3.10.14

Մեր միակ փրկությունը լոտոյի մեջ է


         
- Հա՞յ ես։
- Հա՛։
- Լոտո խաղո՞ւմ ես։
- Չէ՛։  
- Բա հույսդ ինչի՞ վրա ես դրել։                  
      Ժամանակակից անեկդոտ


Ամեն մարդ իր աստվածն ունի։ Մեկը երկրպագում է Քրիստոսին, մեկը՝ Եհովային, իսկ հարևանս էլ պաշտում է մեր հայրենի իշխանավորներին և նրանցից մի քանիսի մեծադիր լուսանկարները կախել է իր ննջասենյակում և գիշեր ու զօր աղոթում է նրանց կյանքի անվտանգության ու արևշատության համար։ Ի՞նչ թաքցնեմ քեզանից, սիրելի ընթերցող, իմ աստվածն էլ լոտոն է։ Չէ, այդպես մի՛ քմծիծաղիր, բարեկամս, մի ժամանակ ես էլ քեզ նման միամիտի մեկն էի, բայց այն, ինչ տեսա սեփական աչքերով, հրա՜շք է, հրաշք։

Մեր հարազատ իշխանությունը գիշեր ու տիվ տքնում, չարչարվում է մեր ժողովրդի նյութական բարեկեցության ապահովման համար, ամեն ջանք գործադրում արտագաղթի, գործազրկության, մուրացկանության և այլևայլ հիմնահարցերի լուծման ուղղությամբ, բայց դրանցից ձերբազատվել չի լինում։ Այնինչ՝ լոտոն լույս աշխարհ գալուն պես միանգամից բոլոր հարցերն էլ լուծվեցին։ Այնպես որ, սիրելի ընթերցող, մի զարմացիր՝ ես հերթով պատմեմ՝ դու լսիր։

Մի շաբաթ առաջ բարեկամս թե՝ գնում եմ Ռուսաստան՝ զավակներիս մոտ, այստեղ չեմ կարողանում ծայրը ծայրին հասցնել, և, իբր, մենք էլ մեր հայրենիքում ապագա չունենք։ Գնալուց առաջ ցանկություն հայտնեց մի երկու օր գիշերել իմ տանը։ Մի օր աշխատանքից տուն վերադառնալով, տեսա՝ շտապ օգնության բժիշկները ուրախ և զվարթ մեր տնից են դուրս գալիս։ «Վարդուհի մորքուր, էս ի՞նչ ա եղել»,- լեղաճաք դիմեցի բարեկամիս։ Սա թե՝ «Ես իմ հայրենիքից հեռացողը չեմ, շտապ զանգիր Մոսկվա, տղաս ու հարսս թող վերադառնան հայրենիք, այսքան փողն ի՞նչ պիտի անեմ, թող գան՝ մեր հայրենիքում մարդավարի ապրենք»։

Չէ՛, բան չհասկացա։ Ասացի՝ Վարդուհի մորքուր՝ մանրամասնիր... Է՜հ, ինչ պատմեմ, արմանք-զարմանք բան էր։ Վարդուհի մորքուրս մի այնպիսի մեծ գումար էր շահել՝ լեզուս չի պտտում, որ ասեմ՝ աչք կդիպչի։ Խեղճ կնոջ ճնշումն ուրախությունից բարձրացել էր։ Բա՜, բարեկամս։ Ես լոտոյի ցավը տանեմ... Հարևանուհիս հոգի աղջիկ է, հյուրասեր, սրտաբաց։ Նրա բառապաշարում «չէ»-ն տեղ չունի։ Հացի վերջին պատառն էլ կկիսի հարևանի ու անծանոթի հետ։ Ամեն օր տարբեր տարիքի տղամարդիկ են գալիս նրա տունը, գիշերները մեքենայով տանում՝ հետո էլի ետ բերում։ Այնքան են օգտագործել, ոնց որ պրակատի մաշմշված վիդեոկասետա լինի։

Մի օր չհամբերեցի, ասացի՝ Զառա ջան, այդքան երկրպագուներ ունես, ինչի՞ չես ընտրություն անում՝ մեկի հետ ամուսնանում։ Իմ Զառան էլ թե՝ «Է՜հ, մեկն իմանում ես, մեկը՝ չէ, ինձ հետ ո՞վ կամուսնանա, ես անուն հանած աղջիկ եմ, փողի համար եմ դրանց մարդատեղ դնում»։

Օրերից մի օր հարևանուհիս գոռալով մտավ մեր տուն և սկսեց պաչպչել ինձ։ Հետո էլ թե՝ «Բա չես ասի, լոտոս շահել է, մեկի փոխարեն՝ երկու «Մերսեդես»։ Վա՛հ, ա՜յ քեզ բախտ, ոնց որ հեքիաթում։ Նման բաներ միայն հնդկական ու մեքսիկաբրազիլական սերիալներում են լինում։ Աստված պահի լոտո ստեղծողներին՝ հարևանուհուս բախտը բացվեց։ Հիմա, փառք Աստծո, լոտոյի փառքը շատ՝ ամեն օր երիտասարդ տղաներ են հավաքվում մեր բակում, և մեր նրբանցքի մոտ այնպիսի հերթեր են գոյանում, որ... Զառային էլ անընդհատ շտապեցնում են, որ ընտրություն կատարի՝ իրենցից մեկի հետ ամուսնանա։ Հարևանուհիս էլ դրանց մի լավ ֆռռացնում, մատի վրա պար է ածեցնում։ Ասում է՝ մի ժամանակ իրենք են ինձ անպատվել, հիմա էլ ես պիտի դրանց ուզածիս պես ստորացնեմ։

Ա՜խ, լոտո ջան, քո զորությանը մեռնեմ, այս ի՜նչ հրաշքներ ես գործում...
Արդեն հինգերորդ օրն է՝ մի «Ջիպ» է իմ ետևից ընկել, տնից ուղեկցում է աշխատավայր, աշխատավայրից՝ տուն։ Մի օր չհամբերեցի, շրջվեցի և մի լավ նայեցի ղեկի մոտ նստած երիտասարդին, տեսա՝ ակնոցներով շատ համակրելի երիտասարդ է։ Ո՜ւխ, մտավորական է։ Զառայիս նման իմ բախտն էլ բացվեց։ Մի երեկո էլ մեքենան կանգնեցրեց թե՝ նստիր, տուն տանեմ։ Դու էլ լինեիր իմ փոխարեն, սիրելի ընթերցող, անշուշտ, կնստեիր։ Ասաց՝ ուշադիր նայիր ինձ, տե՛ս ճանաչո՞ւմ ես։ Այստեղ ես մատս կծեցի՝ ոնց որ իմ հորաքրոջ տղան է՝ Ռուսաստանից նոր է վերադարձել։

Իսկույն միտքս կարդաց, ասաց՝ չէ՛, քո բարեկամը չեմ, հիշո՞ւմ ես այն ծեր մուրացկանին, որ ամեն օր քեզանից հացի փող էր ուզում, և դու չէիր մերժում։ Ասացի՝ հա՛, ո՞նց չեմ հիշում։ Բայց տխուր զգացողություն ունեցա։ «Վա՜յ, երիտասարդ, կարող ա՞ բան է պատահել, հո չի՞ մահացել»,- անհանգստությունից վեր թռա ես։ Սա թե՝ չէ՛, այդ ծեր մուրացկանը ես եմ։ Քամահրանքով այնպե՜ս նայեցի այդ երիտասարդին. «Տնաշե՛ն, ինձ ո՞ւմ տեղ ես դրել»։ Ասացի՝ որ ինձ նայում ես, կարո՞ղ ա հիմարի տպավորություն եմ թողնում։ Ուզեցի մի լավ շշպռել նրան ու գրողի ծոցն ուղարկել։ Սա թե՝ մեկ րոպե ինձ լսիր։

Զրույցից պարզվեց, որ երիտասարդը լոտոյով մեծ գումար է շահել ու բավական հարստացել։ «Բա՛, այն ժամանակ շատ էիր ծեր,- դիմեցի իմ նոր բարեկամին,- այդ ո՞նց եղավ, որ այդպես ջահելացար»։ Սա էլ թե՝ փողի զորությանը մեռնեմ, ուրիշ ոչինչ։ Հետո էլ գրպանից մի տասը լոտո հանեց և, որպես երախտագիտության նշան, ինձ տվեց, որ, իբր, մի ժամանակ բարի աչքով էի իրեն նայել։

Ինչ երկարացնեմ, ժողովուրդ ջան, տուն հասնելուն պես իմ լավագույն բարեկամի նվիրած լոտոները դասավորեցի գրասեղանին, մի քանի մոմ վառեցի և սկսեցի աղոթել.
- Լոտո, իմ Աստված, փրկի՜ր մեր ժողովրդին, այնպես արա, որ պետբյուջեի ճեղքվածքը փակվի, մենք էլ մի լավ հարստանանք, բռունցքվենք և մեր թշնամու՝ թուրքերի հախիցը գանք։ Թե չէ՝ վերջին ժամանակներս սրանց լեզուն շատ է երկարել։ Մի գործազուրկ հարևան էլ ունեմ, աշխատանքի տեղավորվելու համար միշտ նրանից փող էի ուզում։ Նրան էլ հարստացրու... Լոտո ջան, իմ Աստված, մի բան էլ կա, ուզում եմ թաքուն ասել։ Այնպես արա, որ մեր իշխանավորները մեզանից կրկնակի անգամ հարստանան։ Նրանք որ կուշտ լինեն, մենք էլ սոված չենք լինի։ Մեղք ենք, լոտո ջան, գթա՛ մեզ, քո ցա՜վը տանեմ, մեր փրկիչը, հույսն ու ապավենը դու ես։