3.10.14

Մեր միակ փրկությունը լոտոյի մեջ է


         
- Հա՞յ ես։
- Հա՛։
- Լոտո խաղո՞ւմ ես։
- Չէ՛։  
- Բա հույսդ ինչի՞ վրա ես դրել։                  
      Ժամանակակից անեկդոտ


Ամեն մարդ իր աստվածն ունի։ Մեկը երկրպագում է Քրիստոսին, մեկը՝ Եհովային, իսկ հարևանս էլ պաշտում է մեր հայրենի իշխանավորներին և նրանցից մի քանիսի մեծադիր լուսանկարները կախել է իր ննջասենյակում և գիշեր ու զօր աղոթում է նրանց կյանքի անվտանգության ու արևշատության համար։ Ի՞նչ թաքցնեմ քեզանից, սիրելի ընթերցող, իմ աստվածն էլ լոտոն է։ Չէ, այդպես մի՛ քմծիծաղիր, բարեկամս, մի ժամանակ ես էլ քեզ նման միամիտի մեկն էի, բայց այն, ինչ տեսա սեփական աչքերով, հրա՜շք է, հրաշք։

Մեր հարազատ իշխանությունը գիշեր ու տիվ տքնում, չարչարվում է մեր ժողովրդի նյութական բարեկեցության ապահովման համար, ամեն ջանք գործադրում արտագաղթի, գործազրկության, մուրացկանության և այլևայլ հիմնահարցերի լուծման ուղղությամբ, բայց դրանցից ձերբազատվել չի լինում։ Այնինչ՝ լոտոն լույս աշխարհ գալուն պես միանգամից բոլոր հարցերն էլ լուծվեցին։ Այնպես որ, սիրելի ընթերցող, մի զարմացիր՝ ես հերթով պատմեմ՝ դու լսիր։

Մի շաբաթ առաջ բարեկամս թե՝ գնում եմ Ռուսաստան՝ զավակներիս մոտ, այստեղ չեմ կարողանում ծայրը ծայրին հասցնել, և, իբր, մենք էլ մեր հայրենիքում ապագա չունենք։ Գնալուց առաջ ցանկություն հայտնեց մի երկու օր գիշերել իմ տանը։ Մի օր աշխատանքից տուն վերադառնալով, տեսա՝ շտապ օգնության բժիշկները ուրախ և զվարթ մեր տնից են դուրս գալիս։ «Վարդուհի մորքուր, էս ի՞նչ ա եղել»,- լեղաճաք դիմեցի բարեկամիս։ Սա թե՝ «Ես իմ հայրենիքից հեռացողը չեմ, շտապ զանգիր Մոսկվա, տղաս ու հարսս թող վերադառնան հայրենիք, այսքան փողն ի՞նչ պիտի անեմ, թող գան՝ մեր հայրենիքում մարդավարի ապրենք»։

Չէ՛, բան չհասկացա։ Ասացի՝ Վարդուհի մորքուր՝ մանրամասնիր... Է՜հ, ինչ պատմեմ, արմանք-զարմանք բան էր։ Վարդուհի մորքուրս մի այնպիսի մեծ գումար էր շահել՝ լեզուս չի պտտում, որ ասեմ՝ աչք կդիպչի։ Խեղճ կնոջ ճնշումն ուրախությունից բարձրացել էր։ Բա՜, բարեկամս։ Ես լոտոյի ցավը տանեմ... Հարևանուհիս հոգի աղջիկ է, հյուրասեր, սրտաբաց։ Նրա բառապաշարում «չէ»-ն տեղ չունի։ Հացի վերջին պատառն էլ կկիսի հարևանի ու անծանոթի հետ։ Ամեն օր տարբեր տարիքի տղամարդիկ են գալիս նրա տունը, գիշերները մեքենայով տանում՝ հետո էլի ետ բերում։ Այնքան են օգտագործել, ոնց որ պրակատի մաշմշված վիդեոկասետա լինի։

Մի օր չհամբերեցի, ասացի՝ Զառա ջան, այդքան երկրպագուներ ունես, ինչի՞ չես ընտրություն անում՝ մեկի հետ ամուսնանում։ Իմ Զառան էլ թե՝ «Է՜հ, մեկն իմանում ես, մեկը՝ չէ, ինձ հետ ո՞վ կամուսնանա, ես անուն հանած աղջիկ եմ, փողի համար եմ դրանց մարդատեղ դնում»։

Օրերից մի օր հարևանուհիս գոռալով մտավ մեր տուն և սկսեց պաչպչել ինձ։ Հետո էլ թե՝ «Բա չես ասի, լոտոս շահել է, մեկի փոխարեն՝ երկու «Մերսեդես»։ Վա՛հ, ա՜յ քեզ բախտ, ոնց որ հեքիաթում։ Նման բաներ միայն հնդկական ու մեքսիկաբրազիլական սերիալներում են լինում։ Աստված պահի լոտո ստեղծողներին՝ հարևանուհուս բախտը բացվեց։ Հիմա, փառք Աստծո, լոտոյի փառքը շատ՝ ամեն օր երիտասարդ տղաներ են հավաքվում մեր բակում, և մեր նրբանցքի մոտ այնպիսի հերթեր են գոյանում, որ... Զառային էլ անընդհատ շտապեցնում են, որ ընտրություն կատարի՝ իրենցից մեկի հետ ամուսնանա։ Հարևանուհիս էլ դրանց մի լավ ֆռռացնում, մատի վրա պար է ածեցնում։ Ասում է՝ մի ժամանակ իրենք են ինձ անպատվել, հիմա էլ ես պիտի դրանց ուզածիս պես ստորացնեմ։

Ա՜խ, լոտո ջան, քո զորությանը մեռնեմ, այս ի՜նչ հրաշքներ ես գործում...
Արդեն հինգերորդ օրն է՝ մի «Ջիպ» է իմ ետևից ընկել, տնից ուղեկցում է աշխատավայր, աշխատավայրից՝ տուն։ Մի օր չհամբերեցի, շրջվեցի և մի լավ նայեցի ղեկի մոտ նստած երիտասարդին, տեսա՝ ակնոցներով շատ համակրելի երիտասարդ է։ Ո՜ւխ, մտավորական է։ Զառայիս նման իմ բախտն էլ բացվեց։ Մի երեկո էլ մեքենան կանգնեցրեց թե՝ նստիր, տուն տանեմ։ Դու էլ լինեիր իմ փոխարեն, սիրելի ընթերցող, անշուշտ, կնստեիր։ Ասաց՝ ուշադիր նայիր ինձ, տե՛ս ճանաչո՞ւմ ես։ Այստեղ ես մատս կծեցի՝ ոնց որ իմ հորաքրոջ տղան է՝ Ռուսաստանից նոր է վերադարձել։

Իսկույն միտքս կարդաց, ասաց՝ չէ՛, քո բարեկամը չեմ, հիշո՞ւմ ես այն ծեր մուրացկանին, որ ամեն օր քեզանից հացի փող էր ուզում, և դու չէիր մերժում։ Ասացի՝ հա՛, ո՞նց չեմ հիշում։ Բայց տխուր զգացողություն ունեցա։ «Վա՜յ, երիտասարդ, կարող ա՞ բան է պատահել, հո չի՞ մահացել»,- անհանգստությունից վեր թռա ես։ Սա թե՝ չէ՛, այդ ծեր մուրացկանը ես եմ։ Քամահրանքով այնպե՜ս նայեցի այդ երիտասարդին. «Տնաշե՛ն, ինձ ո՞ւմ տեղ ես դրել»։ Ասացի՝ որ ինձ նայում ես, կարո՞ղ ա հիմարի տպավորություն եմ թողնում։ Ուզեցի մի լավ շշպռել նրան ու գրողի ծոցն ուղարկել։ Սա թե՝ մեկ րոպե ինձ լսիր։

Զրույցից պարզվեց, որ երիտասարդը լոտոյով մեծ գումար է շահել ու բավական հարստացել։ «Բա՛, այն ժամանակ շատ էիր ծեր,- դիմեցի իմ նոր բարեկամին,- այդ ո՞նց եղավ, որ այդպես ջահելացար»։ Սա էլ թե՝ փողի զորությանը մեռնեմ, ուրիշ ոչինչ։ Հետո էլ գրպանից մի տասը լոտո հանեց և, որպես երախտագիտության նշան, ինձ տվեց, որ, իբր, մի ժամանակ բարի աչքով էի իրեն նայել։

Ինչ երկարացնեմ, ժողովուրդ ջան, տուն հասնելուն պես իմ լավագույն բարեկամի նվիրած լոտոները դասավորեցի գրասեղանին, մի քանի մոմ վառեցի և սկսեցի աղոթել.
- Լոտո, իմ Աստված, փրկի՜ր մեր ժողովրդին, այնպես արա, որ պետբյուջեի ճեղքվածքը փակվի, մենք էլ մի լավ հարստանանք, բռունցքվենք և մեր թշնամու՝ թուրքերի հախիցը գանք։ Թե չէ՝ վերջին ժամանակներս սրանց լեզուն շատ է երկարել։ Մի գործազուրկ հարևան էլ ունեմ, աշխատանքի տեղավորվելու համար միշտ նրանից փող էի ուզում։ Նրան էլ հարստացրու... Լոտո ջան, իմ Աստված, մի բան էլ կա, ուզում եմ թաքուն ասել։ Այնպես արա, որ մեր իշխանավորները մեզանից կրկնակի անգամ հարստանան։ Նրանք որ կուշտ լինեն, մենք էլ սոված չենք լինի։ Մեղք ենք, լոտո ջան, գթա՛ մեզ, քո ցա՜վը տանեմ, մեր փրկիչը, հույսն ու ապավենը դու ես։

28.8.14

Քննադատություն քննադատության մասին


Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ինձ մշտապես հետաքրքրում է այն հարցը, թե առաջին անգամ երբ և ում հեղինակությամբ երևան եկավ «քննադատություն» հասկացությունը։
Ոմանք այն կապում են երկրում օրինականության հաստատման և ժողովրդավարացման գործընթացի աշխուժացման հետ, իսկ իմ կարծիքով, այն ժառանգել ենք խորհրդային տարիներից, մի ժամանակահատված, երբ ստորադասը վերադասի առջևից գլխարկն էր հանում, հետևից՝ լեզուն։

Բայցևայնպես, ինձ համար անհասկանալի է այն, թե ինչու են մարդիկ քննադատում միմյանց։ Եվ կամ ինչու իրենց ընդդիմադիր անվանող որոշ ուժեր, փոխանակ համախմբվելու հայրենի իշխանավորների շուրջը և քայլելու երկիրը սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս բերելու ճանապարհով, քննադատության շնորհիվ ապակայունացնում են պետության բարոյահոգեբանական մթնոլորտը։

Այսպես, օրերս հարևաններիցս տեղեկացա, որ 5-րդ հարկի հարևանիս՝ Գոռ Շապուհյանին, աշխատանքից ազատել են վերադասին զրպարտելու պատճառով։ Սկզբում մտածեցի, թե դա թյուրիմացություն է։ Բայց, ի զարմանս ինձ, տեղեկատվությունը չժխտեց նաև ինքը՝ Գոռ Շապուհյանը։ Զրույցից հայտնի դարձավ, որ այդ չարաբաստիկ օրը նա մի թեթև հարբած է եղել, այդ իսկ պատճառով գիշերային պահակի պարտականությունները կատարելիս ցուցաբերել է խիստ անխոհեմ քայլ (քնով է անցել)։

Եվ կարծես թե դա քիչ է, վերադասի երեսին հայհոյել է՝ հայտարարելով, որ նա մսխում է պետության փողերը և պետության միջոցներով ձեռք է բերել շքեղ առանձնատուն, չորս սենյականոց բնակարան, «Ջիպ» մակնիշի արտասահմանյան ավտոմեքենա, իսկ սիրուհուն էլ վճարում է պետության միջոցներից։ Ավարտելով զրույցը՝ հարևանս դիմեց ինձ.
- Դե ասա, մի՞թե իմ արարքը տմարդություն չէ։

Իմ պրակտիկայում նման դեպքեր շատ են եղել։ Եվ, չնայած հարևանիս հետ պատահած դեպքը եզակի չէ, բայց, այդուհանդերձ, նրան վերադաստիարակելու ուղղությամբ պետք է 5-օրյա ժամկետով պարապմունքներ կազմակերպեի։
Պարապմունքներից մեկ շաբաթ անց հարևանս բարձր տրամադրությամբ հայտնվեց իմ բնակարանում։

- Դեհ, պատմիր, Գոռ ջան, ինչպե՞ս հանձնեցիր քննությունդ,- դիմեցի նրան։
- Նախ՝ ներողություն խնդրեցի արարքիս և աշխատանքային պարտականություններս թերացումով կատարելու համար,- ասաց հարևանս՝ շարունակելով,- հետո էլ թե՝ Բաղդասար Սամսոնովիչ, մեր օրերում ձեզ նման ազնիվ ղեկավար ճրագի լույսով էլ չես գտնի։ Մեր հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարները մեկի փոխարեն 3-4 առանձնատուն ունեն, մի քանի ավտոմեքենա, այդքան էլ բնակարան ու սիրուհի։ Դուք ինչքան ազնիվ մարդ եք, որ դրանցից մեկական ունեք։

Հարևանիս խոսքերը վերադասի սրտով էին, և նա խորհուրդ տվեց հիմնարկի աշխատակիցներին լուսավորել սույն թեմայով և աշխատանքի ընդունելուց բացի՝ Գոռ Շապուհյանի աշխատավարձը խոստացավ բարձրացնել 10 հազար դրամով։

Սա ի՞նչ պատմություն է որ... Եթե իմ ընթերցողը շատ չի շտապում, մի դեպք էլ պատմեմ։ Բարեկամիս աղջիկը՝ Զարինեն, անցած տարի ավարտելով ժուռնալիստիկայի ֆակուլտետը, աշխատանքի է անցել հեռուստատեսությունում։ Սկզբում ոգևորությամբ էի նայում նրա հեռուստահաղորդումները, բայց հետո... Խեղճ աղջիկ, ախր, քննադատության միջոցով ո՞վ է առաջատար լրագրող դարձել, որ դու դառնաս։ Մի հեռուստահաղորդման ժամանակ թատրոնի տնօրենին է քննադատում, որ թատրոնը վերածել է ճահճի, մի օր էլ նախարարներին է «պատին սեղմում», որ ձրիակերներ են։

Օրերից մի օր էլ արտասուքն աչքերին եկավ ինձ մոտ, թե՝ «Ախր, ի՞նչ վատ բան եմ արել, համ ասում են՝ գնում ենք դեպի ժողովրդավարություն, համ էլ չեն թողնում իրերը կոչենք իրենց անուններով։ Հիմա մեր ղեկավարներից ոչ մեկը ոչ միայն չի պատասխանում իմ բարևին, այլև հրաժարվում է հարցազրույց տալ ինձ»։ Այս խոսքերից խիստ ազդվեցի և որոշեցի ինչ գնով էլ լինի, փրկել բարեկամիս աղջկա ոտնահարված պատիվը։ Ասացի. «Զառ ջան, ուզո՞ւմ ես դառնալ տարվա լավագույն լրագրողը»։ Այստեղ իմ Զառան ոչ այն է՝ վրդովված, ոչ այն է՝ զարմացած, այնպես նայեց ինձ, որ հայացքին չդիմանալով, բացելով փակագծերը՝ լակոնիկ տոնով բացատրեցի, որ դրա համար պահանջվում է երկշաբաթյա դասընթաց։

Հիշյալ ժամկետից անցավ ուղիղ մեկ ամիս։ Իմ վստահելի մարդկանցից տեղեկացա, որ Զառայի աշխատանքային հարցերում մեծ առաջընթաց է նկատվում, և որ նա արդեն լուսաբանում է երկրի խորհրդարանական կյանքը, իսկ նախարարներն ու մյուս պաշտոնյաներն էլ իրենք են խնդրում Զառային, որ հարցազրույց ունենա իրենց հետ։ Իսկ ահա, մի երկու օր անց՝ դեկտեմբերի 30-ին, երբ միացրի հեռուստացույցը, ի՞նչ տեսնեմ. իմ շնորհաշատ աշակերտուհուն՝ Զառային մրցանակ և դրամական պարգև են տալիս՝ որպես տարվա լավագույն լրագրողի։

Հիմա, այսքանից հետո, ասացեք խնդրեմ, ո՞ւմ է պետք քննադատությունը։ Մարդիկ կան, որ գնում-կանգնում են ստվերի տակ՝ թե արևը մեզ չի ջերմացնում։ Ա՛յ սիրելիներս, ախր, արևի շուրջը համախմբվեցեք, արևի... Թե չէ «քննադատություն» ասվածը տնաքանդություն է, քննադատությամբ չես կարող ընտանիք կերակրել։ Ասել է թե՝ ինչքան շատ սատարենք ու օրհնանքի խոսքեր մրմնջանք հայրենի իշխանավորներին ու մեր բարեկամներին, այնքան մեր գրպանը լիքը կլինի փողով, իսկ հոգին էլ՝ խաղաղությամբ։

25.8.14

Մասնագետը


Ամեն մարդ ունի մեկ մասնագիտություն. մեկն իրավաբան է, մյուսը՝ մանկավարժ, երրորդը՝ բժիշկ, չորրորդը՝ տնտեսագետ... Բայց շրջապատում միշտ էլ կարելի է հանդիպել մարդկանց, որոնք թեպետ զուրկ են նշյալ մասնագիտություններից կամ էլ նշյալ մասնագիտությունների համակարգում չեն կայացել իբրև մասնագետ, բայց մեկ այլ ոլորտում, որը շատերի թյուր կարծիքով, բնավ էլ մասնագիտություն չէ, կայացել են որպես բարձրորակ մասնագետ։

Տիկին Ազնիվը մասնագետ է «բամբասող-զրպարտիչ» մասնագիտության գծով։ Այ, հիմա շատերը կպնդեն, թե նման մասնագիտություն չիք, գոյություն չունի։ Իսկ իմ խորին համոզմամբ՝ նման մասնագիտություն կա, և մարդիկ աշխատավարձ ստանում են հենց այդ աշխատանքի դիմաց։

Արդեն քանի տարի է՝ տիկին Ազնիվն աշխատում է N հիմնարկում, բայց ոչ ոք չգիտի, թե որն է նրա հիմնական աշխատանքը, բացի մարդկանց բամբասելուց և զրպարտելուց։ Ավելին՝ նա բամբասանքի գծով քայլող հանրագիտարան է։ Ասում են՝ նա խնամքով պահում է իր բոլոր ղեկավարների «դոսիեները» և գիշերներն ամուսնուց ծածուկ վեր է կենում անկողնուց՝ գրառումներ կատարում, վերադասների կենսագրության հետ կապված որևէ դեպք, մասնավորապես, ներանձնական կյանքը բնորոշող որևէ դրվագ մոգոնում, որից հետո հանգիստ խղճով Մորփեոսի գիրկը նետվում։

Տիկին Ազնիվը բամբասում է բոլորին՝ հերթով, առաջին հերթին, բամբասանքի թիրախ դարձնելով հիմնարկի աշխատողներին։ Վա՛յ նրան, ով կհանդգնի ասել, որ հիմնարկի աշխատողներից մեկը կամ գեղեցիկ է, կամ էլ մոդայիկ զգեստ է հագել։ «Տես ոնց է հաճոյախոսում, անմակարդակ, ախր չես տեսնում՝ քո այդ գեղեցկուհու հոնքերից մեկը բարձր է, մյուսը՝ ցածր»,- հոխորտում է նա։

Գեղեցիկ կանայք և տղամարդիկ նրա աչքին անպատկառ են ու անբարո։ Տիկին Ազնիվն ընդգծված հակակրանք ունի աշխարհի, մարդկանց, հատկապես՝ գեղեցկության հանդեպ։ Գեղեցիկը խիստ նյարդայնացնում է նրան։ Երբ նրա ներկայությամբ խոսք է բացվում հաճելի արտաքինով որևէ կնոջ մասին, մի կերպ զսպելով վրդովմունքը‘ ծկլթում է. «Անբարոյական է, չե՞ք լսել, այսինչ-այսինչյանի հետ է»։

Եվ երբ հիմնարկի աշխատողները փորձում են հակաճառել, ընդամենը հաշված րոպեների ընթացքում «համոզիչ փաստերով» մի այնպիսի հեքիաթ է մոգոնում վերջինիս զրպարտելու ուղղությամբ, որ զրուցակիցները շատ դեպքերում իրենց անտեղյակության համար ներողություն են խնդրում նրանից։ Աշխարհում դեռ չի ստեղծվել մի այնպիսի սարք, որը կարող է պարզել անձնական երջանկությունը գտած այս տիկնոջ չարության և դաժանության պատճառը։

Եթե փողոցում անցորդների շրջանում որևէ մեկը, ասենք թե՝ փորձելու լինի անցկացնել հարցում՝ պարզելու փողոցի մայթին վեր խոյացած բարդի ծառի անթերի գեղեցկությունը, և եթե հարցմանը մասնակցած 50 անձանցից մեկի կողմից բացասական պատասխան հնչի, այդ մեկն անպայման տիկին Ազնիվը պիտի լինի։ Աստված մի արասցե, եթե տունդարձի ճանապարհին պատահաբար հանդիպի գեղեցիկ արտաքինով համակրելի երիտասարդների։

Նման պահերին նյարդայնությունից քարանում է. ձեռքը տանում դեպի սիրտը, իսկ հաջորդ պահին արդեն վերագտնելով իրեն, մտովի երևակայական պատկերներ է ստեղծում անծանոթների մարմինների վրա, երիտասարդ տղայի գլխին պատկերում է եղջյուրներ, իսկ աղջկան՝ խոշոր ականջներով։ Եվ այս երևակայական պատկերներից ոգևորվելով, երանությունից ժպտում ու շարունակում է ճամփան։

Այսպես, տարիներ շարունակ նա աշխատանքի է գալիս գորշ տրամադրությամբ՝ չարության դրոշմը դեմքին և աջ ու ձախ զրպարտելով ծանոթ-անծանոթներին, օրվա՝ իր մեջ կուտակված մաղձը թափելուց հետո լիցքաթափվում է և պայծառ տրամադրությամբ վերադառնում ընտանիքի գիրկը։

Օրերից մի օր ահա թե ինչ պատահեց։ Աշխատանքային օրվա ավարտից հետո, երբ մեր այս հրաշք տիկինը պայծառ տրամադրությամբ տուն էր դառնում, հանկարծ անսպասելի սկսեց անձրև հորդալ։ Տիկին Ազնիվը, որը եղանակի հմուտ գիտակ էր, այդ օրն անձրևանոցը թողել էր տանը, ուստի, ստիպված էր կանգառում երթուղային տաքսու սպասել։ Տաքսին ուշանում էր, ուղևորների թիվը՝ մեծանում։ Կանգառում երկու տղա սիրահետում էին մի աղջկա։ Նրանք այնքան բարձր էին խոսում, որ վերջինս ստիպված էր որոշ պատառիկներ քաղել նրանց զրույցից։

«Դուք գեղեցիկ աչքեր ունեք»,- ասաց տղաներից մեկն աղջկան։ Այս խոսքերի վրա մեր տիկինը շրջվեց և ի՞նչ տեսնի՝ հետևում կանգնած էր մի կատարյալ գեղեցկուհի։ Տիկնոջ դեմքը խոժոռվեց չարությունից ու ատելությունից։ Նա շրջվեց, որ մեկ-երկու ռեպլիկ շպրտի վերջիններիս, բայց մյուս պահին անսպասելի սայթաքեց ու ընկավ։ Երբ աչքերը բացեց, պառկած էր հիվանդանոցում։

Գլխավերևում սպիտակ խալաթավորներ էին՝ բժիշկն ու բուժքույրը։ Փոխելով տիկին Ազնիվի դեմքի վիրակապը՝ նրանք կամացուկ փսփսում էին. «Գեղեցիկ մազեր ունես՝ ոնց որ սև սաթ»,- շշնջաց բժիշկը բուժքրոջը։ «Չէ մի՝ սև սաթ, նրա մազերը ներկած են»,- հանկարծ, կարծես շատ հեռվից, լսվեց տիկին Ազնիվի ձայնը։ Իսկ դա, հավատացեք, հիվանդանոցում գտնվելու պահից նրա բերանից թռած առաջին խոսքերն էին։

Ահա այսպիսին է տիկին Ազնիվը։ Նա անփոխարինելի մասնագետ է։ Դա քաջ գիտակցում են հիմնարկի բոլոր աշխատողներն էլ։ Ահա ուղիղ մի շաբաթ է՝ նա բացակայում է հիմնարկից, և գործընկերներն էլ կատակախառն պատմություններ են հորինում նրա մասին։ Ասում են, որ եթե, աստված մի արասցե, ճակատագիրը չար խաղ խաղա հրեշտականման այս տիկնոջ հետ, նրա դագաղի կափարիչի վրա անպայման պետք է անցք բացել տան, որպեսզի ամեն Աստծո օր հաղորդակցվի երկրային կյանքի անցուդարձին, և այն՝ իր իսկ մեկնաբանություններով՝ հասցնի ննջեցյալներին։ Չէ, իսկապես, հրաշք կին է մեր այս տիկինը, նրա նման մասնագետ, հավատացեք, մեր այս փոքրիկ քաղաքում ճրագով անգամ չես գտնի։

27.7.14

ԱՄԱՆՈՐԻ ՆՎԵՐՆԵՐ


Ճանապարհը երկար է ու հոգնեցուցիչ։
Մարդը կանգ առավ տեղում, պարկը դրեց ճամփամիջին և շտկելով մեջքը՝ հայացքն ուղղեց հեռուները։ Հավանաբար, մի 10-15 րոպեից տեղ կհասնի։ Հիմա երևի տոնածառի շուրջը բոլորած՝ հանդիսությունների սրահում երեխաներն անհամբեր իրեն են սպասում։ Ի՜նչ լավ է, որ մարդիկ ուշադրություն չեն դարձնում իր վրա, այլ անցնում են անտարբեր՝ ամեն ոք իր գործին ու իր հոգսին։

Մարդը ճանապարհի մի հատվածում հարմար անկյուն փնտրեց, հապշտապ հագավ Ձմեռ պապի հանդերձանքն ու վերցնելով նվերներով ծանրաբեռնված պարկը, շարունակեց ճամփան։ Անցած տարի կարգին գումար էին խոստացել Ձմեռ պապ «աշխատելու» համար, սակայն՝ չնչին գումար վճարել։ Հիմնարկի ղեկավարի հավաստմամբ՝ այս Ամանորին բոլոր Ձմեռ պապիկներին հաճելի անակնկալ է մատուցվելու. դե, հո կատակ բան չէ՝ հինգերորդ տարին է՝ ինչ մարդկությունը ոտք է դրել նոր հազարամյակ։

«Ձմեռ պապի ոտքը խերով լինի»,- ճամփու դնելիս մրմնջաց կինն ու հիշեցրեց, որ տունդարձին հիվանդ Արտակի համար մի փոքրիկ նվեր բերի։ Տեսնես երեխայի ջերմությունն անցե՞լ է. արդեն քանի օր է՝ գամված է անկողնուն։ Բժիշկներն էլ ոնց են մտապահում այդքան անթիվ-անհամար դժվարամատչ դեղերի անունները։ Պատկառելի գումարով երեխայի համար ձեռք է բերել, բժշկի խոսքերով ասած, դեղերի ընտրանին։ Է՛հ, փողն ի՞նչ է, կգնա բանվորություն կանի. բայց որտե՞ղ՝ մտածեց մարդը և տրամադրությունը չփչացնելու համար շարունակեց կիսատ միտքը. կարևորը երեխայի առողջությունն է։

Մտքերի մեջ խորասուզված՝ մարդը չնկատեց, թե ինչպես կարճվեց ճամփան, և երբ բացվեց հանդիսությունների սրահի դուռը, երեխաները թռչունների նման ուրախ ճռվողյունով շրջապատեցին նրան և կարծես թե մրցույթի էին դուրս ելել նրանք. այնքան ոգևորությամբ էին երգում, պարում և արտասանում...

Կիսով չափ դատարկելով խաղալիքներով լի պարկը՝ Ձմեռ պապը հրաժեշտ տվեց մանչուկներին և քայլերն ուղղեց դեպի դիմացի բնակելի շենքը, որտեղ պիտի այցելեր մի քանի ընտանիքների փոքրիկներին ու նոր միայն տուն դառնար։

Շքեղ կահավորանքով բնակարանում, որտեղ կային անթիվ թանկարժեք մանկական խաղալիքներ և որը մանկական խաղալիքների խանութի տպավորություն էր թողնում, Ձմեռ պապը քիչ-ինչ նեղսրտվեց «Պահո՜, այս ընտանիքի մինուճար մանչին դժվար թե գայթակղի իմ համեստ նվերը»։ Եվ նվերը հանձնելով փոքրիկին ու արագ հեռանալով բնակարանից՝ հանգիստ շունչ քաշեց։

Շուտով Ձմեռ պապը սեղմեց նույն շենքի առաջին մուտքի հինգերորդ հարկի բնակարանի դռան զանգը։ Դուռը բացվելուն պես նրա դեմքին փչեց խմիչքի և սխտորի տհաճ հոտը։ Նրա դիմաց կանգնած էր ուռած ու կարմրած կոպերով, ճաղատ գլխով մի թիկնեղ, հարբած տղամարդ.
- Ես... Ես Ձմեռ պապն եմ,- ասաց մարդը։
- Տեսնում եմ, որ Ձմեռ պապն ես, հետո՞... Ի՞նչ ես բերել ինձ համար,- հարցրեց հարբածը։

Ձմեռ պապը չհասցրեց պատասխանել. ուժեղ հարվածից երերաց տեղում։ Երբ փոքրիշատե սթափվելուց հետո փորձեց ետ դառնալ, հարբածը խաղալիքներով պարկը խլեց նրանից և քամահրանքով նետեց. «Դե, հիմա գնա՛, Ձմեռ պա՜պ»։
Աստիճաններով իջնելիս Ձմեռ պապն անվերջ մտածում էր, թե հարբածի ինչին է պետք պարկը կամ էլ՝ ո՞վ գիտե, գուցե կարծում էր, թե այնտեղ ոգելից խմի՞չք կգտնի։ Երկրորդ հարկի միջանցքում երկու կին էին զրուցում։ Տեսնելով անհանգիստ դեմքով, այլայլված Ձմեռ պապին՝ դժվարությամբ ճամփա տվեցին նրան։

- Որտեղի՞ց հայտնվեց այս հարբեցողը, իբր թե Ձմեռ պապ է։ Ես սրա նմաններին լավ եմ ճանաչում,- կանանցից մեկի խոսքերը կարծես շատ հեռվից հասան Ձմեռ պապին։
- Ի՞նչ հարբեցող, չե՞ս տեսնում՝ փորձված գող է, չնկատեցի՞ր, ոնց էր աչք գցել քո ադամանդե ականջօղերին։ Շտապիր տուն և դուռն ամուր կողպիր,- խորհուրդ տվեց զրուցակիցը։

Բակում երեխաները ձնեմարդ էին պատրաստում։ Նկատելով բակի մեջտեղում կանգնած Ձմեռ պապիկին՝ հևավազ հասան նրան։
- Ա՜յ քեզ բան, իսկական Ձմեռ պապ է՝ միայն թե առանց պարկի,- ասաց երեխաներից ամենաավագն ու շարունակեց.- Իսկ ո՞ւր է քո խաղալիքներով պարկը, Ձմեռ պապ։ Չէ՛, դու Ձմեռ պապիկ չես, մեզ փորձում ես խաբել։

Այս խոսքերն այնքան ոգևորեցին բակի մնացյալ երեխաներին, որ ոմանք սկսեցին ձյունով խփել նրան, շատերն էլ՝ քաշքշել շորերից, մի քանիսն էլ Ձմեռ պապի գրպաններում փորձում էին նվերներ գտնել։
Մի կերպ ազատվելով երեխաների քաշքշուկից՝ մարդը քայլերն ուղղեց դեպի մոտակա զբոսայգին։ Այստեղ հաստատ իրեն ոչ ոք չի խանգարի։ Տեղավորվելով ձյունածածկ նստարանին՝ հանկարծ նրա մեջ մի անզուսպ ցանկություն առաջացավ. նա կամեցավ մի կուշտ լաց լինել։ Եվ փակելով հոգնած աչքերը՝ լռելյայն սկսեց արտասվել...

Ձմեռ պապն արտասվում էր իր կոխկրտված մարդկային արժանապատվության համար, իր հիվանդ որդու համար, որ անհամբեր սպասում է հոր գալստյանն ու նրա նվերին։ Նա արտասվում էր, որ չկարողացավ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների համար գործընկերոջից պարտքով փող վերցնել։ Նա արտասվում էր մարդկանց անտարբերության ու հոգսաշատ, անհրապույր կյանքի համար...

- Մայրիկ, նայիր՝ Ձմեռ պապն արտասվում է, խնդրում եմ, ասա՝ թող չարտասվի։ Ես լացող Ձմեռ պապ չեմ ուզում,- հանկարծ շատ մոտից լսեց անծանոթ մանչուկի ձայնը։
Եվ երբ բացեց աչքերը, դիմացը կանգնած էր մի երիտասարդ կին՝ երեխայի ձեռքից բռնած։
- Ձմեռ պապիկ, դե ասա՝ ինչո՞ւ ես լալիս,- դիմեց փոքրիկը վերջինիս։
- Է՛հ, մանչուկս, ինձ չես հասկանա։ Ձմեռ պապը աշխարհի ամենադժբախտ մարդն է,- պատասխանեց նա ու քայլեց դեպի անորոշ հեռուն...

24.9.11

ՈՉ ԹԵ ԱՍՈՒՊ, ԱՅԼ ՓԱՅԼՈՒՆ ԱՍՏՂ

Հուլիսի 17-ին ՆՎԱՐԴ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ ծննդյան օրն է։ Երկրորդ տարին է, սակայն, որ նրա հարազատները, ընկերներն ու բարեկամներն այդ օրը նշելու են շնորհալի լրագրողի բացակայությամբ։ Նրա մահից հետո լույս տեսած անկրկնելի հումորով ու հայրենիքի ներկայի հանդեպ խոր ցավով գրված «Ամանորի նվերներ» համեստ գրքույկի մասին է սույն հոդվածը։
«Թող ես լինեմ փայլատակող ասուպ, քան հավերժական, բայց քնկոտ մոլորակ»։ Փթթուն հասակում կյանքից հեռացած, տաղանդի շեշտադրումով լրագրական և գրական ասպարեզ մտած Նվարդ Օհանջանյանի գրառումն է, որ նա եղբոր՝ գրող Վարդգես Օվյանի վկայությամբ թողել է իր նոթատետրում։ Փայլատակող ասուպ... Ո՛չ, Նվարդն ավելին եղավ իր կարճ կյանքով, իր թեև կարճ, բայց գնահատանքի արժանի գործունեությամբ։

Ինչի՞ն էր պետք Նվարդ Օհանջանյանին լինել փայլատակող ասուպ և ոչ թե քնկոտ մոլորակ։ Ահա հենց սրանում է, որ ես նմանության եզրեր եմ տեսնում նրա և վաղամեռիկ մեծ լիրիկ ու դասական Պետրոս Դուրյանի միջև։ Մահվան հետ անհավասար մաքառման մեջ մտած պատանուն սոսկ ապրելու տենչը չէր մղում գոտեմարտի մեջ մտնելու իր ամոքման չենթակա հիվանդության հետ, այլև «հեք մարդկության մեկ ոստը գոս» հանդիսացող հայրենիքին սատար լինելու բաղձանքը.
Չօգնած անոր՝ մեռնել աննշան,
Օ՜հ, այս է սոսկ ցավ ինձ համար։

Նվարդը ստեղծագործական ուղի մտավ, երբ մեր կյանքում, լինի քաղաքական թե սոցիալ-տնտեսական, տեղի էին ունեցել խոր վերափոխումներ ու տեղաշարժեր, որոնց անկառավարելությունը մարդկանց մեջ ծնում էր սեփական յուղում տապակվելու, անձնական շահը հանրայինից վեր դասելու, գռփելու, դոլարային արժեքներով հղփանալու, դիմացինի անզորության հանդեպ անտարբեր լինելու մղում ու գործելակերպ։ Ճիշտ ու ճիշտ վերածնունդ էին ապրում Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածաշարի հերոսների ժամանակակից կերպարները։

Նոր, թարմ խոսք էր պետք մերժելու հոռին, մեր վեհագույն իղձերի ճանապարհին մոլախոտի պես բազմացող բարքերը։ Հեշտ խնդիր չէր, քանի որ «նորի» ի հայտ գալը շատերի կողմից ներկայացվում էր որպես բնականոն ընթացք, որը և տեսանելի հորիզոնում մեզ պետք է հասցնի երանելի ափը։
Սուր աչք, խորազնին դիտողականություն էին պետք նոր երևույթների ճիշտ գնահատման համար։ Եվ նաև խիզախություն, քանի որ «նորի» ջատագովները պատենավորված էին ժամանակի իշխանավորների պաշտպանությամբ։ Եվ քչերը, ավելի ճիշտ կլինի ասել՝ եզակիները, համարձակվեցին գնալ հոսանքին դեմ, վկայելու, որ ընտրված ուղղությունը մեզ ոչ թե դեպի բարձունք, այլ դեպի վիհ ու խորխորատ է տանում։

Այդպիսիներից մեկն էլ եղավ հենց նոր գրական ասպարեզ ոտք դրած, ետևում հասուն փորձ չունեցող Նվարդ Օհանջանյանը։ Ռիսկ կար նրա ընտրության մեջ, բայց կար և հաջողության հասնելու հավատ, քանի որ տաղանդաշատ, գրական լուրջ արժեքներ թողած հոր՝ Վազգեն Օվյանի գեների ներկայությունն էր զգում իր երակներում և յուրացրել էր ոչ քիչ նշանավոր երգիծաբանների արվեստը։ Զոշչենկոյին սերտել էր, ինչպես օրինավոր աշակերտն իր հերթական դասը։

Ուղղակի զարմացնում է Նվարդի կենսազգացողությունը, «ժամանակի շունչը» կռահելու նրա հնարամտությունը։ Հետխորհրդային շրջանում մի բնագավառ, որ բուռն, աննախադեպ աճ վերապրեց, դա խանութաշինությունն է։ Առաջադիմությո՞ւն է, եվրոպական ստանդարտի կիրառո՞ւմ։ Կան այնպիսիները, որ այդպես են դատում։ Նրանց ի՞նչ, թե մեր անհարկի ուռճացված առևտրի համակարգում մեր հազարավոր քաղաքացիներ ոչ թե հանրօգուտ աշխատանքով, այլ չարչիությամբ են զբաղված։

Այո՛, բեկումնային շրջադարձ է տեղի ունեցել մեր ամենօրյա կյանքում։ Խանութների առատությամբ չէ, որ մենք պետք է առաջ ընթանանք։ Մեր ձեռքը, թող կոշտացած, պետք է բանուկ լինի, մեր ամեն մի քաղաքացի պետք է իր աշխատանքն ունենա, հանուրով պետք է այնքան ապրանք թողարկենք, որ կարողանանք, եթե ոչ լիովին, ապա գոնե իր զգալի մասով մեր ներկրածի և դուրս բերածի տարբերությունը հասցնել այն աստիճանի, որ մեր երեք միլիարդ դոլարը, բաղկացած մեծամասամբ արտերկրներից մեզ՝ որպես օգնություն ուղարկված փոխանցումներից, չգնա ապաստանի օտար ափերում, ծառայի մեր և ոչ թե օտարի բարեկեցությանը։
Մենք հայերենի մեր բառապաշարում ունենք այսպիսի իրավիճակի գնահատման համարժեք բառ՝ հիմնահարց, որի լուծումը պետք է լինի մեր մշտական տեսադաշտում։ Բայց ոչ մեկը մյուսին հաջորդող պաշտոնական հավաքներում և ոչ էլ մեր մամուլում այդ մասին նույնիսկ չի հիշատակվում։

Նվարդ Օհանջանյանն այն հազվագյուտ լրագրողներից էր, որ չընկրկեց անդրադառնալու համարյա թաքստոցային դարձած այդ հարցին։ Հատկապես արժեքավոր է նրա «Լավ ժամանակներ» երգիծապատումը։ Ոչ մի բիծ չունեցող ստեղծագործական հրաշալի կտավ՝ հյուսված կենսական հյութով և լեզվաոճական նրբագույն երանգներով։

Արտաքինից վաճառորդի և գնորդի փոխհարաբերության հարցն է նրանում դրված դիտարկման։ Գնորդին ուղղակի հիացնում են խանութի չափերն ու մթերքների առատությունը. «Մտնում ես խանութ և մթերքների առատությունից մի պահ շվարում, մոռանալով, թե ինչու ես հայտնվել այստեղ»։ Վաճառողուհիներն էլ բոլորովին նման չեն միամիտ ու անգետ Գիքորին։ Գեղեցկուհիներ, հմայիչ աղջիկներ են և սկի էլ գիքորյան «Էստի՜ համեցեք, էստի՜ համեցեք»-ով չեն դիմավորում գնորդին, այլ իրենց հայիլ-մայիլով, իրենց բնածին և արհեստական հրապուրանքներով ու պաճուճանքներով։

Հետո պարզվում է, որ աղջիկների այս «որսը» եզակի երևույթ չէ. հարևան խանութներում էլ վաճառողուհիները պակաս վայելչակազմ, նազ ու տուզով չեն, պատրաստ հարգալից ժպիտով, կոտրակվելով, փաղաքուշով սպասարկելու քեզ։ Հեղինակը ծալք-ծալք իր միտքը հանգեցնում է գլխավորին՝ մեր շրջապատում տիրող վարքն ու բարքը ոչ թե հարստացնում, այլ սնանկացնում են մարդու հոգեկանը, սահմանափակում նրա մտավոր զարգացման հնարավորությունները։ Տվյալ պարագայում վաճառողուհիներին ներքին ձայնը չէ մղում նմանակերպվել թաքստոց-պուլտից ղեկավարվող մանեկենի, այլ ավելի շատ ապրանք իրացնելու, դրանով իսկ իր տնօրենի համակրանքին արժանանալու ձգտումը։
Քայլ առ քայլ խտանում են մարդու հոգեկան աշխարհի աղարտման, նրա ինտելեկտուալ հետաքրքրությունների ներփակվածության պատկերման գույները։ Գրախանութները, որ մի ժամանակ մեկը, երկուսը չէ, որ կային Ստեփանակերտում և ուր գրքեր ձեռք բերելու համար հերթեր էին գոյանում, հիմա չքացել, վերացել են, փոխարինվել առևտրի և ժամանակի նոր պահանջներին հարիր այլ օջախներով։

Տխուր, թախծալի իրավիճակ։ Եվ հեղինակի խոսքը դառնում է առավել սուր, մինչև իսկ՝ պամֆլետային։ Ինքը՝ հեղինակն է ըմբոստանում մեզ դեպի խավարամոլություն տանողների դեմ, բայց իր ձայնը գերադասում է տալ մերօրյա քաղքենուն, «նորամուծությանը» համակերպվածին. «Ասացեք, խնդրեմ, մեր ինչի՞ն է պետք գեղարվեստական կամ գիտական գրականությունը, երբ ընթերցանության փոխարեն կարելի է դիտել մեքսիկաբրազիլական դյուրամարս ու սրտաշարժ հեռուստասերիալներ։ Հետո էլ այդ գրողներն ու բանաստեղծները ձևի հետևից ընկնելով՝ այնպես բարդ ու դժվարամարս բառեր են գործածում, որ դյուրությամբ չես ըմբռնում գրածը»։

Ն. Օհանջանյանին խորթ է օտարամոլությունը։ Հատկապես մտահոգիչ է անգլերենի ոչ արդարացված մուտքը մեր կենցաղը։ Առևտրի, կենցաղի օջախ է՝ մի էլ մտածիր, թե հայկական անուն կունանա։ Միայն ու միայն անգլիական, իբր թե եկվոր կանչող և ոչ թե վանող։ Ինչ հայերենը դարձել է պետական լեզու,- կարդում ենք պատմվածքում,- մեր երիտասարդությունն սկսել է անգլերեն բլբլացնել։ Բայց ո՞վ է նրանց մեղադրում, համակարգչի լեզուն պիտի հասկանա՞լ, թե՞ ոչ... Հետո էլ, նկատել եմ, մեկ-մեկ մարդիկ տրտնջում են, որ մեր հայ երգիչ-երգչուհիները անգլերենով են երգում։ Այդտեղ էլ մի վատ բան չեմ տեսնում. նախ «Ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես» կարգախոսը բոլորի համար է, հետո էլ՝ այդ անգլիացիներն ու ամերիկացիները թող նախանձից պայթեն ու համոզվեն, որ անգլերենը միայն իրենց լեզուն չէ, և թե կարող են՝ թող իրենք էլ հայերեն երգեն»։

Գրքում զետեղված լավագույն հրապարակումներից մեկն էլ «Կրիտիկական պահեր հեռուստաէկրանին» հումորեսկն է։ Այն, ինչպես և հեղինակի այլ գործեր, կառուցված է այլաբանության հիման վրա։ Սյուժեն հեռուստատեսային գովազդի դերն է մեր կյանքում։ Նվարդ Օհանջանյանը «սրբացնում», «աստվածացնում» է գովազդը, օրհնում այն օրն ու ժամը, երբ այն առաջին անգամ մուտք գործեց հեռուստատեսություն։ Միամիտ ընթերցողը կարող է կարծել, թե հեղինակը համակրանքով է վերաբերվում գովազդին։ Իրականում ամբողջ տեքստը մերժողական բնույթ ունի, քանի որ կեղծիքից ու ստից կազմված գովազդի նպատակը նրա պատվիրատուի շահն է։

Շահը ստիպում է դիմել հնարամիտ միջոցների, այդ թվում և՝ ապրանքատեսակների անվանմանը, այսպես կոչված, նշանավոր մարդկանց անուններով։ Ըստ հումորեսկի՝ մեզ մոտ և Հայաստանում այդպիսի պատվի արժանանում է Աշոտ Ղազարյանը. «Աշոտ Ղազարյան» օղի, «Աշոտ Ղազարյան» լոտո, «Աշոտ Ղազարյան» կինձմինձուկ։ «Խե՜ղճ Աշոտ,- եզրակացնում է հեղինակը,- եթե այսպես շարունակվի, ապա, Աստված մի արասցե, մեկ էլ տեսար հերթը հասավ «Pampers»-ին...»։

Նոր կարգերն իրենց հետ բերել են անհամաչափություններ, սոցիալական խիստ բևեռացում։ Հազարավորները ապահովված չեն աշխատանքով, մուրացկանությունը, որի հետքերը անցյալում չկային, գլուխ է բարձրացրել։ Եվ այս ամենի պատճառը համարվում է «անցումային շրջանը»։

Ն. Օհանջանյանի «Անցումային շրջան» հումորեսկի հերոսները, ամեն մեկը յուրովի, ըստ իր ճակատագրի, այդպես էլ վարվում են։ Ծննդատան բուժքույրը նոր ծնված երեխայի հորն է փնտրում «աչքալուսանքի» համար, բայց հայտնվում է ծննդականի մայրն ու ասում, որ երեխան պատկանում է հասարակությանը, քանի որ «իր աղջիկը միանգամից չորս տղայի հետ է մտերմություն արել»։ Մի ուրիշ կին, հազիվ 25 տարեկան, ամուսնանում է 70-ին մոտ մի ալևորի հետ, քանի որ նա «վատ թեկնածու չէ», մեքենա, տուն, ամառանոց ունի, ծեր է, երկար չի ապրելու, ամեն ինչ մնալու է իրեն։

Երգիծանքը ոչ քիչ դեպքերում հասնում է զավեշտի։ Հանդես գալով խորհրդատուի դերում, հեղինակը փորձում է ուղղում մտցնել մուրացկանների «աշխատանքում»։ «Եթե խելք ունենային,- մտորում է նա,- ներքին պայմանավորվածության համաձայն, մայրաքաղաքի յուրաքանչյուր թաղամաս կարող էին բաժանել իրար մեջ, և այս կերպ նրանցից յուրաքանչյուրն ապահով կլիներ մշտական «աշխատանքով» ու մենք էլ նրանց կճանաչեինք դեմքով»։ Մնում է կատարել ընդհանրացում։ Այն լակոնիկ ու համազոր է պատմվածքին. «Բա՜, ասում եմ, չէ՞, ճոխ ենք ապրում»։

«Ճարը տեսնողների» անցուդարձին է նվիրված նաև «Մեր միակ փրկությունը լոտոյի մեջ է» պատումը։ Առանց սխալվելու կարելի է վկայել, որ Նվարդ Օհանջանյանի այս գործը կարելի է դասել մեր երգիծական գրականության լավագույն նմուշների շարքին։ Կյանքի նորմալ ընթացքից դուրս մնացածների համար նախկին բարվոք վիճակին օրինավոր ճանապարհով ետ վերադառնալն անհնար է, երազանք։ Մնում է ապավինել այլ միջոցների, որոնցից մեկն էլ լոտոն է։ Ծեր մուրացկանը, որ ամեն օր հացի փող է մուրում, լոտոյով մեծ գումար է շահում ու բավական հարստանում։ Մի ուրիշը, որ աղքատությունից ճարահատյալ Ռուսաստան տեղափոխվել էր պատրաստվում, լոտոյով այնպիսի հարստության տեր է դառնում, որ ոչ միայն հրաժարվում է իր վճռից, այլև հիշված երկրում ապաստան գտած իր տղային ու հարսին հրավեր է հղում, դատելով, թե՝ «այսքան փողն ի՞նչ պիտի անեմ, թող գան՝ մեր հայրենիքում մարդավարի ապրենք»։
Հեղինակին ի՞նչ է մնում։ Մնում է երկրապագել «գերհրաշք» լոտոյին. «Իմ Աստված, փրկիր մեր ժողովրդին, այնպես արա, որ պետբյուջեի ճեղքվածքը փակվի, որ մենք էլ մի լավ հարստանանք, բռունցքվենք և մեր թշնամու՝ թուրքերի հախիցը գանք։ Թե չէ՝ վերջին ժամանակներս սրանց լեզուն շատ է երկարել»։

Եվ, այսպես, ո՞վ էր և ի՞նչ տենչանքով էր աշխարհ եկել Նվարդ Օհանջանյանը։ Ստեղծագործելով արժեքների համահարթեցման ու ոտնահարման ժամանակներում, ռոմանտիկի հույսով ու հավատով Նվարդն, ասես, ապրում էր իր երազների ու գալիքի վարդագույն աշխարհում... Հենց այս գիտակցումով է, որ նա կամեցել է լինել ոչ թե «քնկոտ մոլորակ, այլ փայլատակող ասուպ», բայց նա եղավ ոչ թե ասուպ, այլ փայլուն աստղ, և թեկուզ կարճ, բայց ստեղծագործական ավյունով լեցուն կյանքում անմնացորդ հավատարիմ մնաց իր դերակատարությանը։

Մեծ, խոստումնալից ճանապարհի շեմին էր Նվարդը, երբ անսպասելիորեն շանթահար եղավ, լինելով կյանքով արբած, հրաժեշտ տվեց կյանքին։ Ցավոք, մենք ականատես եղանք նրա շռայլ տաղանդի բեղմնավորմանը, վայելեցինք առաջին պտուղները, սպասելով նոր, առավել հասուն ու շքեղ գործերի: Ավա՜ղ, չիրականացավ մեր սպասելիքը:


ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ
«Խորհրդային Ղարաբաղ» թերթի նախկին խմբագիր,
Մեծ հայրենականի վետերան, 
հասարակական-քաղաքական գործիչ

Նոր ԷՋ: N 8 (2009)

6.6.11

Նվարդի մասին


Արցախցի շնորհաշատ լրագրողուհի Նվարդ Օհանջանյանը (Օվյան) ծնվել է նշանավոր գրող Վազգեն Օվյանի ընտանիքում։ Երեք զավակներից կրտսերն էր։

Շա՜տ երազանքներ ու ծրագրեր ուներ Նվարդը... Սակայն ճակատագիրը դաժան վարվեց նրա հետ և անսպասելիորեն ընդհատեց պայծառ ու կենսասեր աղջկա կյանքը։ 2007 թվականի օգոստոսի 27-ին Նվարդն ընդմիշտ հեռացավ իր հարազատներից, ընկեր-բարեկամներից ու աշխարհից։

Նույն թվականի վերջերին նրա մահից հետո հարազատների ջանքերով լույս տեսավ անդրանիկ գիրքը՝ ԱՄԱՆՈՐԻ ՆՎԵՐՆԵՐ վերնագրով։ Գրքում տեղ էին գտել նրա գեղարվեստական ստեղծագործությունները, որոնք գրված են մեղմ հումորով, հաճախ էլ թախծոտ երանգներով և իր հայրենակիցների ու հայրենի եզերքի տխուր ներկայի հանդեպ խորին ցավով, գալիքի հանդեպ՝ պայծառ լավատեսությամբ ու անսահման հավատով։

Ավելի մանրամասն կարդացեք այստեղ՝
http://nohanjanyan.blogspot.com/p/blog-page.html     եւ
http://nohanjanyan.blogspot.com/p/blog-page_06.html