն առաջացավ. նա կամեցավ մի կուշտ լաց լինել։ Եվ փակելով հոգնած աչքերը՝ լռելյայն սկսեց արտասվել...

Ձմեռ պապն արտասվում էր իր կոխկրտված մարդկային արժանապատվության համար, իր հիվանդ որդու համար, որ անհամբեր սպասում է հոր գալստյանն ու նրա նվերին։ Նա արտասվում էր, որ չկարողացավ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների համար գործընկերոջից պարտքով փող վերցնել։ Նա արտասվում էր մարդկանց անտարբերության ու հոգսաշատ, անհրապույր կյանքի համար...

- Մայրիկ, նայիր՝ Ձմեռ պապն արտասվում է, խնդրում եմ, ասա՝ թող չարտասվի։ Ես լացող Ձմեռ պապ չեմ ուզում,- հանկարծ շատ մոտից լսեց անծանոթ մանչուկի ձայնը։
Եվ երբ բացեց աչքերը, դիմացը կանգնած էր մի երիտասարդ կին՝ երեխայի ձեռքից բռնած։
- Ձմեռ պապիկ, դե ասա՝ ինչո՞ւ ես լալիս,- դիմեց փոքրիկը վերջինիս։
- Է՛հ, մանչուկս, ինձ չես հասկանա։ Ձմեռ պապը աշխարհի ամենադժբախտ մարդն է,- պատասխանեց նա ու քայլեց դեպի անորոշ հեռուն...