25.8.14

Մասնագետը


Ամեն մարդ ունի մեկ մասնագիտություն. մեկն իրավաբան է, մյուսը՝ մանկավարժ, երրորդը՝ բժիշկ, չորրորդը՝ տնտեսագետ... Բայց շրջապատում միշտ էլ կարելի է հանդիպել մարդկանց, որոնք թեպետ զուրկ են նշյալ մասնագիտություններից կամ էլ նշյալ մասնագիտությունների համակարգում չեն կայացել իբրև մասնագետ, բայց մեկ այլ ոլորտում, որը շատերի թյուր կարծիքով, բնավ էլ մասնագիտություն չէ, կայացել են որպես բարձրորակ մասնագետ։

Տիկին Ազնիվը մասնագետ է «բամբասող-զրպարտիչ» մասնագիտության գծով։ Այ, հիմա շատերը կպնդեն, թե նման մասնագիտություն չիք, գոյություն չունի։ Իսկ իմ խորին համոզմամբ՝ նման մասնագիտություն կա, և մարդիկ աշխատավարձ ստանում են հենց այդ աշխատանքի դիմաց։

Արդեն քանի տարի է՝ տիկին Ազնիվն աշխատում է N հիմնարկում, բայց ոչ ոք չգիտի, թե որն է նրա հիմնական աշխատանքը, բացի մարդկանց բամբասելուց և զրպարտելուց։ Ավելին՝ նա բամբասանքի գծով քայլող հանրագիտարան է։ Ասում են՝ նա խնամքով պահում է իր բոլոր ղեկավարների «դոսիեները» և գիշերներն ամուսնուց ծածուկ վեր է կենում անկողնուց՝ գրառումներ կատարում, վերադասների կենսագրության հետ կապված որևէ դեպք, մասնավորապես, ներանձնական կյանքը բնորոշող որևէ դրվագ մոգոնում, որից հետո հանգիստ խղճով Մորփեոսի գիրկը նետվում։

Տիկին Ազնիվը բամբասում է բոլորին՝ հերթով, առաջին հերթին, բամբասանքի թիրախ դարձնելով հիմնարկի աշխատողներին։ Վա՛յ նրան, ով կհանդգնի ասել, որ հիմնարկի աշխատողներից մեկը կամ գեղեցիկ է, կամ էլ մոդայիկ զգեստ է հագել։ «Տես ոնց է հաճոյախոսում, անմակարդակ, ախր չես տեսնում՝ քո այդ գեղեցկուհու հոնքերից մեկը բարձր է, մյուսը՝ ցածր»,- հոխորտում է նա։

Գեղեցիկ կանայք և տղամարդիկ նրա աչքին անպատկառ են ու անբարո։ Տիկին Ազնիվն ընդգծված հակակրանք ունի աշխարհի, մարդկանց, հատկապես՝ գեղեցկության հանդեպ։ Գեղեցիկը խիստ նյարդայնացնում է նրան։ Երբ նրա ներկայությամբ խոսք է բացվում հաճելի արտաքինով որևէ կնոջ մասին, մի կերպ զսպելով վրդովմունքը‘ ծկլթում է. «Անբարոյական է, չե՞ք լսել, այսինչ-այսինչյանի հետ է»։

Եվ երբ հիմնարկի աշխատողները փորձում են հակաճառել, ընդամենը հաշված րոպեների ընթացքում «համոզիչ փաստերով» մի այնպիսի հեքիաթ է մոգոնում վերջինիս զրպարտելու ուղղությամբ, որ զրուցակիցները շատ դեպքերում իրենց անտեղյակության համար ներողություն են խնդրում նրանից։ Աշխարհում դեռ չի ստեղծվել մի այնպիսի սարք, որը կարող է պարզել անձնական երջանկությունը գտած այս տիկնոջ չարության և դաժանության պատճառը։

Եթե փողոցում անցորդների շրջանում որևէ մեկը, ասենք թե՝ փորձելու լինի անցկացնել հարցում՝ պարզելու փողոցի մայթին վեր խոյացած բարդի ծառի անթերի գեղեցկությունը, և եթե հարցմանը մասնակցած 50 անձանցից մեկի կողմից բացասական պատասխան հնչի, այդ մեկն անպայման տիկին Ազնիվը պիտի լինի։ Աստված մի արասցե, եթե տունդարձի ճանապարհին պատահաբար հանդիպի գեղեցիկ արտաքինով համակրելի երիտասարդների։

Նման պահերին նյարդայնությունից քարանում է. ձեռքը տանում դեպի սիրտը, իսկ հաջորդ պահին արդեն վերագտնելով իրեն, մտովի երևակայական պատկերներ է ստեղծում անծանոթների մարմինների վրա, երիտասարդ տղայի գլխին պատկերում է եղջյուրներ, իսկ աղջկան՝ խոշոր ականջներով։ Եվ այս երևակայական պատկերներից ոգևորվելով, երանությունից ժպտում ու շարունակում է ճամփան։

Այսպես, տարիներ շարունակ նա աշխատանքի է գալիս գորշ տրամադրությամբ՝ չարության դրոշմը դեմքին և աջ ու ձախ զրպարտելով ծանոթ-անծանոթներին, օրվա՝ իր մեջ կուտակված մաղձը թափելուց հետո լիցքաթափվում է և պայծառ տրամադրությամբ վերադառնում ընտանիքի գիրկը։

Օրերից մի օր ահա թե ինչ պատահեց։ Աշխատանքային օրվա ավարտից հետո, երբ մեր այս հրաշք տիկինը պայծառ տրամադրությամբ տուն էր դառնում, հանկարծ անսպասելի սկսեց անձրև հորդալ։ Տիկին Ազնիվը, որը եղանակի հմուտ գիտակ էր, այդ օրն անձրևանոցը թողել էր տանը, ուստի, ստիպված էր կանգառում երթուղային տաքսու սպասել։ Տաքսին ուշանում էր, ուղևորների թիվը՝ մեծանում։ Կանգառում երկու տղա սիրահետում էին մի աղջկա։ Նրանք այնքան բարձր էին խոսում, որ վերջինս ստիպված էր որոշ պատառիկներ քաղել նրանց զրույցից։

«Դուք գեղեցիկ աչքեր ունեք»,- ասաց տղաներից մեկն աղջկան։ Այս խոսքերի վրա մեր տիկինը շրջվեց և ի՞նչ տեսնի՝ հետևում կանգնած էր մի կատարյալ գեղեցկուհի։ Տիկնոջ դեմքը խոժոռվեց չարությունից ու ատելությունից։ Նա շրջվեց, որ մեկ-երկու ռեպլիկ շպրտի վերջիններիս, բայց մյուս պահին անսպասելի սայթաքեց ու ընկավ։ Երբ աչքերը բացեց, պառկած էր հիվանդանոցում։

Գլխավերևում սպիտակ խալաթավորներ էին՝ բժիշկն ու բուժքույրը։ Փոխելով տիկին Ազնիվի դեմքի վիրակապը՝ նրանք կամացուկ փսփսում էին. «Գեղեցիկ մազեր ունես՝ ոնց որ սև սաթ»,- շշնջաց բժիշկը բուժքրոջը։ «Չէ մի՝ սև սաթ, նրա մազերը ներկած են»,- հանկարծ, կարծես շատ հեռվից, լսվեց տիկին Ազնիվի ձայնը։ Իսկ դա, հավատացեք, հիվանդանոցում գտնվելու պահից նրա բերանից թռած առաջին խոսքերն էին։

Ահա այսպիսին է տիկին Ազնիվը։ Նա անփոխարինելի մասնագետ է։ Դա քաջ գիտակցում են հիմնարկի բոլոր աշխատողներն էլ։ Ահա ուղիղ մի շաբաթ է՝ նա բացակայում է հիմնարկից, և գործընկերներն էլ կատակախառն պատմություններ են հորինում նրա մասին։ Ասում են, որ եթե, աստված մի արասցե, ճակատագիրը չար խաղ խաղա հրեշտականման այս տիկնոջ հետ, նրա դագաղի կափարիչի վրա անպայման պետք է անցք բացել տան, որպեսզի ամեն Աստծո օր հաղորդակցվի երկրային կյանքի անցուդարձին, և այն՝ իր իսկ մեկնաբանություններով՝ հասցնի ննջեցյալներին։ Չէ, իսկապես, հրաշք կին է մեր այս տիկինը, նրա նման մասնագետ, հավատացեք, մեր այս փոքրիկ քաղաքում ճրագով անգամ չես գտնի։

Комментариев нет:

Отправить комментарий