28.8.14

Քննադատություն քննադատության մասին


Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ինձ մշտապես հետաքրքրում է այն հարցը, թե առաջին անգամ երբ և ում հեղինակությամբ երևան եկավ «քննադատություն» հասկացությունը։
Ոմանք այն կապում են երկրում օրինականության հաստատման և ժողովրդավարացման գործընթացի աշխուժացման հետ, իսկ իմ կարծիքով, այն ժառանգել ենք խորհրդային տարիներից, մի ժամանակահատված, երբ ստորադասը վերադասի առջևից գլխարկն էր հանում, հետևից՝ լեզուն։

Բայցևայնպես, ինձ համար անհասկանալի է այն, թե ինչու են մարդիկ քննադատում միմյանց։ Եվ կամ ինչու իրենց ընդդիմադիր անվանող որոշ ուժեր, փոխանակ համախմբվելու հայրենի իշխանավորների շուրջը և քայլելու երկիրը սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս բերելու ճանապարհով, քննադատության շնորհիվ ապակայունացնում են պետության բարոյահոգեբանական մթնոլորտը։

Այսպես, օրերս հարևաններիցս տեղեկացա, որ 5-րդ հարկի հարևանիս՝ Գոռ Շապուհյանին, աշխատանքից ազատել են վերադասին զրպարտելու պատճառով։ Սկզբում մտածեցի, թե դա թյուրիմացություն է։ Բայց, ի զարմանս ինձ, տեղեկատվությունը չժխտեց նաև ինքը՝ Գոռ Շապուհյանը։ Զրույցից հայտնի դարձավ, որ այդ չարաբաստիկ օրը նա մի թեթև հարբած է եղել, այդ իսկ պատճառով գիշերային պահակի պարտականությունները կատարելիս ցուցաբերել է խիստ անխոհեմ քայլ (քնով է անցել)։

Եվ կարծես թե դա քիչ է, վերադասի երեսին հայհոյել է՝ հայտարարելով, որ նա մսխում է պետության փողերը և պետության միջոցներով ձեռք է բերել շքեղ առանձնատուն, չորս սենյականոց բնակարան, «Ջիպ» մակնիշի արտասահմանյան ավտոմեքենա, իսկ սիրուհուն էլ վճարում է պետության միջոցներից։ Ավարտելով զրույցը՝ հարևանս դիմեց ինձ.
- Դե ասա, մի՞թե իմ արարքը տմարդություն չէ։

Իմ պրակտիկայում նման դեպքեր շատ են եղել։ Եվ, չնայած հարևանիս հետ պատահած դեպքը եզակի չէ, բայց, այդուհանդերձ, նրան վերադաստիարակելու ուղղությամբ պետք է 5-օրյա ժամկետով պարապմունքներ կազմակերպեի։
Պարապմունքներից մեկ շաբաթ անց հարևանս բարձր տրամադրությամբ հայտնվեց իմ բնակարանում։

- Դեհ, պատմիր, Գոռ ջան, ինչպե՞ս հանձնեցիր քննությունդ,- դիմեցի նրան։
- Նախ՝ ներողություն խնդրեցի արարքիս և աշխատանքային պարտականություններս թերացումով կատարելու համար,- ասաց հարևանս՝ շարունակելով,- հետո էլ թե՝ Բաղդասար Սամսոնովիչ, մեր օրերում ձեզ նման ազնիվ ղեկավար ճրագի լույսով էլ չես գտնի։ Մեր հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարները մեկի փոխարեն 3-4 առանձնատուն ունեն, մի քանի ավտոմեքենա, այդքան էլ բնակարան ու սիրուհի։ Դուք ինչքան ազնիվ մարդ եք, որ դրանցից մեկական ունեք։

Հարևանիս խոսքերը վերադասի սրտով էին, և նա խորհուրդ տվեց հիմնարկի աշխատակիցներին լուսավորել սույն թեմայով և աշխատանքի ընդունելուց բացի՝ Գոռ Շապուհյանի աշխատավարձը խոստացավ բարձրացնել 10 հազար դրամով։

Սա ի՞նչ պատմություն է որ... Եթե իմ ընթերցողը շատ չի շտապում, մի դեպք էլ պատմեմ։ Բարեկամիս աղջիկը՝ Զարինեն, անցած տարի ավարտելով ժուռնալիստիկայի ֆակուլտետը, աշխատանքի է անցել հեռուստատեսությունում։ Սկզբում ոգևորությամբ էի նայում նրա հեռուստահաղորդումները, բայց հետո... Խեղճ աղջիկ, ախր, քննադատության միջոցով ո՞վ է առաջատար լրագրող դարձել, որ դու դառնաս։ Մի հեռուստահաղորդման ժամանակ թատրոնի տնօրենին է քննադատում, որ թատրոնը վերածել է ճահճի, մի օր էլ նախարարներին է «պատին սեղմում», որ ձրիակերներ են։

Օրերից մի օր էլ արտասուքն աչքերին եկավ ինձ մոտ, թե՝ «Ախր, ի՞նչ վատ բան եմ արել, համ ասում են՝ գնում ենք դեպի ժողովրդավարություն, համ էլ չեն թողնում իրերը կոչենք իրենց անուններով։ Հիմա մեր ղեկավարներից ոչ մեկը ոչ միայն չի պատասխանում իմ բարևին, այլև հրաժարվում է հարցազրույց տալ ինձ»։ Այս խոսքերից խիստ ազդվեցի և որոշեցի ինչ գնով էլ լինի, փրկել բարեկամիս աղջկա ոտնահարված պատիվը։ Ասացի. «Զառ ջան, ուզո՞ւմ ես դառնալ տարվա լավագույն լրագրողը»։ Այստեղ իմ Զառան ոչ այն է՝ վրդովված, ոչ այն է՝ զարմացած, այնպես նայեց ինձ, որ հայացքին չդիմանալով, բացելով փակագծերը՝ լակոնիկ տոնով բացատրեցի, որ դրա համար պահանջվում է երկշաբաթյա դասընթաց։

Հիշյալ ժամկետից անցավ ուղիղ մեկ ամիս։ Իմ վստահելի մարդկանցից տեղեկացա, որ Զառայի աշխատանքային հարցերում մեծ առաջընթաց է նկատվում, և որ նա արդեն լուսաբանում է երկրի խորհրդարանական կյանքը, իսկ նախարարներն ու մյուս պաշտոնյաներն էլ իրենք են խնդրում Զառային, որ հարցազրույց ունենա իրենց հետ։ Իսկ ահա, մի երկու օր անց՝ դեկտեմբերի 30-ին, երբ միացրի հեռուստացույցը, ի՞նչ տեսնեմ. իմ շնորհաշատ աշակերտուհուն՝ Զառային մրցանակ և դրամական պարգև են տալիս՝ որպես տարվա լավագույն լրագրողի։

Հիմա, այսքանից հետո, ասացեք խնդրեմ, ո՞ւմ է պետք քննադատությունը։ Մարդիկ կան, որ գնում-կանգնում են ստվերի տակ՝ թե արևը մեզ չի ջերմացնում։ Ա՛յ սիրելիներս, ախր, արևի շուրջը համախմբվեցեք, արևի... Թե չէ «քննադատություն» ասվածը տնաքանդություն է, քննադատությամբ չես կարող ընտանիք կերակրել։ Ասել է թե՝ ինչքան շատ սատարենք ու օրհնանքի խոսքեր մրմնջանք հայրենի իշխանավորներին ու մեր բարեկամներին, այնքան մեր գրպանը լիքը կլինի փողով, իսկ հոգին էլ՝ խաղաղությամբ։

Комментариев нет:

Отправить комментарий