ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

կամ՝ իրական ու անիրական պատմություններ


  • Ամանորի նվերներ
  • Մասնագետը
  • Քննադատություն քննադատության մասին
  • Մեր միակ փրկությունը լոտոյի մեջ է
  • Խառնակիչը
  • Մարդասիրական արարք
  • Չաչանակը
  • Երկակի կյանք
  • Լավ ժամանակներ
  • Կեցցե՛ անցումային շրջանը
  • Աներևակայելի պատմություններ...
  • Տխուր ժամանակներ
  • Հե՜յ, ո՞վ կա, գոնե մեկն ու մեկը
  • Կրիտիկական պահեր հեռուստաէկրանին
  • Փոխարինող՝ Ռ. Հախվերդյանի ձայներիզի դիմաց
  • Այմոլորակայինների աներևակայելի արկածները
  • Մրցույթ լավագույն գաղափարի համար
  • «Ջուր եմ ծախում, սառը ջուր»
  • Կոտրված տրամադրություն

...Եթե Ամանորի առթիվ դիմենք ցանկացած արցախցու, լինի պետական պաշտոնյա թե գործազուրկ, և խնդրենք որևէ բան մաղթել մեր ժողովրդին, անտարակույս, հնչելու են նման կարգի պատասխաններ. հույս, հավատ, երջանկություն, հաջողություն, արևշատություն և այլն, և այլն։
Եթե ձեր ընկերը կամ բարեկամը հիվանդ է ու դժբախտ, պետք չէ անընդհատ մաղթել նրան առողջություն և շուտուփույթ ապաքինում, քանզի դրանով ավելի շատ կվշտացնենք նրան։ Ասել է թե՝ ոչ թե խոսքով, այլ գործով պետք է աջակցել մարդուն։
Կարծում եմ՝ բարեմաղթանքների տեղատարափից ժողովուրդը չի երջանկանա։ Ուրեմն, եկեք երջանկություն ու բարեկեցություն կոչվածը ինքներս մոտեցնենք նրան։ Թող ժողովրդի համար երջանիկ ապագա կերտելու հարցում մեզնից յուրաքանչյուրն իր փոքրիկ ներդրումն ունենա, լինի երկրի ղեկավար թե շարքային աշխատող։ Հավատացեք, ժողովուրդը դա չի մոռանա։ Նրա տարողունակ հիշողության մեջ տեղավորվում է ոչ միայն վատը, այլ նաև լավը։
Նվարդ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
«Ազատ Արցախ», 31 դեկտեմբերի 2000 թ.



ԱՄԱՆՈՐԻ ՆՎԵՐՆԵՐ

Ճանապարհը երկար է ու հոգնեցուցիչ։
Մարդը կանգ առավ տեղում, պարկը դրեց ճամփամիջին և շտկելով մեջքը՝ հայացքն ուղղեց հեռուները։ Հավանաբար, մի 10-15 րոպեից տեղ կհասնի։ Հիմա երևի տոնածառի շուրջը բոլորած՝ հանդիսությունների սրահում երեխաներն անհամբեր իրեն են սպասում։ Ի՜նչ լավ է, որ մարդիկ ուշադրություն չեն դարձնում իր վրա, այլ անցնում են անտարբեր՝ ամեն ոք իր գործին ու իր հոգսին։

Մարդը ճանապարհի մի հատվածում հարմար անկյուն փնտրեց, հապշտապ հագավ Ձմեռ պապի հանդերձանքն ու վերցնելով նվերներով ծանրաբեռնված պարկը, շարունակեց ճամփան։ Անցած տարի կարգին գումար էին խոստացել Ձմեռ պապ «աշխատելու» համար, սակայն՝ չնչին գումար վճարել։ Հիմնարկի ղեկավարի հավաստմամբ՝ այս Ամանորին բոլոր Ձմեռ պապիկներին հաճելի անակնկալ է մատուցվելու. դե, հո կատակ բան չէ՝ հինգերորդ տարին է՝ ինչ մարդկությունը ոտք է դրել նոր հազարամյակ։

«Ձմեռ պապի ոտքը խերով լինի»,- ճամփու դնելիս մրմնջաց կինն ու հիշեցրեց, որ տունդարձին հիվանդ Արտակի համար մի փոքրիկ նվեր բերի։ Տեսնես երեխայի ջերմությունն անցե՞լ է. արդեն քանի օր է՝ գամված է անկողնուն։ Բժիշկներն էլ ոնց են մտապահում այդքան անթիվ-անհամար դժվարամատչ դեղերի անունները։ Պատկառելի գումարով երեխայի համար ձեռք է բերել, բժշկի խոսքերով ասած, դեղերի ընտրանին։ Է՛հ, փողն ի՞նչ է, կգնա բանվորություն կանի. բայց որտե՞ղ՝ մտածեց մարդը և տրամադրությունը չփչացնելու համար շարունակեց կիսատ միտքը. կարևորը երեխայի առողջությունն է։

Մտքերի մեջ խորասուզված՝ մարդը չնկատեց, թե ինչպես կարճվեց ճամփան, և երբ բացվեց հանդիսությունների սրահի դուռը, երեխաները թռչունների նման ուրախ ճռվողյունով շրջապատեցին նրան և կարծես թե մրցույթի էին դուրս ելել նրանք. այնքան ոգևորությամբ էին երգում, պարում և արտասանում...

Կիսով չափ դատարկելով խաղալիքներով լի պարկը՝ Ձմեռ պապը հրաժեշտ տվեց մանչուկներին և քայլերն ուղղեց դեպի դիմացի բնակելի շենքը, որտեղ պիտի այցելեր մի քանի ընտանիքների փոքրիկներին ու նոր միայն տուն դառնար։

Շքեղ կահավորանքով բնակարանում, որտեղ կային անթիվ թանկարժեք մանկական խաղալիքներ և որը մանկական խաղալիքների խանութի տպավորություն էր թողնում, Ձմեռ պապը քիչ-ինչ նեղսրտվեց «Պահո՜, այս ընտանիքի մինուճար մանչին դժվար թե գայթակղի իմ համեստ նվերը»։ Եվ նվերը հանձնելով փոքրիկին ու արագ հեռանալով բնակարանից՝ հանգիստ շունչ քաշեց։

Շուտով Ձմեռ պապը սեղմեց նույն շենքի առաջին մուտքի հինգերորդ հարկի բնակարանի դռան զանգը։ Դուռը բացվելուն պես նրա դեմքին փչեց խմիչքի և սխտորի տհաճ հոտը։ Նրա դիմաց կանգնած էր ուռած ու կարմրած կոպերով, ճաղատ գլխով մի թիկնեղ, հարբած տղամարդ.
- Ես... Ես Ձմեռ պապն եմ,- ասաց մարդը։
- Տեսնում եմ, որ Ձմեռ պապն ես, հետո՞... Ի՞նչ ես բերել ինձ համար,- հարցրեց հարբածը։

Ձմեռ պապը չհասցրեց պատասխանել. ուժեղ հարվածից երերաց տեղում։ Երբ փոքրիշատե սթափվելուց հետո փորձեց ետ դառնալ, հարբածը խաղալիքներով պարկը խլեց նրանից և քամահրանքով նետեց. «Դե, հիմա գնա՛, Ձմեռ պա՜պ»։
Աստիճաններով իջնելիս Ձմեռ պապն անվերջ մտածում էր, թե հարբածի ինչին է պետք պարկը կամ էլ՝ ո՞վ գիտե, գուցե կարծում էր, թե այնտեղ ոգելից խմի՞չք կգտնի։ Երկրորդ հարկի միջանցքում երկու կին էին զրուցում։ Տեսնելով անհանգիստ դեմքով, այլայլված Ձմեռ պապին՝ դժվարությամբ ճամփա տվեցին նրան։

- Որտեղի՞ց հայտնվեց այս հարբեցողը, իբր թե Ձմեռ պապ է։ Ես սրա նմաններին լավ եմ ճանաչում,- կանանցից մեկի խոսքերը կարծես շատ հեռվից հասան Ձմեռ պապին։
- Ի՞նչ հարբեցող, չե՞ս տեսնում՝ փորձված գող է, չնկատեցի՞ր, ոնց էր աչք գցել քո ադամանդե ականջօղերին։ Շտապիր տուն և դուռն ամուր կողպիր,- խորհուրդ տվեց զրուցակիցը։

Բակում երեխաները ձնեմարդ էին պատրաստում։ Նկատելով բակի մեջտեղում կանգնած Ձմեռ պապիկին՝ հևավազ հասան նրան։
- Ա՜յ քեզ բան, իսկական Ձմեռ պապ է՝ միայն թե առանց պարկի,- ասաց երեխաներից ամենաավագն ու շարունակեց.- Իսկ ո՞ւր է քո խաղալիքներով պարկը, Ձմեռ պապ։ Չէ՛, դու Ձմեռ պապիկ չես, մեզ փորձում ես խաբել։

Այս խոսքերն այնքան ոգևորեցին բակի մնացյալ երեխաներին, որ ոմանք սկսեցին ձյունով խփել նրան, շատերն էլ՝ քաշքշել շորերից, մի քանիսն էլ Ձմեռ պապի գրպաններում փորձում էին նվերներ գտնել։
Մի կերպ ազատվելով երեխաների քաշքշուկից՝ մարդը քայլերն ուղղեց դեպի մոտակա զբոսայգին։ Այստեղ հաստատ իրեն ոչ ոք չի խանգարի։ Տեղավորվելով ձյունածածկ նստարանին՝ հանկարծ նրա մեջ մի անզուսպ ցանկություն առաջացավ. նա կամեցավ մի կուշտ լաց լինել։ Եվ փակելով հոգնած աչքերը՝ լռելյայն սկսեց արտասվել...

Ձմեռ պապն արտասվում էր իր կոխկրտված մարդկային արժանապատվության համար, իր հիվանդ որդու համար, որ անհամբեր սպասում է հոր գալստյանն ու նրա նվերին։ Նա արտասվում էր, որ չկարողացավ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների համար գործընկերոջից պարտքով փող վերցնել։ Նա արտասվում էր մարդկանց անտարբերության ու հոգսաշատ, անհրապույր կյանքի համար...

- Մայրիկ, նայիր՝ Ձմեռ պապն արտասվում է, խնդրում եմ, ասա՝ թող չարտասվի։ Ես լացող Ձմեռ պապ չեմ ուզում,- հանկարծ շատ մոտից լսեց անծանոթ մանչուկի ձայնը։
Եվ երբ բացեց աչքերը, դիմացը կանգնած էր մի երիտասարդ կին՝ երեխայի ձեռքից բռնած։
- Ձմեռ պապիկ, դե ասա՝ ինչո՞ւ ես լալիս,- դիմեց փոքրիկը վերջինիս։
- Է՛հ, մանչուկս, ինձ չես հասկանա։ Ձմեռ պապը աշխարհի ամենադժբախտ մարդն է,- պատասխանեց նա ու քայլեց դեպի անորոշ հեռուն...




ՄԱՍՆԱԳԵՏԸ

Ամեն մարդ ունի մեկ մասնագիտություն. մեկն իրավաբան է, մյուսը՝ մանկավարժ, երրորդը՝ բժիշկ, չորրորդը՝ տնտեսագետ... Բայց շրջապատում միշտ էլ կարելի է հանդիպել մարդկանց, որոնք թեպետ զուրկ են նշյալ մասնագիտություններից կամ էլ նշյալ մասնագիտությունների համակարգում չեն կայացել իբրև մասնագետ, բայց մեկ այլ ոլորտում, որը շատերի թյուր կարծիքով, բնավ էլ մասնագիտություն չէ, կայացել են որպես բարձրորակ մասնագետ։

Տիկին Ազնիվը մասնագետ է «բամբասող-զրպարտիչ» մասնագիտության գծով։ Այ, հիմա շատերը կպնդեն, թե նման մասնագիտություն չիք, գոյություն չունի։ Իսկ իմ խորին համոզմամբ՝ նման մասնագիտություն կա, և մարդիկ աշխատավարձ ստանում են հենց այդ աշխատանքի դիմաց։

Արդեն քանի տարի է՝ տիկին Ազնիվն աշխատում է N հիմնարկում, բայց ոչ ոք չգիտի, թե որն է նրա հիմնական աշխատանքը, բացի մարդկանց բամբասելուց և զրպարտելուց։ Ավելին՝ նա բամբասանքի գծով քայլող հանրագիտարան է։ Ասում են՝ նա խնամքով պահում է իր բոլոր ղեկավարների «դոսիեները» և գիշերներն ամուսնուց ծածուկ վեր է կենում անկողնուց՝ գրառումներ կատարում, վերադասների կենսագրության հետ կապված որևէ դեպք, մասնավորապես, ներանձնական կյանքը բնորոշող որևէ դրվագ մոգոնում, որից հետո հանգիստ խղճով Մորփեոսի գիրկը նետվում։

Տիկին Ազնիվը բամբասում է բոլորին՝ հերթով, առաջին հերթին, բամբասանքի թիրախ դարձնելով հիմնարկի աշխատողներին։ Վա՛յ նրան, ով կհանդգնի ասել, որ հիմնարկի աշխատողներից մեկը կամ գեղեցիկ է, կամ էլ մոդայիկ զգեստ է հագել։ «Տես ոնց է հաճոյախոսում, անմակարդակ, ախր չես տեսնում՝ քո այդ գեղեցկուհու հոնքերից մեկը բարձր է, մյուսը՝ ցածր»,- հոխորտում է նա։

Գեղեցիկ կանայք և տղամարդիկ նրա աչքին անպատկառ են ու անբարո։ Տիկին Ազնիվն ընդգծված հակակրանք ունի աշխարհի, մարդկանց, հատկապես՝ գեղեցկության հանդեպ։ Գեղեցիկը խիստ նյարդայնացնում է նրան։ Երբ նրա ներկայությամբ խոսք է բացվում հաճելի արտաքինով որևէ կնոջ մասին, մի կերպ զսպելով վրդովմունքը‘ ծկլթում է. «Անբարոյական է, չե՞ք լսել, այսինչ-այսինչյանի հետ է»։

Եվ երբ հիմնարկի աշխատողները փորձում են հակաճառել, ընդամենը հաշված րոպեների ընթացքում «համոզիչ փաստերով» մի այնպիսի հեքիաթ է մոգոնում վերջինիս զրպարտելու ուղղությամբ, որ զրուցակիցները շատ դեպքերում իրենց անտեղյակության համար ներողություն են խնդրում նրանից։ Աշխարհում դեռ չի ստեղծվել մի այնպիսի սարք, որը կարող է պարզել անձնական երջանկությունը գտած այս տիկնոջ չարության և դաժանության պատճառը։

Եթե փողոցում անցորդների շրջանում որևէ մեկը, ասենք թե՝ փորձելու լինի անցկացնել հարցում՝ պարզելու փողոցի մայթին վեր խոյացած բարդի ծառի անթերի գեղեցկությունը, և եթե հարցմանը մասնակցած 50 անձանցից մեկի կողմից բացասական պատասխան հնչի, այդ մեկն անպայման տիկին Ազնիվը պիտի լինի։ Աստված մի արասցե, եթե տունդարձի ճանապարհին պատահաբար հանդիպի գեղեցիկ արտաքինով համակրելի երիտասարդների։

Նման պահերին նյարդայնությունից քարանում է. ձեռքը տանում դեպի սիրտը, իսկ հաջորդ պահին արդեն վերագտնելով իրեն, մտովի երևակայական պատկերներ է ստեղծում անծանոթների մարմինների վրա, երիտասարդ տղայի գլխին պատկերում է եղջյուրներ, իսկ աղջկան՝ խոշոր ականջներով։ Եվ այս երևակայական պատկերներից ոգևորվելով, երանությունից ժպտում ու շարունակում է ճամփան։

Այսպես, տարիներ շարունակ նա աշխատանքի է գալիս գորշ տրամադրությամբ՝ չարության դրոշմը դեմքին և աջ ու ձախ զրպարտելով ծանոթ-անծանոթներին, օրվա՝ իր մեջ կուտակված մաղձը թափելուց հետո լիցքաթափվում է և պայծառ տրամադրությամբ վերադառնում ընտանիքի գիրկը։

Օրերից մի օր ահա թե ինչ պատահեց։ Աշխատանքային օրվա ավարտից հետո, երբ մեր այս հրաշք տիկինը պայծառ տրամադրությամբ տուն էր դառնում, հանկարծ անսպասելի սկսեց անձրև հորդալ։ Տիկին Ազնիվը, որը եղանակի հմուտ գիտակ էր, այդ օրն անձրևանոցը թողել էր տանը, ուստի, ստիպված էր կանգառում երթուղային տաքսու սպասել։ Տաքսին ուշանում էր, ուղևորների թիվը՝ մեծանում։ Կանգառում երկու տղա սիրահետում էին մի աղջկա։ Նրանք այնքան բարձր էին խոսում, որ վերջինս ստիպված էր որոշ պատառիկներ քաղել նրանց զրույցից։

«Դուք գեղեցիկ աչքեր ունեք»,- ասաց տղաներից մեկն աղջկան։ Այս խոսքերի վրա մեր տիկինը շրջվեց և ի՞նչ տեսնի՝ հետևում կանգնած էր մի կատարյալ գեղեցկուհի։ Տիկնոջ դեմքը խոժոռվեց չարությունից ու ատելությունից։ Նա շրջվեց, որ մեկ-երկու ռեպլիկ շպրտի վերջիններիս, բայց մյուս պահին անսպասելի սայթաքեց ու ընկավ։ Երբ աչքերը բացեց, պառկած էր հիվանդանոցում։

Գլխավերևում սպիտակ խալաթավորներ էին՝ բժիշկն ու բուժքույրը։ Փոխելով տիկին Ազնիվի դեմքի վիրակապը՝ նրանք կամացուկ փսփսում էին. «Գեղեցիկ մազեր ունես՝ ոնց որ սև սաթ»,- շշնջաց բժիշկը բուժքրոջը։ «Չէ մի՝ սև սաթ, նրա մազերը ներկած են»,- հանկարծ, կարծես շատ հեռվից, լսվեց տիկին Ազնիվի ձայնը։ Իսկ դա, հավատացեք, հիվանդանոցում գտնվելու պահից նրա բերանից թռած առաջին խոսքերն էին։

Ահա այսպիսին է տիկին Ազնիվը։ Նա անփոխարինելի մասնագետ է։ Դա քաջ գիտակցում են հիմնարկի բոլոր աշխատողներն էլ։ Ահա ուղիղ մի շաբաթ է՝ նա բացակայում է հիմնարկից, և գործընկերներն էլ կատակախառն պատմություններ են հորինում նրա մասին։ Ասում են, որ եթե, աստված մի արասցե, ճակատագիրը չար խաղ խաղա հրեշտականման այս տիկնոջ հետ, նրա դագաղի կափարիչի վրա անպայման պետք է անցք բացել տան, որպեսզի ամեն Աստծո օր հաղորդակցվի երկրային կյանքի անցուդարձին, և այն՝ իր իսկ մեկնաբանություններով՝ հասցնի ննջեցյալներին։ Չէ, իսկապես, հրաշք կին է մեր այս տիկինը, նրա նման մասնագետ, հավատացեք, մեր այս փոքրիկ քաղաքում ճրագով անգամ չես գտնի։




ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ինձ մշտապես հետաքրքրում է այն հարցը, թե առաջին անգամ երբ և ում հեղինակությամբ երևան եկավ «քննադատություն» հասկացությունը։
Ոմանք այն կապում են երկրում օրինականության հաստատման և ժողովրդավարացման գործընթացի աշխուժացման հետ, իսկ իմ կարծիքով, այն ժառանգել ենք խորհրդային տարիներից, մի ժամանակահատված, երբ ստորադասը վերադասի առջևից գլխարկն էր հանում, հետևից՝ լեզուն։

Բայցևայնպես, ինձ համար անհասկանալի է այն, թե ինչու են մարդիկ քննադատում միմյանց։ Եվ կամ ինչու իրենց ընդդիմադիր անվանող որոշ ուժեր, փոխանակ համախմբվելու հայրենի իշխանավորների շուրջը և քայլելու երկիրը սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս բերելու ճանապարհով, քննադատության շնորհիվ ապակայունացնում են պետության բարոյահոգեբանական մթնոլորտը։

Այսպես, օրերս հարևաններիցս տեղեկացա, որ 5-րդ հարկի հարևանիս՝ Գոռ Շապուհյանին, աշխատանքից ազատել են վերադասին զրպարտելու պատճառով։ Սկզբում մտածեցի, թե դա թյուրիմացություն է։ Բայց, ի զարմանս ինձ, տեղեկատվությունը չժխտեց նաև ինքը՝ Գոռ Շապուհյանը։ Զրույցից հայտնի դարձավ, որ այդ չարաբաստիկ օրը նա մի թեթև հարբած է եղել, այդ իսկ պատճառով գիշերային պահակի պարտականությունները կատարելիս ցուցաբերել է խիստ անխոհեմ քայլ (քնով է անցել)։

Եվ կարծես թե դա քիչ է, վերադասի երեսին հայհոյել է՝ հայտարարելով, որ նա մսխում է պետության փողերը և պետության միջոցներով ձեռք է բերել շքեղ առանձնատուն, չորս սենյականոց բնակարան, «Ջիպ» մակնիշի արտասահմանյան ավտոմեքենա, իսկ սիրուհուն էլ վճարում է պետության միջոցներից։ Ավարտելով զրույցը՝ հարևանս դիմեց ինձ.
- Դե ասա, մի՞թե իմ արարքը տմարդություն չէ։

Իմ պրակտիկայում նման դեպքեր շատ են եղել։ Եվ, չնայած հարևանիս հետ պատահած դեպքը եզակի չէ, բայց, այդուհանդերձ, նրան վերադաստիարակելու ուղղությամբ պետք է 5-օրյա ժամկետով պարապմունքներ կազմակերպեի։
Պարապմունքներից մեկ շաբաթ անց հարևանս բարձր տրամադրությամբ հայտնվեց իմ բնակարանում։

- Դեհ, պատմիր, Գոռ ջան, ինչպե՞ս հանձնեցիր քննությունդ,- դիմեցի նրան։
- Նախ՝ ներողություն խնդրեցի արարքիս և աշխատանքային պարտականություններս թերացումով կատարելու համար,- ասաց հարևանս՝ շարունակելով,- հետո էլ թե՝ Բաղդասար Սամսոնովիչ, մեր օրերում ձեզ նման ազնիվ ղեկավար ճրագի լույսով էլ չես գտնի։ Մեր հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարները մեկի փոխարեն 3-4 առանձնատուն ունեն, մի քանի ավտոմեքենա, այդքան էլ բնակարան ու սիրուհի։ Դուք ինչքան ազնիվ մարդ եք, որ դրանցից մեկական ունեք։

Հարևանիս խոսքերը վերադասի սրտով էին, և նա խորհուրդ տվեց հիմնարկի աշխատակիցներին լուսավորել սույն թեմայով և աշխատանքի ընդունելուց բացի՝ Գոռ Շապուհյանի աշխատավարձը խոստացավ բարձրացնել 10 հազար դրամով։

Սա ի՞նչ պատմություն է որ... Եթե իմ ընթերցողը շատ չի շտապում, մի դեպք էլ պատմեմ։ Բարեկամիս աղջիկը՝ Զարինեն, անցած տարի ավարտելով ժուռնալիստիկայի ֆակուլտետը, աշխատանքի է անցել հեռուստատեսությունում։ Սկզբում ոգևորությամբ էի նայում նրա հեռուստահաղորդումները, բայց հետո... Խեղճ աղջիկ, ախր, քննադատության միջոցով ո՞վ է առաջատար լրագրող դարձել, որ դու դառնաս։ Մի հեռուստահաղորդման ժամանակ թատրոնի տնօրենին է քննադատում, որ թատրոնը վերածել է ճահճի, մի օր էլ նախարարներին է «պատին սեղմում», որ ձրիակերներ են։

Օրերից մի օր էլ արտասուքն աչքերին եկավ ինձ մոտ, թե՝ «Ախր, ի՞նչ վատ բան եմ արել, համ ասում են՝ գնում ենք դեպի ժողովրդավարություն, համ էլ չեն թողնում իրերը կոչենք իրենց անուններով։ Հիմա մեր ղեկավարներից ոչ մեկը ոչ միայն չի պատասխանում իմ բարևին, այլև հրաժարվում է հարցազրույց տալ ինձ»։ Այս խոսքերից խիստ ազդվեցի և որոշեցի ինչ գնով էլ լինի, փրկել բարեկամիս աղջկա ոտնահարված պատիվը։ Ասացի. «Զառ ջան, ուզո՞ւմ ես դառնալ տարվա լավագույն լրագրողը»։ Այստեղ իմ Զառան ոչ այն է՝ վրդովված, ոչ այն է՝ զարմացած, այնպես նայեց ինձ, որ հայացքին չդիմանալով, բացելով փակագծերը՝ լակոնիկ տոնով բացատրեցի, որ դրա համար պահանջվում է երկշաբաթյա դասընթաց։

Հիշյալ ժամկետից անցավ ուղիղ մեկ ամիս։ Իմ վստահելի մարդկանցից տեղեկացա, որ Զառայի աշխատանքային հարցերում մեծ առաջընթաց է նկատվում, և որ նա արդեն լուսաբանում է երկրի խորհրդարանական կյանքը, իսկ նախարարներն ու մյուս պաշտոնյաներն էլ իրենք են խնդրում Զառային, որ հարցազրույց ունենա իրենց հետ։ Իսկ ահա, մի երկու օր անց՝ դեկտեմբերի 30-ին, երբ միացրի հեռուստացույցը, ի՞նչ տեսնեմ. իմ շնորհաշատ աշակերտուհուն՝ Զառային մրցանակ և դրամական պարգև են տալիս՝ որպես տարվա լավագույն լրագրողի։

Հիմա, այսքանից հետո, ասացեք խնդրեմ, ո՞ւմ է պետք քննադատությունը։ Մարդիկ կան, որ գնում-կանգնում են ստվերի տակ՝ թե արևը մեզ չի ջերմացնում։ Ա՛յ սիրելիներս, ախր, արևի շուրջը համախմբվեցեք, արևի... Թե չէ «քննադատություն» ասվածը տնաքանդություն է, քննադատությամբ չես կարող ընտանիք կերակրել։ Ասել է թե՝ ինչքան շատ սատարենք ու օրհնանքի խոսքեր մրմնջանք հայրենի իշխանավորներին ու մեր բարեկամներին, այնքան մեր գրպանը լիքը կլինի փողով, իսկ հոգին էլ՝ խաղաղությամբ։




ՄԵՐ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՏՈՅԻ ՄԵՋ Է

          - Հա՞յ ես։
          - Հա՛։
          - Լոտո խաղո՞ւմ ես։
          - Չէ՛։          - Բա հույսդ ինչի՞ վրա ես դրել։                    Ժամանակակից անեկդոտ

Ամեն մարդ իր աստվածն ունի։ Մեկը երկրպագում է Քրիստոսին, մեկը՝ Եհովային, իսկ հարևանս էլ պաշտում է մեր հայրենի իշխանավորներին և նրանցից մի քանիսի մեծադիր լուսանկարները կախել է իր ննջասենյակում և գիշեր ու զօր աղոթում է նրանց կյանքի անվտանգության ու արևշատության համար։ Ի՞նչ թաքցնեմ քեզանից, սիրելի ընթերցող, իմ աստվածն էլ լոտոն է։ Չէ, այդպես մի՛ քմծիծաղիր, բարեկամս, մի ժամանակ ես էլ քեզ նման միամիտի մեկն էի, բայց այն, ինչ տեսա սեփական աչքերով, հրա՜շք է, հրաշք։

Մեր հարազատ իշխանությունը գիշեր ու տիվ տքնում, չարչարվում է մեր ժողովրդի նյութական բարեկեցության ապահովման համար, ամեն ջանք գործադրում արտագաղթի, գործազրկության, մուրացկանության և այլևայլ հիմնահարցերի լուծման ուղղությամբ, բայց դրանցից ձերբազատվել չի լինում։ Այնինչ՝ լոտոն լույս աշխարհ գալուն պես միանգամից բոլոր հարցերն էլ լուծվեցին։ Այնպես որ, սիրելի ընթերցող, մի զարմացիր՝ ես հերթով պատմեմ՝ դու լսիր։

Մի շաբաթ առաջ բարեկամս թե՝ գնում եմ Ռուսաստան՝ զավակներիս մոտ, այստեղ չեմ կարողանում ծայրը ծայրին հասցնել, և, իբր, մենք էլ մեր հայրենիքում ապագա չունենք։ Գնալուց առաջ ցանկություն հայտնեց մի երկու օր գիշերել իմ տանը։ Մի օր աշխատանքից տուն վերադառնալով, տեսա՝ շտապ օգնության բժիշկները ուրախ և զվարթ մեր տնից են դուրս գալիս։ «Վարդուհի մորքուր, էս ի՞նչ ա եղել»,- լեղաճաք դիմեցի բարեկամիս։ Սա թե՝ «Ես իմ հայրենիքից հեռացողը չեմ, շտապ զանգիր Մոսկվա, տղաս ու հարսս թող վերադառնան հայրենիք, այսքան փողն ի՞նչ պիտի անեմ, թող գան՝ մեր հայրենիքում մարդավարի ապրենք»։

Չէ՛, բան չհասկացա։ Ասացի՝ Վարդուհի մորքուր՝ մանրամասնիր... Է՜հ, ինչ պատմեմ, արմանք-զարմանք բան էր։ Վարդուհի մորքուրս մի այնպիսի մեծ գումար էր շահել՝ լեզուս չի պտտում, որ ասեմ՝ աչք կդիպչի։ Խեղճ կնոջ ճնշումն ուրախությունից բարձրացել էր։ Բա՜, բարեկամս։ Ես լոտոյի ցավը տանեմ... Հարևանուհիս հոգի աղջիկ է, հյուրասեր, սրտաբաց։ Նրա բառապաշարում «չէ»-ն տեղ չունի։ Հացի վերջին պատառն էլ կկիսի հարևանի ու անծանոթի հետ։ Ամեն օր տարբեր տարիքի տղամարդիկ են գալիս նրա տունը, գիշերները մեքենայով տանում՝ հետո էլի ետ բերում։ Այնքան են օգտագործել, ոնց որ պրակատի մաշմշված վիդեոկասետա լինի։

Մի օր չհամբերեցի, ասացի՝ Զառա ջան, այդքան երկրպագուներ ունես, ինչի՞ չես ընտրություն անում՝ մեկի հետ ամուսնանում։ Իմ Զառան էլ թե՝ «Է՜հ, մեկն իմանում ես, մեկը՝ չէ, ինձ հետ ո՞վ կամուսնանա, ես անուն հանած աղջիկ եմ, փողի համար եմ դրանց մարդատեղ դնում»։

Օրերից մի օր հարևանուհիս գոռալով մտավ մեր տուն և սկսեց պաչպչել ինձ։ Հետո էլ թե՝ «Բա չես ասի, լոտոս շահել է, մեկի փոխարեն՝ երկու «Մերսեդես»։ Վա՛հ, ա՜յ քեզ բախտ, ոնց որ հեքիաթում։ Նման բաներ միայն հնդկական ու մեքսիկաբրազիլական սերիալներում են լինում։ Աստված պահի լոտո ստեղծողներին՝ հարևանուհուս բախտը բացվեց։ Հիմա, փառք Աստծո, լոտոյի փառքը շատ՝ ամեն օր երիտասարդ տղաներ են հավաքվում մեր բակում, և մեր նրբանցքի մոտ այնպիսի հերթեր են գոյանում, որ... Զառային էլ անընդհատ շտապեցնում են, որ ընտրություն կատարի՝ իրենցից մեկի հետ ամուսնանա։ Հարևանուհիս էլ դրանց մի լավ ֆռռացնում, մատի վրա պար է ածեցնում։ Ասում է՝ մի ժամանակ իրենք են ինձ անպատվել, հիմա էլ ես պիտի դրանց ուզածիս պես ստորացնեմ։

Ա՜խ, լոտո ջան, քո զորությանը մեռնեմ, այս ի՜նչ հրաշքներ ես գործում...
Արդեն հինգերորդ օրն է՝ մի «Ջիպ» է իմ ետևից ընկել, տնից ուղեկցում է աշխատավայր, աշխատավայրից՝ տուն։ Մի օր չհամբերեցի, շրջվեցի և մի լավ նայեցի ղեկի մոտ նստած երիտասարդին, տեսա՝ ակնոցներով շատ համակրելի երիտասարդ է։ Ո՜ւխ, մտավորական է։ Զառայիս նման իմ բախտն էլ բացվեց։ Մի երեկո էլ մեքենան կանգնեցրեց թե՝ նստիր, տուն տանեմ։ Դու էլ լինեիր իմ փոխարեն, սիրելի ընթերցող, անշուշտ, կնստեիր։ Ասաց՝ ուշադիր նայիր ինձ, տե՛ս ճանաչո՞ւմ ես։ Այստեղ ես մատս կծեցի՝ ոնց որ իմ հորաքրոջ տղան է՝ Ռուսաստանից նոր է վերադարձել։

Իսկույն միտքս կարդաց, ասաց՝ չէ՛, քո բարեկամը չեմ, հիշո՞ւմ ես այն ծեր մուրացկանին, որ ամեն օր քեզանից հացի փող էր ուզում, և դու չէիր մերժում։ Ասացի՝ հա՛, ո՞նց չեմ հիշում։ Բայց տխուր զգացողություն ունեցա։ «Վա՜յ, երիտասարդ, կարող ա՞ բան է պատահել, հո չի՞ մահացել»,- անհանգստությունից վեր թռա ես։ Սա թե՝ չէ՛, այդ ծեր մուրացկանը ես եմ։ Քամահրանքով այնպե՜ս նայեցի այդ երիտասարդին. «Տնաշե՛ն, ինձ ո՞ւմ տեղ ես դրել»։ Ասացի՝ որ ինձ նայում ես, կարո՞ղ ա հիմարի տպավորություն եմ թողնում։ Ուզեցի մի լավ շշպռել նրան ու գրողի ծոցն ուղարկել։ Սա թե՝ մեկ րոպե ինձ լսիր։

Զրույցից պարզվեց, որ երիտասարդը լոտոյով մեծ գումար է շահել ու բավական հարստացել։ «Բա՛, այն ժամանակ շատ էիր ծեր,- դիմեցի իմ նոր բարեկամին,- այդ ո՞նց եղավ, որ այդպես ջահելացար»։ Սա էլ թե՝ փողի զորությանը մեռնեմ, ուրիշ ոչինչ։ Հետո էլ գրպանից մի տասը լոտո հանեց և, որպես երախտագիտության նշան, ինձ տվեց, որ, իբր, մի ժամանակ բարի աչքով էի իրեն նայել։

Ինչ երկարացնեմ, ժողովուրդ ջան, տուն հասնելուն պես իմ լավագույն բարեկամի նվիրած լոտոները դասավորեցի գրասեղանին, մի քանի մոմ վառեցի և սկսեցի աղոթել.
- Լոտո, իմ Աստված, փրկի՜ր մեր ժողովրդին, այնպես արա, որ պետբյուջեի ճեղքվածքը փակվի, մենք էլ մի լավ հարստանանք, բռունցքվենք և մեր թշնամու՝ թուրքերի հախիցը գանք։ Թե չէ՝ վերջին ժամանակներս սրանց լեզուն շատ է երկարել։ Մի գործազուրկ հարևան էլ ունեմ, աշխատանքի տեղավորվելու համար միշտ նրանից փող էի ուզում։ Նրան էլ հարստացրու... Լոտո ջան, իմ Աստված, մի բան էլ կա, ուզում եմ թաքուն ասել։ Այնպես արա, որ մեր իշխանավորները մեզանից կրկնակի անգամ հարստանան։ Նրանք որ կուշտ լինեն, մենք էլ սոված չենք լինի։ Մեղք ենք, լոտո ջան, գթա՛ մեզ, քո ցա՜վը տանեմ, մեր փրկիչը, հույսն ու ապավենը դու ես։




ԽԱՌՆԱԿԻՉԸ

- Արտեմ Ավետիսովիչ, բարև ձեզ։ Կներեք, որ խանգարեցի, ձեզ ասելիք ունեմ։ Դուք գիտեք, որ ձեր ընտանիքի բարեկամն եմ և անում եմ հնարավորը՝ հիմնարկում տարածված բամբասանքները վերջակետելու համար։ Կարճ ասեմ՝ խոսքս ձեր կնոջ մասին է։ Հասկանո՞ւմ եք, Արտեմ Ավետիսովիչ, ամբողջ հիմնարկը նրանից է խոսում։ Ախր, ձեզ նման անզուգական ամուսնուն թողած՝ մի երիտասարդ լակոտի հետևից է քարշ գալիս... Այդպես զարմացած մի՛ նայեք, հարգարժանս, ես իսկությունն եմ ասում։ Եթե թույլ տաք, ինքս կխոսեմ նրա հետ։ Բա ամոթ չէ՞, ողջ հիմնարկում ձեզ խայտառակեց, մի՛ վրդովվեք, Արտեմ Ավետիսովիչ, լիովին վստահեք ինձ։ Ա՛յ, հենց հիմա կզանգեմ և ոնց որ պետքն է՝ կխոսեմ հետը...

- Տիկին Լարիսա, հարգանքներս, գիտեմ, որ իմ զանգին էիր սպասում։ Խոսեցի ամուսնուդ հետ, բայց իրեն բան չասես։ Պատկերացրու, ուղիղ մեկ շաբաթ է՝ այդ կինը այցելում է նրան և այն էլ՝ աշխատանքից հետո՝ օրվա վերջում։ Արտեմ Ավետիսովիչը կարծում է, թե իրենց կապի մասին ոչ ոք չգիտե, բայց հիմնարկի աշխատողների խոսակցության հիմնական թեման դա է։ Լարիսա ջան, դա մեծ խայտառակություն է քեզ համար։ Եթե այդ ձևով շարունակվեց՝ ավելի վատ քեզ համար, հաստատ պիտի բաժանվես։ Դե, երեխեքն էլ կմեծանան և հպարտանալու շատ բան կունենան՝ քեզ նման օրինակելի մայր ունեն։ Լավ, հետո կզանգեմ, մեր աշխատողն է, տեսնեմ՝ ինչ է ուզում...

- Արմա՜ն, ա՜յ տղա, չես երևում, գործերդ ո՞նց են։ Բաժնի վարիչը հենց նոր քո մասին էր խոսում։ Շատ դժգոհ էր, ահագին բամբասեց, ասում էր՝ ձրիակեր է, չի աշխատում, ամբողջ օրը քարտուղարությունում նստած՝ աղջիկների հետ սուրճ է խմում ու անեկդոտներ պատմում։ Ինչի՞ ես զարմացած ինձ նայում. կարծում ես՝ նոր Ամերիկա ե՞մ հայտնագործել, ինչ է։ Չէ, Արտակ ջան, հանգիստ մնա, քեզ լավ պաշտպանեցի։ Ասում են՝ պաշտպանության լավագույն ձևը նախահարձակ լինելն է։ Դե, ես էլ չթողեցի խոսքը շարունակի, այնպես գրոհեցի, որ... Ախր, մեր հիմնարկի պատիվն ինձ համար ամեն ինչից վեր է։ Ահա բաժնի վարիչդ էլ եկավ...

- Վաղարշ Սուրենովիչ, նոր ձեր մասին էինք խոսում։ Աստված վկա, ձեզ նման լավ աշխատող աշխարհում չես գտնի՝ կարգապահ, ճշտախոս, մեծահոգի։ Վաղարշ Սուրենովիչ, հիմա ի՞նչ փոխհարաբերությունների մեջ են ձեր կինն ու մայրը։ Իսկապե՞ս, շատ ուրախ եմ։ Բայց առավոտյան հիմնարկում այլ լուրեր էին պտտվում։ Ասում էին, որ, իբր, կռվել են, մինչև անգամ ծեծել իրար և մեղավորն էլ ձեր կինն է՝ լեզուն իրեն չի պահում։ Հետո... ուրիշ բաներ էլ են ասում, բայց լեզուս չի պտտում, որ ասեմ։ Պարապ մարդիկ են, ոչինչ, կխոսեն, կբամբասեն, կձանձրանան ու կլռեն։ Կարևորն այն է, որ դուք լավ լինեք։ Ներողություն, Վաղարշ Սուրենովիչ, հեռախոսը զանգում է, մեր զրույցը հետո կշարունակենք...

- Ա՜, Զառ ջան, ողջույն, ինչպե՞ս ես։ Է՜հ, սա հիմնարկ չէ, ես որ չլինեմ, չգիտեմ, սրանց հալը ո՛նց կլինի, ամբողջ օրը իրար միս կուտեն։ Հա, Զառ ջան, մոռացա հարցնել, քույրդ երեխան բերե՞ց։ Ինչպե՞ս թե։ Չհասկացա։ Մի՞թե տեղյակ չես։ Բա՝ ասում են, որ կապվել է իր դասախոսի հետ, ու հիմա էլ թաքցնելն այլևս միտք չունի, համակուրսեցիները համալսարանով մեկ են արել։ Ես էլ պատահաբար լսեցի. մեր հիմնարկում մեկը քեզ ճանաչում է, որ անունդ տվեց՝ հասկացա, որ խոսքը քո քրոջ մասին է։ Ի՞նչ, այդպիսի բան չկա՞, դա զրպարտությո՞ւն է։ Տա՛ աստված՝ այդպես լինի, բայցևայնպես, չէր խանգարի, եթե զրուցեիր նրա հետ, խելքի բերեիր։ Ի՞նչ... Հարկ չկա՞։ Դե՜, դու գիտես, ձեզ համար եմ ասում։ Լավ, մի րոպե սպասիր, մեր հավաքարարուհին մտավ, հետո կտեսնվենք...

- Վարդուհի մորքո՞ւր, արի... Գործերդ ինչպե՞ս են։ Այսօր Արտեմ Ավետիսովիչի հետ քո մասին էինք խոսում։ Ուզում էր քեզ աշխատանքից հեռացնել՝ չթողեցի։ Ասացի՝ ամուսնաթող, երեք երեխատեր կին է։ Ինչպե՞ս, ամուսինդ չի՞ լքել քեզ։ Է՜հ, ոչինչ, կարևորն այն է, որ քեզ մի լավ պաշտպանեցի պետի մոտ։ Դե, մեր աշխատողները բամբասել էին՝ ասելով, որ արածդ գործը մաքուր չէ, որ աշխատասենյակները չես ավլում և մեկ-մեկ էլ գրասենյակի իրերն են անհետանում։ Մի խոսքով, բոլորին համոզեցի։ Է՜Հ, մի՛ ջղայնանա, Վարդուհի՛ մորքուր, ամեն ինչ լավ է լինելու... Դե՜, ես գնամ տուն, էսօր շատ եմ աշխատել, քարտուղարուհու օրն էլ կտրվի, սա ի՞նչ աշխատանք է, համ հոգնեցնող, համ էլ՝ բոլորի աչքին վատամարդ դարձնող...




ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՐԱՐՔ

Չգիտեմ ով ինչպես, բայց ինձ հատկապես նյարդայնացնում է ավագ սերնդի՝ ժամանակակից երիտասարդության հանդեպ տածած անհարգալից վերաբերմունքը։ Զորօրինակ՝ հաճախ ավագ սերնդի որոշ ներկայացուցիչներ տրանսպորտում և հասարակական այլ վայրերում անվայելուչ խոսքերի մի այնպիսի տարափ են տեղում մեր երիտասարդների գլխին, որ յուրաքանչյուր բանական մարդ ստիպված է լինում պատճառահետևանքային կապեր փորփրելու գործով զբաղվել. ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում ձևավորվեցին այս երկու սերնդի թշնամական տրամադրությունները, հատկապես ի՞նչ իրողություններ նպաստեցին երևույթի ձևավորմանը, արդյո՞ք այս հարցին հետամուտ են նաև դրսի թշնամական ուժերը և այլն։ Այնուհանդերձ, ինչքան շահագրգիռ վերաբերմունք ենք ցուցաբերում խնդրի հստակեցմանը, այնքան հարցականների շրջանակը մեզ համար ավելի է ընդլայնվում։

Այսպես, երեկ տոնական տրամադրությամբ, Ամանորի տոնածառի խաղալիքներով բեռնված, բարձրացա երթուղային մեքենա և սուսուփուս, առանց ուղևորներին հրմշտելու, տեղավորվեցի տաքսու վերջին նստարանին։ Ասեմ, որ չորս տեղանոց նստարանին, նախքան իմ այնտեղ հայտնվելը, նստած էին երկու հոգի՝ կին և տղամարդ. երկուսն էլ, կարելի է ասել, գիրուկ էին։ Նստարանին տեղավորվելուն պես, հանկարծ որտեղից-որտեղ հայտնվեց մի երիտասարդ, երևի ուսանող և տեղավորվեց կողքիս։ Չէ, ինչ տեղավորվել, կներեք՝ երիտասարդը նստեց ուղիղ ծնկներիս։ «Պահո՜, սա՞ որտեղից հայտնվեց»,- սկսեցի տրտնջալ՝ անհանգստանալով նաև այն մտքից, թե չլինի՞ հանկարծ ուսանողը պատրաստվում է այս դիրքով ինձ հետ հասնել քաղաքի մյուս ծայրամասը։ Ես հո բարեգործական ընկերության ներկայացուցիչ չե՞մ։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ ուղեվարձի՝ 50 դրամի դիմաց այս աչքածակ վարորդն է պարտավոր ինձ համար կոմֆորտ ստեղծել և ոչ թե ես՝ մեկ ուրիշի համար։

- Լսեք, երիտասարդ,- չհամբերեցի ես,- դուք նստել եք ուղիղ իմ ծնկներին։
- Վա՜յ, խնդրում եմ ներողամիտ լինել։ Դե, ախր, հասկացեք, դա իմ մեղքով չէ,- բացատրեց նա։

Հիմա՜ր՝ ջղայնացա ես։ Արդեն երրորդ կանգառն ենք անցնում, և խնդրեմ, սա թե՝ իմ մեղքով չէ։ Ուրեմն՝ այսպես. եթե այս ուսանողը ծնկներիցս չիջնի մինչև ինձ անհրաժեշտ կանգառը, պարզ է՝ ես հարկադրված եմ լինելու վճարել ոչ թե 50, այլ՝ 25 դրամ։ Այս մտքից թեթևացած՝ հենց այնպես երիտասարդին նորից եմ զգուշացնում. «Դուք նստել եք իմ ծնկներին»։ «Ներողություն»,- ասում է նա և հանելով թաշկինակը՝ սրբում է դեմքի քրտինքը։

Չորրորդ կանգառում երթուղային տաքսի է բարձրանում չափազանց չաղլիկ տարեց մի տիկին և սկսում է աչքերով փնտրել, հավանաբար, իր ծանոթներից մեկին։ «Ով գիտե՝ գուցե կամենում է, որ նստածներից որևէ մեկն իր տեղը զիջի՞ իրեն»,- մտածեցի ես և աչքի պոչով մեքենայի ուղևորներին մի փոքր տնտղելուց հետո համոզվեցի, որ ամենակրտսերը ծնկներիս նստած ուսանողն է։ Կարծես չաղլիկ տիկինը կռահեց իմ հայտնությունը, միանգամից գրոհեց երիտասարդի վրա։

- Տեսեք՝ ջահել տղա է, առոք-փառոք նստել է, չի էլ ասում՝ տարեց կին է, պետք է հարգել։ Դե՝ արագ տեղդ զիջիր ինձ,- հրամայեց նա և հրմշտելով, այնպիսի ակնթարթային արագությամբ տեղից թռցրեց խեղճ ուսանողիս, որ չկողմնորոշվեցի, թե մի քանի վայրկյանի ընթացքում իրականում ինչ կատարվեց ինձ հետ։ Երբ շնչահատ բացեցի աչքերս, չաղլիկ կինը համարյա հորիզոնական դիրքով գտնվում էր ինձ վրա, իսկ իմ ուսանողն էլ խեղճ-խեղճ ինչ-որ զրույց էր սկսել նրա հետ։

- Լսե՛ք, խնդրում եմ օրիորդին չտրորել,- նեղսրտած՝ ինձ պաշտպան է կանգնում ուսանողը։
- Հիմա էլ տեսեք՝ օրիորդի մասին է մտածում։ Դու քո մասին մտածիր, որ առայսօր չգիտես, որ տրանսպորտում կրտսերն իր տեղը պիտի զիջի իրենից ավագին։ Հետո էլ՝ պետք է պարզել, թե ով ում է տրորում։ Դուք՝ երիտասարդներդ, բոլորդ էլ մի սանրի կտավ եք։ Ես ձեզ լավ եմ ճանաչում,- ասաց չաղլիկը։

Ուսանողը նորից ու նորից փորձեց պաշտպանել իմ իրավունքները, բայց՝ անօգուտ։ Երեք կանգառ անցնելուց հետո կինը իջավ, իջավ նաև երիտասարդը։ Հանկարծ մեքենայում տիրող աղմուկի մեջ ինձ հասավ ուսանողի ծանոթ ձայնը. «Ես վճարում եմ իմ և վերջին շարքում նստած աղջկա համար։ Ա՜յ քեզ զարմանք... Մինչ ես մտածում էի իմ կողմից վճարվելիք զեղչված գումարի մասին, խնդրեմ, օրը ցերեկով մի անծանոթ երիտասարդ իրեն միանգամայն անծանոթ աղջկան ցուցաբերեց մարդասիրական վերաբերմունք։

Ինչ երկարացնեմ, բարեկամներս։ Ես իջա ոչ թե ինձ անհրաժեշտ կանգառում, այլ չաղլիկ կնոջ անվայելուչ դիրքի պատճառով երկու կանգառ էլ ավել անցա։ Ամանորի խաղալիքներով պայուսակս մեքենայից իջեցնելիս համոզվեցի, որ խաղալիքներից մնացել են միայն փշրանքներ և... տխուր հիշողություն։ Բայց դա ինձ չէր հուզում. ես թախծի ոչ մի զգացում չապրեցի։ Անչափ ոգևորված էի ժամանակակից երիտասարդների մարդասիրական վերաբերմունքով։ Դե՝ ո՞ւմ մտքով կանցներ, որ մի անծանոթ տղա, այն էլ՝ ուսանող, կարող է պաշտպանել իր համերկրացի մի անծանոթ աղջկա իրավունքները, դեռ մի բան էլ ավելի՝ երթուղային տաքսուն վճարել նրա փոխարեն։

Այսքանից հետո, ասացեք, խնդրեմ, արժե՞, արդյոք, պախարակել մեր երիտասարդությանը։ Ընդհակառակը, ես այն կարծիքին եմ, որ մենք պարտավոր ենք գործնական քայլերով ջերմացնել տարեցների ու երիտասարդների միջև առկա պաղ մթնոլորտը։ Այդքան մի բան։




ՉԱՉԱՆԱԿԸ

- Ալո՛, Կարեն Վահանիչ, ողջո՛ւյն, սիրելիս։ Ինչպե՞ս ես, երեկվա խրախճանքից հետո ինչպե՞ս է տրամադրությունդ։ Ընդմիջմանը տուն գալո՞ւ ես, ի՞նչ պատրաստեմ. քո՞, թե՞ իմ սիրած կերակուրը...
- Մի րոպե, սպասեք, ես ոչ թե Կարեն Վահանիչը, այլ՝ Կարեն Հարություն...

- Է՜հ, թո՛ղ կատակներդ։ Գիտեմ, չես սիրում, երբ քեզ անուն-հայրանունով եմ դիմում։ Ինչ կա որ, քո սեփական կինն եմ. ինչ ուզենամ՝ կարող եմ ասել։ Լսի՛ր, ոնց որ երեկվա քեֆից հետո ձայնդ խզվել է։ Լավ, տուն գաս՝ ձայնդ կմշակենք, միայն թե ասա՝ ընդմիջմանը տուն գալո՞ւ ես։
- Սպասիր, ո՞վ է խոսում։ Դուք իմ ո՞րերորդ կինն եք։

- Էհ, Կարենչիկ, այնպես է ստացվում, որ դու մի քանի կին ունես։ Լսի՛ր, ա՛յ տնաշեն, ախր, ձայնդ կարգին փոխվել է։ Ես միշտ ասել եմ, չէ՞, երկու բաժակ՝ ոչ ավել, ոչ պակաս։ Քիչ առաջ մայրդ զանգեց, անհանգստանում էր։ Դե՝ մայր է, ինչպես բոլոր մայրերը. քո կարոտից հալումաշ է լինում՝ կարծես քեզ ոչ թե երկու օր, այլ՝ երկու տարի չի տեսել։ Կարծում ես՝ ես այդպե՞ս չեմ։ Որ մի օր Անուշիկին չեմ տեսնում, խենթանում եմ։ Մոր սիրտը նուրբ է, զգայուն։

- Ախր, իմ մայրիկը վաղուց է մահացել։
- Մահացե՞լ... Չէ, այդպես մի՛ ասա։ Անցած օրը քո և մորդ զրույցին ես էլ էի ներկա. իզուր բորբոքվեցիր։ Նրան չպիտի վիրավորեիր։ Տարիքով կին է՝ հիվանդ է, նյարդերը թուլացել են։ Չէ, այդքան դաժան մի՛ եղիր։ Մի առանձին բան չկար։ Պարզապես երկուսով իրար չեք հասկացել՝ այդքան մի բան։ Ցանկացած ընտանիքում էլ վեճեր լինում են։ Երկուսդ էլ ճիշտ էիք։ Նա իր ճշմարտությունն ունի, դու՝ քո։ Այնպես որ...

- Սպասիր, ընկերուհի, ախր, դու ոնց որ սխալ ես...
- Ընկերուհի՞։ Հա, քո կյանքի ընկերուհին եմ. այստեղ արտասովոր ոչինչ չկա։ Բայց չեմ սիրում, երբ տեղի-անտեղի ինձ ընկերուհի ես անվանում։ Ընկերդ՝ Սամվելն էլ է քեզ նման. սեփական կնոջն ընկերուհի է ասում։ Հա, չմոռանամ ասել, կիրակի օրը Սամվելը մեզ հրավիրում է իրենց տուն՝ ճաշելու։ Չեմ հասկանում՝ խաշը ցերեկո՞վ են ուտում, թե՞ առավոտյան։

- Սպասիր, ախր, ընկերս՝ Սամվելը, երեք տարի է՝ Ռուսաստանում է։
- Է՛հ, Կարեն, քեզ հետ հաստատ ինչ-որ բան է կատարվում։ Ա՛յ տնաշեն, հինգ ամիս է՝ ինչ Սամվելը Ռուսաստանից տեղափոխվել է Ստեփանակերտ։ Եվ ճիշտ էլ արել է. ախր, ռուսաստաններում ի՞նչ կա, որ մեր տղաները գնում ու ետ չեն դառնում։ Մեկնում են խոպան, համոզվում, որ այնտեղ կյանքը բանի պետք չէ, հետո նորից հայրենիք վերադառնում։ Հա, չմոռանամ ասել՝ Սամվելի կինը երեխա պիտի ունենա։ Դե, քանի որ Սամվելի ընտանիքի գաղտնիքը բացեցի, մերն էլ պիտի բանամ։ Շուտով արագիլը մեր փոքրիկ դստրիկի համար մի գեղեցիկ եղբայր կբերի...

- Սպասիր, բան չհասկացա...
- Դե, ինչ անեմ, տան երես ես տեսնո՞ւմ, որ լուրը տանը հայտնեմ։ Գիշեր-ցերեկ խելքդ տվել ես դրսի աշխատանքին։ Ազնիվ խոսք, չեմ խաբում, մեր ընտանիքում ծնվելու է երկրորդ երեխան, այնպես որ՝ պատրաստվիր...
- Ինչպե՞ս թե... Հիսուն տարեկանում ո՞ր կինն է երեխա ունենում, որ դու ունենաս։ Մի րոպե, եկ պարզենք։

- Խնդրում եմ ինձ չվիրավորես։ Ձերոնք էլ քեզ նման խոսքները մեկ արած՝ պնդում են, թե իմ տարիքից անհամեմատ մեծ եմ երևում։ Իմ երեսունը անցած տարի լրացավ, բայց այ՝ եղբայդ Սուրիկի հարսանիքին քեզ նման վիրավորեց ինձ՝ ասելով, թե, իբր, այնպիսի կոստյում եմ հագել, ասես հիսուն տարեկան լինեմ։ Դուք բոլորդ էլ այդպես եք՝ տեղի-անտեղի վիրավորում եք ինձ։ Տասը տարվա հարս եմ, ի՞նչ վատ բան եմ արել ձեզ։ Մեր տասնամյա ամուսնական կյանքում գոնե մեկ անգամ դավաճանե՞լ եմ քեզ։ Չէ, այսպես շարունակել չի կարելի։ Անուշիկին պիտի վերցնեմ՝ հորանցս տուն գնամ։ Շատ անշնորհակալ մարդ ես, շա՜տ։ Այն օրն էլ ի՞նչ ասացիր ինձ՝ քանի գնում՝ ոսկորներդ են մնում, խրտվիլակ ես դառել։ Չէ, այս ձևով շարունակել չի լինի։

- Սպասիր, իմ կինը բավականին չաղլիկ է։
- Էի, իսկ հիմա չեմ և այն էլ՝ ձեր պատճառով՝ քո, մորդ, եղբորդ, հարազատներիդ։ Վե՛րջ, գնալու եմ ամառանոց՝ հորս մոտ։
- Ախր, ի՞նչ ամառանոց, ի՞նչ հայր... Իմ աներոջ հոգին վաղուց է սավառնում երկնքում։ Մի րոպե համբերեք և թույլ տվեք արտահայտվեմ։ Դուք, հարգելի տիկին, սխալ եք զանգահարել։ Ես ձեր ամուսինը չեմ։

- Ինչպես թե, դու արդեն հրաժարվո՞ւմ ես ինձանից։
- Լսո՞ւմ եք, ընկերուհի, դուք սխալ եք զանգահարել։ Իմ անունը Կարեն է, բայց ձեր ամուսինը չեմ։
- Ինչպե՞ս թե, հասկացի՛ր, ախր, ուղիղ մեկ ժամ է՝ զրուցում եմ քեզ հետ, և դու, իմանալով, որ սխալ եմ զանգահարել, սառնասրտորեն լսո՞ւմ էիր իմ ընտանիքի գաղտնիքները։

- Բայց դուք թողեցի՞ք, որ ես խոսեմ։
- Անամո՛թ։ Ես քեզ կպատժեմ։ Ի՞նչ է ստացվում։ Ես իմ հիանալի ամուսնուն դատապարտում էի ինչ-որ անծանոթի մո՞տ։
- Ես մեղք չունեմ, տիկին։ Մենք պարզապես քվիտ ենք, որտեղ ձեր մասին պատմեք, այնտեղ էլ իմը կասեք։ Մնաք բարով, չա-չա-նա՛կ...




ԵՐԿԱԿԻ ԿՅԱՆՔ
ԿԱՄ՝ ՆՐԱ ՄԵՋ ՀԱՂԹԱՆԱԿԵԼ Է ԽԱԲԵԲԱՆ


Հավանաբար, մեր շրջապատում դժվար թե գտնվի ծերության սահմանագիծը թևակոխած որևէ մեկը, որ կարողանա պարծենալ, թե պատանեկության իր բոլոր երազանքները կյանքում իրականացվել են, քանզի չափազանց մեծ է մարդու՝ պատանության տարիների երազածի ու կյանքում ձեռք բերածի տարբերությունը։ Կյանքը հարթ խճուղի չէ, և մարդ չի կարող քայլել իր ընտրած ճամփով՝ առանց թեքվելու և շեղվելու, սայթաքելու և ընկնելու։ Կյանքի ինչ-որ հատվածում անշուշտ, մարդու առջև ծառանում է ուղեփակոց, որը մի կողմ քաշելու համար պահանջվում է հզոր կամքի ուժ։

Գրական կերպարների ազնվագույն հատկանիշներով սնված ու դաստիարակված պատանին եթե ոչ բարձրաձայն՝ ապա մտովի որոշում է իր երիտասարդական ներուժը ծառայեցնել հարազատ ժողովրդին, պայքար մղել խաբեբաների, գողերի ու սրիկաների դեմ։ Բայց, ահա, տարիներ անց հանգամանքների դրդմամբ ինքն է հայտնվում սարդոստայնում՝ դառնալով գող և խաբեբա։ Ընդունեք, որ մարդու կյանքում չափազանց մեծ է պատահականությունների դերը, բայց և այնպես, քիչ չեն այն դեպքերը, երբ մարդ արարածն ինքն է նետվում պատահականությունների գիրկը և շատ հաճախ դառնում է նրանց զոհը։

Երկու տարի առաջ աշխատանքի բերումով ծանոթացա ֆրանսահայ մի վայելչագեղ տիկնոջ հետ։ Առաջին տպավորությունս. կինը ոչ միայն ինձ, այլև երկու գործընկերուհիներիս հիացրեց իր արտաքին փայլով ու իմացական մակարդակով։ Թեպետ դժկամությամբ նա խոստովանեց, որ բանասիրական գիտությունների թեկնածու է, Երևանում սեփական բնակարան ունի, բայց ահա, վատառողջության պատճառով բժիշկները խորհուրդ են տվել փոխել կլիման, ուստի, նա էլ որոշել է միառժամանակ հաստատվել Արցախում ու աշխատել մեր հանրապետության գյուղերից մեկում։

Տիկին Լուսինեն (այդպես էր կնոջ անունը), հրաշալի խոսում էր գրական հայերենով և հաճախ էր իր խոսքը համեմում Վ. Սարոյանի, Ավ. Իսահակյանի և Հովհ. Թումանյանի ասույթներով։ Դժվար էր վարժվել տիկին Լուսինեի խոսելաոճին. կարծես թե ի ցույց էր դրել իր գիտելիքները, բայց կամաց-կամաց հարմարվեցինք դրան՝ ժամանակին զուգընթաց համոզվելով, որ դա սոսկ ձև չէ, որ լեզվով և արտաքինով պաճուճազարդ տիկինը իրեն չէր կեղծում, այլ միանգամայն անբռնազբոս էր պահում։

Շուտով նա գործուղվեց Կարմիր գյուղ և աշխատանքի անցավ տեղի դպրոցում, ուր սկսեց հայոց լեզու և գրականություն դասավանդել։ Բայց նախքան տիկին Լուսինեին գյուղ ճանապարհելը ես ու ընկերուհիս որոշեցինք ավելի մոտիկից ծանոթանալու համար այցելել նրան (ժամանակավորապես հաստատվել էր իր ծանոթի բնակարանում) և մի կարգին զրուցել հետը, նամանավանդ, որ վերջինս հաճախ էր տրտնջում, որ Արցախում բարեկամներ չունի և մեզ խնդրել էր ամեն շաբաթ օր, երբ գյուղից քաղաք է վերադառնում, այցելել իրեն։ Մենք, իհարկե, դեմ չէինք բարձրաշխարհիկ տիկնոջ առաջարկին և, ահա, մեր խոստմանը համաձայն, օրերից մի օր այցելեցինք նրան։

Տիկին Լուսինեի հետ ունեցած զրույցից պարզվեց, որ խորհրդահայ ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի մինուճար զավակն է, որ հանգամանքների դրդմամբ հայտնվել է Ֆրանսիայում և խարիսխ նետել օտար երկրում։ Ամուսինը մահացել էր մի տասը տարի առաջ՝ երկու տղաներին և կնոջը թողնելով հարուստ ժառանգություն։ Հոր հեղինակության միջոցով տիկին Լուսինեն Երևանում ձեռք էր բերել աշխատանք և բնակարան։ Շուտով կամաց-կամաց նրա մեջ բացահայտվեցին նորանոր որակներ, հայտնի դարձավ, որ Հայաստանում զբաղվում է բարեգործությամբ։

Ֆինանսական օժանդակություն է ցույց տվել Լենինականի և Սպիտակի երկրաշարժից տուժած հաշմանդամ երեխաներին՝ նրանց համար կազմակերպել գրական-գեղարվեստական երեկոներ, ցերեկույթներ և ուրախ հանդիսություններ։ Եվ որպես իր ասածի վառ առհավատչյա՝ նա սեղանին դասավորեց Հայաստանի թերթերը, ուր գովեստով ու երախտիքով շարադրված էին այն բոլոր բարեգործական աշխատանքները, որոնց անմնացորդ սիրով լծվել էր տիկինը։ Թերթերում հոդվածների հետ զետեղված էին նրա լուսանկարները. մերթ մենակ էր՝ ինքնագոհ ժպիտով ու ինքնավստահ կեցվածքով, մերթ էլ՝ հաշմանդամ երեխաների հետ։

Այնուհետև նա միացրեց տեսամագնիտաֆոնը, և Երևանից իր հետ բերած տեսաժապավենների շնորհիվ ավելի մոտիկից հաղորդակցվեցինք Լուսինե Սահինյան-բարեգործին, մանկավարժին և կազմակերպչին։ Հեռուստաէկրանին բոլորի ուշադրության կենտրոնում նա էր, մեր հերոսուհին մեկ նվերներ էր հանձնում հայաստանցի հաշմանդամ երեխաներին, մեկ էլ՝ նրան էին մեխակներ նվիրում։ Այնուհետև հեռուստաէկրանին երևաց ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարներից մեկը և իր երախտագիտությունը հայտնեց տիկին Լուսինեին՝ այն անձնվեր աշխատանքի համար, որին նվիրվել էր։

Ցուցադրվեց նաև նրա նախաձեռնած գրական-գեղարվեստական երեկոն, իսկ մի ուրիշ տեսահոլովակով էլ ծանոթացանք Լուսինե-մանկավարժին։ Հեռուստաէկրանին նրա բաց դասն էր գրականությունից։ Սխալված չենք լինի, եթե ասենք, որ դա սովորական դաս չէր, այլ կատարյալ տոն՝ աշակերտների համար։ Գլխավոր հերոսների՝ Սասունցի Դավթի և Մսրա Մելիքի կերպարները մարմնավորող աշակերտները տոնական հանդերձանքով էին։ Երեխաների աչքերից լույս և ջերմություն էր ճառագում առ իրենց ուսուցչուհին, մանկավարժ, ում հաջողվել էր դասը վարել ամենաժամանակակից եղանակներով, դասին ապահովել մյուս առարկաների, առաջին հերթին՝ հայոց լեզվի համատեղման մեթոդը։ Իմ և գործընկերուհուս ոգևորությունը հասավ գագաթնակետին։ Մեր դիմաց մեծ մանկավարժ էր...

Գյուղ մեկնելուց առաջ որոշեցինք կրկին հանդիպել։ Նա հայտնեց, որ մտադիր է Կարմիր գյուղի դպրոցում միջոցառում նախաձեռնել և խնդրեց, որ մենք էլ ներկա գտնվենք։ Տիկին Լուսինեն միաժամանակ ցանկություն հայտնեց մեր թերթերում երկու խոսք ասել իր առաքելության մասին, իսկ Արցախի հեռուստալրագրողներին՝ հանդիսությանը մասնակցելու մեր առաջարկից սկզբում ոգևորվեց, բայց հետո փոշմանեց։

Նրան հրաժեշտ տվեցինք՝ նոր հանդիպման ակնկալությամբ։ Լուսինեն մեկնեց գյուղ, որտեղից մեզ լուրեր էին հասնում նրա և աշակերտների փոխադարձ սիրո, հարգանքի և վստահության մասին, և մենք էլ անհամբեր սպասում էինք նրա հեռախոսազանգին, որը մեզ գյուղ պիտի հրավիրեր։
Եվ ահա մի երեկո գործընկերուհիս զանգեց մեր տուն. երևում է՝ խիստ տագնապած էր։

- Շտապ միացրու Հայաստանի հեռուստածրագիրը և նայիր «02»-ը։ Լուսինեին ցույց են տալիս,- ասաց նա, և ուրիշ ոչինչ։
Միացրի հեռուստացույցը, բայց ավա՜ղ, ուշ էր։ Ճիշտն ասած՝ բան չհասկացա ընկերուհուս խոսքերից։ Ի՞նչ կապ ունի տիկին Լուսինեն «02»-ի հետ, իսկ գուցե, Աստված մի արասցե, բռնության փո՞րձ են ձեռնարկել նրա դեմ։ Զանգեցի ընկերուհուս, բայց վերջինս կարճեց խոսքը.
- Խնայում եմ քեզ։ Գիշերը հաստատ ես չեմ քնելու, չեմ ուզում, որ դու էլ արթուն մնաս։

Առավոտյան աշխատավայր հասնելուն պես ընկերուհիս իսկույն վրա տվեց.
- Եթե միայն իմանայի՜ր, թե ինչ է կատարվել, և իրականում ով է տիկին Լուսինեն... Ախր, նա որոնումների մեջ է, խաբեությամբ մի մեծ գումար է կորզել երևանցի ուսանողներից՝ խոստանալով նրանց, իբր, իր հետ Ֆրանսիա տանել, բայց քանի որ ֆրանսահայ չէ և Ֆրանսիան միայն երազում է տեսել, ուստի, հետապնդումներից խուսանավելով, ապաստան է գտել Արցախում։

- Ինչպե՞ս թե,- անակնկալից դեռևս ուշքի չեկած՝ դիմեցի նրան,- ախր, տիկին Լուսինեն մտավորական է, մանկավարժ, բարեգործ...
- Արիստոկրատ, բարձրաշխարհիկ տիկին և խաբեբա,- ավելացրեց ընկերուհիս։- Գիտե՞ս, նրա իսկական անունը Սվետլանա է, և ոչ մի ազգակցական կապ չունի ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի հետ։ Այսքան մի բան։
Տիկին Լուսինեն... Մեզ այդպես էլ չհաջողվեց մոռանալ այդ վայելչագեղ կնոջն ու հմուտ մանկավարժին, որ կարող էր դաստիարակել արժանավոր սերունդ, բայց նա միանգամայն այլ ճանապարհ էր ընտրել. նրա մեջ հաղթանակել էր խաբեբան...




ԼԱՎ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Մեկ-մեկ մտածում եմ այն մասին, թե իսկապես, ի՞նչ կլիներ մեր վիճակը, եթե 85-ին Գորբաչովը սովետների երկրի ղեկավար չդառնար։ Մեր հասարակության մեջ տեղի ունեցող բազմաբովանդակ փոփոխությունների համար «պարտական» ենք միմիայն պարոն Գորբաչովին։

Սիրելի ընթերցող, երբևէ մտածե՞լ ես այն մասին, թե շուկայական հարաբերություններն ինչքան ճոխ ու շռայլ դարձրին մեր կյանքը... Ուր որ նայում ես, խանութներ են՝ ամենատարբեր ձևերի, չափերի ու երանգների։ Տունդ հյո՞ւր է եկել կեսգիշերին, խուճապի մատնվելու կարիք չկա, մտի՛ր ուզածդ խանութն ու գնիր անհրաժեշտ ապրանքները։

Իսկ ինչի՞ էր նման մեր կյանքը խորհրդային տարիներին. ամեն մի թաղամասում կենտրոնացված էր ընդամենը մեկ մթերային խանութ, ուր մտնելն ու դուրս գալը մեկ էր լինում։ Էդ վաճառողուհիներն էլ այնքա՜ն կոշտ ու կոպիտ էին խոսում հետդ, որ երբեմն, երբ գնած ապրանքը չէր գոհացնում քեզ, և խնդրում էիր փոխել, այնպե՜ս ծույլ-ծույլ վեր էին կենում տեղից ու փնթփնթում, անիծում իրենց բախտը. հատկապես այն օրը, երբ առաջին անգամ կանգնեցին վաճառասեղանի հետևում։ Այդքանը դեռ ոչինչ, փողի մանրն էլ չէին վերադարձնում։

Հիմա, փա՜ռք Աստծո, ամեն շենք տասնյակից ավել մթերային խանութ ունի, որոնց հյուրընկալ դռները գիշեր ու զօր բաց են գնորդների առջև։ Մտնում ես խանութ ու նրա առատությունից մի պահ շվարում՝ մոռանալով, թե ինչու ես հայտնվել այստեղ։ Եվ մեկ էլ հանկարծ իսկույն դիմացդ հայտնվում է գեղեցիկ, ժպտադեմ երիտասարդ վաճառողուհին և ապրանքների ընտրության հարցում մի այնպիսի մեծ պատրաստակամություն է ցուցաբերում, որ եթե ապրանքը քեզ դուր էլ չգա, նրա խաթեր համար ստիպված ես գնել։

Եվ այնպես էլ գեղեցիկ է ժպտում, որ բոլորովին չես ուզում թողնել խանութը, այլ մտադրվում ես այսուհետ ավելի հաճախ այցելել նրան։ Բայց որքա՜ն խորն է լինում հուսահատությունդ, երբ հանկարծ մտնում ես կողքի խանութը, ու բանից պարզվում է, որ դրա վաճառողուհին ավելի սիրուն է և ավելի պատրաստակամ։

Մի կարևոր բան ևս. էդ վաճառողուհիների ազնվությունից քեֆդ գալիս է. էդ էր պակաս, որ նրանք փողի մանրը չվերադարձնեն։ Դե՝ նրանք ավելի շուտ կհրաժարվեն իրենց անունից, քան փոքրոգություն կանեն։ Եվ մեկ-մեկ էլ, երբ փորձում ես չնկատել մանրը, այնպես են վիրավորվում, որ...

Չէ՜, հիմա շատ լավ ժամանակներ են։ Խորհրդային տարիներին, օրինակ, մեր մայրաքաղաքում մի քանի գրախանութ կար և, ասում են նույնիսկ, որ այնտեղ հաճախ էին հերթեր գոյանում։ Այ, հիմա ուրիշ է. մեր ժողովրդին այլևս գրքերը չեն հետաքրքրում ու, «բնականաբար», փակվել են գրախանութները։

Ասացեք, խնդրեմ, արցախցու ինչի՞ն է պետք գեղարվեստական կամ գիտական գրականությունը, երբ ընթերցանության փոխարեն ի զորու է դիտել մեքսիկաբրազիլական դյուրամարս ու սրտաշարժ հեռուստասերիալներ։ Հետո էլ, այդ գրողներն ու բանաստեղծները ձևի հետևից ընկնելով՝ այնպես բարդ ու դժվարամատչ բառեր են գործածում, որ դյուրությամբ չես ըմբռնում գրածը, և երբեք էլ չես համարձակվում գիրքը կեսից ընթերցել։ Բայց այ, այդ հեռուստասերիալները որ մասից ուզում ես համտեսիր՝ իսկույն ընկալում ես...

Միայն մի բան չեմ հասկանում, ինչո՞ւ են հիմա բոլորը գրիչ վերցրել ձեռները, երբ ժողովուրդն այլևս գիրք չի ընթերցում և, ի վերջո, գրախանութ էլ չկա։ Դժվար թե մեր օրերում հանդիպես մի ուսանողի, որն ուզենա Չարենցի, Իսահակյանի կամ Տերյանի հատընտիրը ձեռք բերել։ Իսկ ի՞նչ է, կարծում եք ուսանողները գրքեր չե՞ն գնում։ Է՛հ, ուսանողի օրն էլ սևանա... Խեղճերը դասերից հետո մի երկու կոպեկ են աշխատում, այն էլ դասախոսների ամենատես աչքից չի վրիպում. իրենց նոր լույս ընծայած գրքերը նրանց վրա են սաղացնում՝ պատճառաբանելով, որ մասնագիտական է։

Ուսանողն էլ գլխից ձեռ չի քաշել, որ իր «սեփական» դասախոսի գիրքը չգնի։ Է՛հ, ով ինչ ուզում է՝ թող ասի, հիմա երանելի ժամանակներ են։ Ինչի՞ էր նման մեր մայրաքաղաքը խորհրդային տարիներին. անշուք և անճաշակ շենքեր, նույնատիպ խանութներ, անբարեկարգ ճանապարհներ, հնաոճ ու հնամաշ ավտոմեքենաներ... Իսկ հիմա մեր քաղաքում այնպիսի շքեղ ու նորաոճ դղյակներ են կառուցվում, որ հաստատ արտասահմանյան հարուստ ձեռներեցների նախանձը կշարժեն։

Մի ամիս առաջ ծանոթս լուսանկարվեց մի շատ պերճաշուք խանութի առջև և այն ուղարկեց Ռուսաստան՝ իր սիրածին։ Եվ պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան տխուր պատմության մեջ ընկավ։ Սիրածը խռովեց նրանից՝ ասելով, թե ինչու է առանց իր թույլտվության Գերմանիա մեկնել։

Դե, ծանոթս էլ հեռախոսազանգերով հավաստել է, որ ոչ թե Գերմանիայում, այլ Ստեփանակերտում է լուսանկարվել։ Ի՞նչ օգուտ դրանից, լսողն ո՞վ էր։ Սիրածն այդպես էլ չհավատաց, ասում էր՝ Ղարաբաղն աղքատ երկիր է, այդքան փող որտեղի՞ց, որ իր ժողովրդին աղքատությունից փրկելու փոխարեն շքեղ դղյակներ ու խանութներ կառուցի, և նրան մեղադրեց, որ իբր կապվել է հարուստ տղամարդու հետ և արտասահման մեկնել։ Այսպիսի բաներ...

Հա, ի դեպ, այդ ընտիր, ամենավերջին մակնիշի արտասահմանյան ավտոմեքենաներն էլ են Արցախը հարուստ երկիր դարձնում։ Եթե խորհրդային ժամանակներում հարուստները գերադասում էին ձեռք բերել միայն մեկը և ամենաընտիրը (խոսքս ոչ միայն ավտոմեքենայի մասին է, այլև՝ սիրուհու, բնակարանի, սեփական կնոջ և նմանատիպ այլ բաների), ապա այսօր ընտրությունը մեծ է, հնարավորությունը՝ շատ, ցանկություն էլ՝ կա ու կա։

Ասում են՝ խորհրդային տարիներին մարդ արարածին հատուկ էր երազելու ունակությունը։ Հիմա ո՞վ է երազում որ... Մի այնպիսի բան էլ չի մնացել, որ մարդ կամենա ձեռք բերել ու չհաջողվի։ Ոմանք գտնում են, որ մեր ժողովուրդը բոլոր ժամանակներում էլ վատ է ապրել։ Ես լիովին համաձայն եմ նրանց հետ։ Եվ պարսավանքի թիրախ եմ դարձնում միայն ու միայն պարոն Գորբաչովին։

Առաջներում մուրացկանները, եթե, իհարկե, կային, անլեգալ պայմաններում էին «աշխատում», հիմա մեծ համարձակություն են ստացել և օրը ցերեկով մեր դռներն են ծեծում, թե՝ հաց կամ փող։ Աստված չանի, մեկ էլ տեսար՝ մի գեղեցիկ օր ներխուժեցին մեր տները թե՝ կամ հաց, կամ՝ կյանքդ։

Մինչև մեր ժողովրդի վերածնունդը արցախցիները հասարակական վայրերում ռուսերեն լեզվով էին խոսում, իսկ շուկայում էլ՝ ճարահատ ադրբեջաներենով։ Հիմա ինչ հայերենը դարձել է պետական լեզու, մեր երիտասարդությունը սկսել է անգլերեն բլբլացնել։ Բայց ո՞վ է նրանց մեղադրում, համակարգչի լեզուն պիտի հասկանա՞լ, թե՞ ոչ։ Թե չէ՝ նա մեզ մի բան է հարցնում, իսկ դու փոխանակ պատասխանելու նրա հարցին, բռնում՝ ծրագիրն ես ամբողջությամբ ջնջում։

Հետո էլ՝ նկատել եմ, մեկ-մեկ մարդիկ տրտնջում են, որ մեր հայ երգիչ-երգչուհիները անգլերենով են երգում։ Այդտեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում. նախ՝ «Ինչքան լեզու գիտես, այնքան էլ մարդ ես» կարգախոսը բոլորի համար է, հետո էլ՝ այդ անգլիացիներն ու ամերիկացիները թող նախանձից պայթեն ու համոզվեն, որ անգլերենը միայն իրենց լեզուն չէ և թե կարող են՝ թող իրենք էլ հայերեն երգեն...

Դե, այսքանից հետո ո՞նց ասես, թե վատ ժամանակներ ենք ապրում։ Ի՞նչ կասես, հը՞, սիրելի ընթերցող...




ԿԵՑՑԵ՛ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԸ

Չգիտեմ ով ինչպես՝ բայց ես մեծ ոգևորություն եմ ապրում, որ սոցիալիստական կարգերին հաջորդել է ոչ թե կոմունիզմը, այլ, թևակոխել ենք, այսպես կոչված, անցումային շրջան։ Խորհրդային տարիներին մեր այս գեղեցիկ մայրաքաղաքում հատուկենտ դեղատներ էին, գեղեցկության սրահներն էլ մատների վրա կարելի էր հաշվել։ Քաղաքը ոտի տակ տայիր, մի ցուցանակ չէիր գտնի «Ավիատոմսեր» գրությամբ։

Հիմա ժամանակները փոխվել են. դեղատներ, գեղեցկության սրահներ՝ որքան ուզես, որտեղ ուզես... Ասել է թե՝ եթե առողջությանդ հետ կապված պրոբլեմները կարգավորել ես, առոք-փառոք մտիր գեղեցկության սրահ ու գեղեցկացիր։ Լավ, ասենք ուզածիդ պես գեղեցկացար և մտածում ես ամուսնության մասին, բայց որտեղի՞ց քեզ համար փեսացու գտնենք, երբ պատերազմ տեսած երկիր ենք, տղաները տալոնով են, աղջիկները՝ շալոնով։ Մնում է ավիատոմսեր գնել, և ինչ երկիր ուզում ես՝ թռիր, փեսացու անպայման կգտնես։

Ինչ ասեմ, ախր հիմա երանելի ժամանակներ են՝ ազատ մտածողություն, ազատ բարքեր... Երեկ հարևանուհուս 18-ամյա աղջիկը արու զավակ ունեցավ։ Գնացի ծննդատուն՝ տեսության։ Հանկարծ որտեղից-որտեղ՝ հայտնվեց մի տարեց բուժքույր՝ խորհրդային ժամանակներից և ձայնը գլուխը գցեց. «Ո՞վ է երեխայի հայրիկը»։ Դե, հասկացանք, մաղարիչ է ուզում։ Բայց ինչպիսի՜ անտակտություն, ի՜նչ հայրիկի մասին է խոսքը։ Հիմա ո՞վ է օրինական երեխա լույս աշխարհ բերում։ Չէ, այս պառավը տեղովը մեկ փորձանք է։ Դրությունը փրկեց ծննդկանի մայրը. «Ի՞նչ հայրիկի մասին է խոսքը,- ասաց նա,- երեխան պատկանում է հասարակությանը»։ Հետո էլ շատ հանգիստ պատմեց, որ իր աղջիկը միանգամից չորս տղայի հետ է մտերմություն արել։ Եթե անգամ Աստված էլ գա՝ չի կարող պարզել, թե ով է երեխայի հայրը։

Հեռուն չգնանք։ Բերեմ իմ անձնական օրինակը։ Երեկ փողոցում ծանոթս կանգնեցրեց, թե՝ պատրաստվիր, այս կիրակի մեկնելու ենք զբոսախնջույքի, պիտի մի լավ խմենք։ Զորօրինակ, եթե ես խորհրդային ժամանակների մարդ լինեի, ծանոթիս մի լավ կշշպռեի՝ ասելով, որ ես քնքուշ սեռի ներկայացուցիչ եմ՝ ի՞նչ խմել, ի՞նչ բան։ Բայց քանի որ ապրում եմ անցումային ժամանակաշրջանում, բնականաբար, հարցս այսպես ձևակերպեցի. «Հետաքրքիր է, մենակ խմելո՞ւ ենք»։

Հա, չմոռանամ ասել, քանի օր է՝ «Ջիպ» մակնիշի մի ավտոմեքենա է հետևիցս ընկել. տնից աշխատավայր, աշխատավայրից տուն՝ պարտաճանաչ ուղեկցում է ինձ։ «Ո՜ւխ, բախտս բերեց, հաստատ հարուստ փեսացու է»,- մտածեցի, բայց ի՜նչ...

Մի պայծառ օր տեսնեմ՝ ղեկին 70-ին մոտ մի ալևոր է։ Սա էլ մի օր համարձակություն առավ, մեքենան կանգնեցրեց, թե՝ աղջիկ ջան, արի մեքենաս նստիր, քեզ ասելիք ունեմ։ Պարզվեց, որ այս բիձան ուզում է ամուսնանալ հետս։ Եթե ես ապրելիս լինեի խորհրդային ժամանակներում, այս բիձային գրողի ծոցը կուղարկեի, կասեի՝ գնա քեզ համար պառավ տատիկ գտիր ու ամուսնացիր։

Բայց քանի որ անցումային շրջանի ներկայացուցիչ եմ, կնշանակի՝ ազատամիտ, ուստի, ստեղծված վիճակը մի լավ ծանրութեթև արի. եթե սեփական տուն, ամառանոց ունի, վատ թեկնածու չէ։ Ինչ մնում է տարիքին, վիճակագրությունը ցույց է տալիս, որ տղամարդիկ ավելի շուտ են մահանում, քան կանայք։ Դե, եթե բիձայի մի ոտն այն աշխարհում է, ուրեմն՝ ինչո՞ւ մերժել։ «Լավ, կմտածեմ»,- ասում եմ և մտքումս ծանրութեթև անում, իսկ գուցե այս մի քանի ժամվա ընթացքում 75-ն անց ավելի հարուստ ծերուկի հանդիպե՞մ։

Գիտե՞ս, բարեկամս, կյանքն իր օրենքներն ունի, ուզում ես ապրել՝ խաբիր դիմացինիդ։ Ախր, ո՞ւմ է պետք քո ազնվությունը։ Մեր շքամուտքի երրորդ հարկի հարևանուհին 45 տարեկան, երեք երեխատեր, ամուսնաթող կին, ամուսնանում է 25 տարեկան մի շատ համակրելի երիտասարդի հետ։

Մի քանի օր առաջ շատ անկեղծ զրույց ունեցա հարևանուհուս հետ։ Ասաց՝ ի՞նչ անեմ, սիրուհու կարգավիճակից հոգնել եմ։ Հետո պատմեց, որ իրենց հիմնարկի ղեկավարի թվով 4-րդ սիրուհին է. «Հիմա ավելի լավ չէ՞ ամուսնանամ 25 տարեկան երիտասարդի հետ, քան թե լինեմ պահեստային սիրուհի»։ «Զարուհի ջան,- դիմեցի հարևանուհուս, իսկ փեսացուդ գիտե՞ քո տարիքը»։ «Չէ,- ասաց,- խաբել եմ, իմանում է, թե 30 տարեկան եմ»։ Այս զրույցից հետո, ախր, ո՞վ կհանդգնի ցուրտ խոսք ասել հարևանուհուս։ Խաբում է՝ շատ լավ է անում։ Մեր կյանքը հիմնված է խաբեության վրա։

Չէ, իսկապես մենք շքեղ ու ճոխ կյանքով ենք ապրում։ Զորօրինակ, խոհրդային տարիներին ցանկացած հիմնարկության ղեկավար բավարարվում էր միայն մեկ ավտոմեքենայով, մեկ սիրուհիով, մեկ սեփական կնոջով և մեկ ամառանոցով։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ մեր օրերում ցանկացած հիմնարկ-ձեռնարկության ղեկավարի բաժին է ընկնում մեկ սեփական և երկու պետական ավտոմեքենա, երկու ամառանոց, երկու օրինավոր կին և չորս սիրուհի։
Բա՜, ասում եմ, չէ՞, ճոխ ենք ապրում...

Էհ, գիտեմ, ձեր մեջ հաստատ մեկը կգտնվի ու կսկսի բամբասել, թե, իբր, մեր հոդվածում մուրացկանների մասին խոսք չկա։ Ինչ է, կարծում եք խորհրդային տարիներին մուրացկաններ չկայի՞ն։ Նրանք պարզապես անլեգալ պայմաններում էին աշխատում, իսկ հիմա գիշեր ու զօր մեր դռներն են ծեծում։ Դա մեր ժամանակներին բնորոշ ազատամտության արդյունք է։ Հա, այն էլ ասեմ, էս մուրացկաններից խելքս բան չի կտրում։ Եթե խելք ունենային, ներքին պայմանավորվածության համաձայն, մայրաքաղաքի յուրաքանչյուր թաղամաս կարող էին բաժանել իրար մեջ, և այսկերպ նրանցից յուրաքանչյուրն ապահովված կլիներ մշտական աշխատավայրով, ու մենք էլ նրանց կճանաչեինք դեմքով։

Այս հարցում, ցավոք, նրանց կողմից համերաշխություն չկա։ Ամեն Աստծո օր ամենատարբեր մարդիկ ծեծում են դուռդ, թե՝ փող կամ հաց։ Երեկ, օրինակ, շատ հիմար պատմության մեջ ընկա։ Դուռը թակեցին, բացեցի՝ տեսա շատ համեստ հագնված մի պառավ կին. առանց խոսք փոխանակելու, 200 դրամ դրի ձեռքը։ Նա փողը շպրտեց, թե՝ ինձ ո՞ւմ տեղն ես դրել։ Ասացի՝ մայրիկ, ներողություն, գուցե 200 դրամը քիչ է։ Սա էլ թե՝ ես ձեր առաջին հարկի հարևանի զոքանչն եմ, մեր հեռախոսը չի աշխատում, եկել եմ ձեր հեռախոսով զանգեմ։

Էհ, կյանք է, ամեն ինչ էլ պատահում է, փղի կողքին միշտ էլ մժեղներ են լինում։ Հո մի քանի աղքատների պատճառով մեր այս հրաշալի ժամանակներից չե՞նք հրաժարվելու։ Չգիտեմ ով ինչպես՝ բայց ինձ հարյուր տոկոսով գոհացնում են այս ժամանակները։
Կեցցե՛ անցումային շրջանը։




ԱՆԵՐԵՎԱԿԱՅԵԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈՂ ԿՈՉՎԱԾ ՀՐԱՇՔԻ ՄԱՍԻՆ

Փողի՝ իբրև հրաշքի վերաբերյալ հայտնության միտքը իմ մեջ հղացավ միանգամայն վերջերս։ Շատերի պես ես էլ էի միամտորեն ենթադրում, որ սեր, հավատ, ընկերություն և բարեկամություն հասկացությունները փողի հետ համեմատության մեջ դնելը սրբապղծությանը հավասարազոր բան է։ Բայց այն, ինչի ականատեսը դարձա վերջերս, ստիպեց միանգամից փոխել վերաբերմունքս և այսուհետ մեծարել նորին գերազանցություն ամենազոր փողին։

Ռուս երգիծաբան Միխայիլ Զոշչենկոյի կարծիքով, բոլոր անհեթեթություններն սկսվում են փողը երկրպագելու՝ բանական արարածների անհասկացողությունից։ Մինչդեռ տողերիս հեղինակը ստորև ներկայացվող պատմություններով փորձում է հակառակն ապացուցել՝ բնավ չկամենալով ստվերել նշանավոր երգիծաբանի մեծությունը։ Ի սկզբանե նշենք, որ սույն տողերի հեղինակի պատմությունների կենտրոնական դեմքը սեփական հարևաններն են. դա արվել է նրա շենքում բնակվող՝ սոցիալական ամենատարբեր խավերի օրինակով փողի մոգական ուժի ազդեցությամբ երջանկացած մարդկային էակների հոգեբանությունը բացահայտելու նպատակով. մարդիկ, որոնց համար նախքան փողի հետ ծանոթանալը, կյանքն անհրապույր էր ու գորշ։

Իմ առաջին հարկի հարևանը՝ սևահեր, գանգուր մազերով մի տղամարդ, որին բոլորը գաճաճության պատճառով «Կարճահասակ Հակոբ» էին անվանում, ինժեներ է, անվնաս մի մարդ։ Նրա գաճաճ հասակը հակադարձ համեմատական է նրա հանդեպ ունեցած՝ հարևանների հարգանքին։

Երկու դպրոցահասակ երեխատեր հարևանս աղքատ է և արդեն երկու-երեք տարի է ինչ նա և կինը գործազուրկի կարգավիճակում են։ Թե նա ինչ ճանապարհով է հայթայթում իր հանապազօրյա հացը, հարևաններին հայտնի չէ։ Այնինչ, մի բան պարզ է. Հակոբը համեստ ու ազնիվ մարդու համբավ ունի թաղամասի բնակիչների և, առհասարակ, իր ծանոթ-բարեկամների շրջանում։

Բայց ահա, ուղիղ կես տարի առաջ հարևանս իր ընտանիքի հետ այնպես աներևութացավ, որ հարևանների համար ասեկոսեների ու բամբասանքի ուղղությամբ հույսի նշույլ չթողեց։ Անցան շաբաթներ, ամիսներ, և մեկ տարուց հետո Հակոբն ընտանիքի հետ վերադարձավ մեզ անհայտ վայրից։

Հարևաններիցս ստացած տեղեկություններից պարզվեց, որ Կարճահասակ Հակոբը աննկարագրելի հարստության տեր է դարձել։ Այնուհետև դեպքերն այնքան արագ հաջորդեցին միմյանց, որ խեղճ հարևաններս բամբասանքի համար ստիպված էին մինչև գիշերվա ժամը 4-ը բակի նստարանից պոկ չգալ։
Ընդամենը 15 օրվա ընթացքում Հակոբը քաղաքում բացեց խոշոր առևտրական կենտրոն, երկու «Մերսեդես» գնեց, մեկ ամառանոց, այդ ամենի հետ ձեռք բերեց նաև երեք սիրուհի։

Մի օր ահա, աշխատավայրից տուն վերադառնալիս, մեր շքամուտքի մոտ մի անծանոթ երիտասարդ խնդրեց ցույց տալ Կարճահասակ Հակոբի բնակարանի տեղը։ Անուշադրությանս պատճառով երիտասարդին խնդրեցի կրկնել հարցը. «Հակոբին չե՞ք ճանաչում, սև, գանգուր մազերով, երկարահասակ տղամարդ է»- բացատրեց անծանոթը։
Սա՞ ինչ է ասում՝ մտածմունքի մեջ ընկա ես, Կարճահասակ Հակոբը ե՞րբ դարձավ երկարահասակ։ Անծանոթի հետ հանդիպումից հետո մյուս օրը, մեկ տարվա բաժանումից հետո, հարևանիս տեսա շենքի շքամուտքի մոտ։ Եվ ի՜նչ... Զարմանքից քիչ մնաց ճչայի։ Ա՜յ քեզ հրաշք, հարևանիս բոյն իսկապես երկարել էր։

Երկրորդ շքամուտքի երրորդ հարկի հարևանուհիս՝ թոշակառու դաշնակահար, բնակվում է երկու աղջիկների և ամուսնու հետ։ Սրանք իրենց տգեղ, այլանդակ արտաքինի և չափից դուրս թունոտ ու կռվարար բնավորության պատճառով հարևանության մեջ ցածր վարկանիշ ունեին։ «Այլանդակ, ինչպես Մարգոն և իր աղջիկները»,- սիրում էին կրկնել հարևաններս՝ տիկին Մարգոյին և նրա ընտանիքի անդամներին տգեղ արտաքինով որևէ մեկի հետ համեմատության մեջ դնելիս։ Այսքանի հետ տիկին Մարգոն և իր ընտանիքը ծայրաստիճան աղքատ ապրուստի տեր են։

Ինչպես իրապատում հեքիաթներում, մի պայծառ օր Մարգոյի ընտանիքի վերևում էլ շողշողաց մեծ կարողության տեր դառնալու աստղը... Նա հարստացավ, գեղեցկացավ և երիտասարդացավ՝ զարմանքի պահեր պարգևելով հարևաններին, որոնք մի ժամանակ քամահրանքով էին խոսում նրա և նրա աղջիկների մասին։
Օրերս պատահաբար լսեցի, որ Մարգոյի ավագ աղջիկը, «Միսս-2002» գեղեցկության մրցույթում գրավելով առաջին տեղը, մտադիր է մասնակցել նաև Եվրոպայում կայանալիք գեղեցկության մրցույթին, իսկ սույն տեղեկության հեղինակների տվյալներով՝ կրտսեր դստեր լուսանկարը զարդարում է Հայաստանի ամենատարածված ամսագրերի շապիկը։

5-րդ հարկի հարևանս՝ երեք երեխատեր Արամը, երկու տարի է՝ պատրաստվում է բաժանվել կնոջից, բայց ամուսնալուծության հարցը մեզ անհայտ պատճառներով գլուխ չի գալիս։ Իրար հետ ապրում են մի բնակարանում, իրարից խռով։ Հարևանները նրանց բնակարանից միայն անեծքի, լուտանքի և հայհոյանքի խոսքեր էին լսում։

Այս ընտանիքում էլ շաբաթն ավելի շուտ եկավ, քան ուրբաթը։ Արամի արտասահմանաբնակ քեռին մի աներևակայելի գումար ուղարկեց ազգականին, պատկառելի գումար, որի հայտնվելուն պես Արամի տան պատերն անգամ, ուրախությունից լեզու առնելով, սկսեցին խոսել։ Փողն ամեն ինչ գցեց իր հունը, ամուսինները հաշտվեցին։ Դեռ մի բան էլ ավելի։ Այժմ կինն ամուսնուն անվանում է Արամչիկ, իսկ ամուսինը կնոջը՝ Զարուհի Պետրովնա։

Իսկապես, արմանք-զարմանք բան է փողը։ Թեպետ միտք չունեի հարևաններիս շարքում իմ անձնական օրինակն էլ բերել, բայց ինչ անես, խոսքը խոսք է բերում։
Տասը տարի է՝ նույն պաշտոնում աշխատում եմ մայրաքաղաքի հիմնարկներից մեկում, ստանում համեստ աշխատավարձ։ Բարձր պաշտոն ստանձնելու հեռանկարը վաղուց անհեթեթ է թվում ինձ։ Հիմնարկի ղեկավարիս՝ իմ հանդեպ ցուցաբերած վարվելակերպը պայմանավորված է իմ խղճուկ աշխատավարձով։ Բայց դրանից ինձ ճնշված չէի զգում. պետք է կարողանալ կյանքն ընդունել այնպես, ինչպես կա։

Օրերից մի օր աշխատավայր մտնելուն պես մի կախարդական ուժի ազդեցությամբ պողպատի պես ամուր սիրտս միանգամից սկսեց փափկել։
Սա ի՞նչ նշան է՝ զարմացա, և իմ աշխատասենյակում հնչած սելեկտորի ձայնից հարցս իմ կողմից մնաց անպատասխան։ Ինձ տեսնելուն պես պետս պատվիրեց քարտուղարուհուն երկու բաժակ սուրճ՝ իր և ինձ համար։ Այնուհետև մի առանձին ակնածանքով ինձ հրավիրեց միասին սրճելու և, ի զարմանս ինձ, իրեն պահեց այնպես, ինչպես հավասարը հավասարի հետ։

Ի վերջո, չդիմանալով զարմացած հայացքիս, նուրբ տոնով և ընդգծված քաղաքավարությամբ հայտնեց, որ հիմնարկի երեք աշխատողների հետ իմ աշխատավարձը ևս վերևից բարձրացրել են։
Մինչև իր սենյակի դուռն ինձ ուղեկցելով՝ նա սիրալիր տոնով հիշեցրեց (առանց հետին մտքի), որ իրեն կարող եմ հաճախակի այցելել, և որ իր առանձնասենյակի դուռը միշտ բաց է ինձ նման պատվարժան աշխատողի առջև։

Ի՞նչ եք կարծում, սիրելի ընթերցող, մի՞թե սույն պատմություններից հետո իմաստ ունի փողի մոգական ուժի մասին կրկին կարճ ու երկար մեկնաբանություններ անել. առանց այն էլ այնքան եմ ոգևորված փողի կախարդական զորությամբ, որ ծանոթներիս բարևին պատասխանելիս բարևի փոխարեն «փող» չարտասանելու մտքից մշտապես զգաստանում եմ։ Ի՜նչ երկարացնեմ... Հրաշք է, հրաշք է այդ անիծված փողը...




ՏԽՈՒՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Ջրի պակասի պատճառով տիկին Արուսի աղջկա հարսանիքի հետաձգման լուրը կայծակի արագությամբ տարածվեց թաղամասով մեկ։ Առավել հետաքրքրասերները հիշյալ լուրը ճշտելու նպատակով դիմեցին հենց նրան՝ տիկին Արուսին։ Վերջինս հավաստիացնելով, որ այդ լուրերը համապատասխանում են իրականությանը, սկսեց մանրամասն բացատրել խնդրի պատճառահետևանքային կապերը։

Բանն այն է, որ այս տիկինն աղջկա օժիտի համար ոչխարի բուրդ էր գնել։ Դե, պարզ է, վերմակ ու ներքնակ պետք է պատրաստել, բայց ահա, մտքով չէր անցել որ ջրի բացակայության պայմաններում չէր կարողանալու բուրդը մշակել ու լվանալ։ «Չէ, անհրաժեշտ է ինչ-որ միջոց ձեռնարկել»,- անհանգստացան սրտացավ հարևանները, և նույն օրը գումարված թաղային խորհրդի նիստում թաղխորհրդի նախագահը ներկաներին իրազեկելով իրողության մասին, խոսքն այսպես եզրափակեց. «Տխուր ժամանակներ են, ի՜նչ կարող ես անել»։

Թաղային խորհրդի անդամները, թվով յոթ հոգի, որոշեցին աջակցել հարևանուհուն և նրա որոշումը բեկանելու նպատակով հանդես եկան հայտարարությամբ, ըստ որի՝ առաջին հարկի հարևանները շաբաթվա մեջ պետք է մեկական դույլ ջուր տրամադրեն տիկնոջը՝ բուրդը լվանալու համար։ Բայց ահա, առաջին հարկի հարևաններից մեկի սրտովը չէր սույն որոշումը, և նա իսկույն հոխորտաց. «Ես համաձայն չեմ, դա անարդարություն է»։ Եվ ձայնն այնպես գլուխը գցեց, որ խորհրդի անդամները ետ կանգնեցին իրենց մտադրությունից։

Շուտով ներկաների միջև ծավալված փսփսոցից հայտնի դարձավ, որ հիշյալ անձնավորությունը ջրով լի մեկ դույլը 2000 դրամով վաճառում է հարևան փողոցի N շենքի բնակիչ Հարութ Արիստակեսյանին։ Թաղային խորհրդի անդամներն ստիպված հանդես եկան մեկ այլ հայտարարությամբ. առաջարկեցին տիկին Արուսի բուրդը լվանալու գործը կարգավորելու համար ընդգրկել թաղամասի շահագրգիռ բնակիչների այն բարեկամներին, ովեր ապահովված են ջրով։

Որոշվեց տիկնոջն ուղարկել Բաղրամյան թաղամասի բնակիչ Կարապետ Կարապետյանի բնակարանը (վերջինս թաղխորհրդի նախագահի աներձագն է)։
Թաղային խորհրդի նիստից երկու օր անց տիկին Արուսը լացակումած հայտնեց թաղխորհրդի նախագահին, որ իրենց ծրագիրը տապալվել է, քանի որ հիշյալ թաղամասում ևս ջուր չկա, իսկ այն անձնավորությունը, որը պետք է աջակցեր տիկնոջը ջրի հարցով, մեկնել է գյուղ։

Հարևանուհու պատմությունից հուզված՝ թաղխորհրդի նախագահը հանելով թաշկինակը, մի քանի անգամ աղմուկով սրբեց քիթն ու գրպանից հանելով ծոցատետրը, մի թերթ պոկեց և սկսեց ինչ-որ բաներ խզմզել։ Այնուհետև թղթի կտորը հանձնելով տիկնոջը՝ հայտնեց, որ այդտեղ նշված են մայրաքաղաքի Գարեգին Նժդեհ, Գևորգ Չաուշ և մի քանի այլ փողոցներում բնակվող իր բոլոր բարեկամների ու ծանոթների անունները, և իր կողմից կա փոքրիկ գրություն այն մասին, որ վերջիններս հարգանքով վերաբերվեն տիկնոջն ու կատարեն նրա ցանկությունը։

Հավաստի լուրերի համաձայն՝ հարևանները վերջին անգամ տիկին Արուսին հանդիպել են նախանցյալ օրը՝ բրդի կապոցը շալակին, Արմենավան թաղամասի ուղղությամբ շտապելիս։ Ասում են՝ վերջինս հույսը չի կորցրել, հիշյալ թաղամասերում ջրի հիմնահարցերին բախվելով՝ այժմ որոշել է դիմել անծանոթ համաքաղաքացիների օգնությանը։

Հիմա մեր ընթերցողը հավանաբար կսկսի դժգոհել, որ, իբր, սույն պատմությունը պատմում եք, որ ի՞նչ... Բանն այն է, հարգարժան ընթերցող, որ օրերից մի օր տիկին Արուսը կարող է բախել ձեր տան դուռը։ Այնպես որ, եթե դուք ապահովված եք ջրով, խնդրում ենք ցուցաբերել խորհրդային տարիներին հատուկ հումանիստական վերաբերմունք և աջակցել տիկնոջը, քանի որ հիմա... դե, ոնց բացատրենք, տխուր ժամանակներ են՝ ու վե՛րջ...




ՀԵ՜Յ, Ո՞Վ ԿԱ, ԳՈՆԵ ՄԵԿՆ ՈՒ ՄԵԿԸ

Աշխարհում սարսափելի բաներ շատ կան։ Մարդկությանը միշտ էլ ցնցել են բնական և արհեստածին աղետները։ Այո, սարսափելի է, երբ մարդ ձեռք է բարձրացնում մարդու՝ իր նմանի վրա։ Սարսափելի է սպանությունը, դավաճանությունը՝ լինի բարեկամի, ընկերոջ թե սիրածի...
Բայց, ինչպես նշանավոր մի պարոն է ասել, առավել սարսափելին այն մարդկանց անտարբերությունն է, ովքեր «չեն սպանում և չեն դավաճանում, բայց նրանց լռելյայն անտարբերությամբ է, որ աշխարհում գոյություն ունեն դավաճանությունն ու սպանությունը»։

Անցած տարվա աշնան առաջին ամիսներից մինչ օրս, գրեթե կես տարի, Ստեփանակերտի Բաղրամյան փողոցի թիվ 1 շենքի հարակից մայթերից մեկի երկայնքով ընկած է ավտոճանապարհի համար գործածվող՝ մի շատ սովորական, հասարակ ուղեփակոց, որը խստիվ խանգարում ու արգելք է հանդիսանում անցորդների երթևեկության համար։ Ճիշտն ասած՝ մայթը պարբերաբար հատող թաղամասի բնակիչների համար էլի ոչինչ, գործը գլուխ է գալիս։

Տուն հասնելու համար, ուզած թե չուզած, նրանք նախընտրում են զարտուղի ճանապարհները։ Բայց այ, դժվարը տեղանքին անճանաչ անցորդների համար է, որոնք ստիպված են երկընտրանքի առջև կանգնել. երկու մայթերից ո՞ր մեկն ընտրել՝ Արցախյան պատերազմի տարիներին հրթիռահրետակոծության թիրախ դարձած՝ քարուքանդ եղած հարակից մա՞յթը, թե՞ «ուղեփակոցով» մայթը։

Ուղեփակոցի՝ մայթին հայտնվելու առաջին շաբաթներին այն կարծիքն ունեինք, թե «բազմազբաղվածության» պատճառով շահագրգիռ անձինք պարզապես մոռացության են մատնել խնդրո առարկան և, ուր-որ է, մի պայծառ օր խնդիրը կկարգավորեն։ Անցավ մեկ ամիս, երկու ամիս, շուտով թևակոխեցին 5-րդ և 6-րդ ամիսները, իսկ մեր հույսերն, ավա՜ղ, այդպես էլ չարդարացան։

Գիտեմ, ա՛յ, հենց այս պահին մեր ընթերցողը կասի. «Դե, ի՞նչ եք մի փոքր բանից մեծ աղմուկ սարքել։ Շահագրգիռ կառույցները հարցը չեն լուծում, թող թաղամասի տղամարդիկ մտածեն այդ մասին՝ ուղեփակոցը վերցնեն ու գրողի ծոցն ուղարկեն»։ Ախր, հարգելիներս, հարցն էլ հենց նրանում է, որ խնդրո առարկայի հանդեպ անտարբեր են ոչ միայն շահագրգիռ կառույցները, այլև, արի ու տես, «անտարբերություն» կոչվող ցավը վարակել է մեր թաղամասի դեռահասներին, երիտասարդներին ու տարեցներին ևս։

Գրեթե մեկ ամիս առաջ վերոնշյալ թաղամասի հատվածներից մեկի բանուկ ու մարդաշատ մայթին պառկած էր (եթե չասենք՝ ընկած էր) մի հարբած տղամարդ։ Դե, բնական է, հետաքրքրասեր և շատ թե քիչ «սրտացավ» մարդիկ՝ մեծավ մասամբ տարածքի մանր ու խոշոր ձեռնարկությունների աշխատողներն, սկսեցին մտահոգվել. «Ո՞վ է, ինչո՞ւ, ինչպե՞ս, ի՞նչ պարագաներում է հայտնվել այս կողմերում և համարձակվել օրը ցերեկով ամբողջ երկայնքով մեկնվել մայթին»։ Իսկապես՝ հետաքրքրասեր մարդիկ գործի անցան՝ պարզելու անծանոթի ինքնությունը։ Անցորդներն էլ անտարբեր անցնում էին հարբածի կողքով՝ չփորձելով բնավ աջակցության ձեռք մեկնել վերջինիս։

Այս պատմության մեջ ամենաարտառոցն, ահա, 20-22 տարեկան մի երիտասարդի պահվածքն էր, որը մոտեցավ ճիշտ և ճիշտ ուղեփակոցի նման ճանապարհը փակած հարբած մարդուն, և, ինչ եք կարծում, ի՞նչ արեց. ոտքը բարձրացրեց ու... անցավ ընկածի վրայով։ Իսկ շրջապատում քար անտարբերություն է։ Ոչ մի զարմացական կամ ցավակցական բացականչություն, ոչ մի ճիչ կամ հոգոց։ Կարծես «հարբեցողություն» հասկացությունը խիստ հարիր է մեր հոգեկերտվածքին, ու բոլորի անտարբերությունն էլ արդարացուցիչ է, և այդպես էլ պիտի լինի։ Կարծես այդ մենք չենք, որ 88-ին Վերածննդի հրապարակում մի մեծ ընտանիք էինք դարձել և հանուն մեր մեծ ու միասնական գաղափարի՝ մեկ-մեկի համար հոգի էինք տալիս։

Կարծես այդ մենք չէինք, որ պատերազմի ամենաօրհասական պահերին, լինի ռազմադաշտում թե թիկունքում, աջակցում էինք միմյանց, կիսում իրարու ցավ։ Ավա՜ղ, հիմա անցել են այդ ժամանակները։ Մեր հոգիներում այսօր բուն են դրել գորշ, հեղձուցիչ ու զզվելի ձանձրույթն ու անտարբերությունը՝ ծանոթի և անծանոթի, բարեկամի և ընկերոջ հանդեպ։ Այո, շրջապատում անտարբերության հիթ-շքերթ է...

Մարդիկ դարձել են շահամոլ, չարակամ ու հաշվենկատ։ Ռազմադաշտում պատերազմը վաղո՜ւց ավարտվել է։ Այնինչ՝ ալեկոծ են մեր հոգիները. մեր հոգու պատերազմը դեռ շարունակվում է։ Ո՜վ կարող է մեղմել մեր հոգու ցավը... «Ո՞վ՝ եթե ոչ մենք։ Մեր փրկությունը մե՛ր իսկ ձեռքերում է»,- կասի լավատեսը։ Իսկ մենք, ահա, որ ոչ լավատես, ոչ հոռետես, այլ լոկ իրատես ենք, տագնապում ենք մեր վաղվա համար։ Մեր ներքին ձայնը մտահոգ է ու խռովահույզ և Վիլյամ Սարոյանի հերոսի նման օգնությո՜ւն է աղերսում.
- Հե՜յ, ո՞վ կա, գոնե մեկն ու մեկը...




ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՊԱՀԵՐ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆԻՆ

Օրհնվի այն օրն ու ժամը, երբ գովազդն առաջին անգամ մուտք գործեց հեռուստատեսություն, թե չէ մեր երեխաները որտեղի՞ց պիտի իմանային աղջիկների գաղտնիքները, որ խորհրդային տարիներին փակի տակ պինդ պահեցին, բայց ահա, Գորբաչովը եկավ ու նրանց գաղտնիքն աշխարհով մեկ արեց։

Հիմա առանց լրացուցիչ գրականության յուրաքանչյուր առաջին դասարանցի կարող է հավաստել, որ աղջիկների կյանքում անխուսափելի են կրիտիկական օրերը, և գովազդով զբաղվող ձեռներեցներն էլ ավելի հեշտացնելու համար աղջիկների ոչ այնքան հաճելի աշխատանքը, հնարեցին ժեստերի լեզուն...

Կամ էլ՝ խորհրդային տարիներին սիրում էինք կրկնել, որ ծխելը վտանգավոր է մարդու առողջության համար։ Սուտ է, չհավատա՛ք, եթե այդպես է, հապա ինչո՞ւ է «Գրանդ տաբակոն» ամենաբազմատեսակ ծխախոտներ գովազդում, և գովազդվող ծխախոտատուփերն էլ այնքան գեղեցիկ են «Քոչարի» պարում, որ մեկ-մեկ մեջդ ցանկություն է առաջանում՝ մի հատ չփորձե՞լ, հը՞... Մանավանդ, ասում են՝ «Մերն ուրիշ է»։

Գովազդն աղջիկների ախորժակն էլ է բացել... Հա, քանի որ խոսք բացվեց ախորժակի մասին, հարկ է մեր ընթերցողներին իրազեկել, որ ամենաարագ ախորժակ բացողը «Աշոտ Ղազարյանն» է։ Երևի հենց դրա համար է, որ խմիչքին գիտակ մարդիկ մենություն չեն սիրում, այլ նախընտրում են «Աշոտ Ղազարյանի» ընկերակցությունը։
Դե ինչ, եթե ուզում եք Աշոտի սրամտությանը հաղորդակցվել, խնդրեմ, բացեք «Աշոտ Ղազարյան» շամպայնին փակցված նրա «նվերը», և ինչքան սիրտներդ ուզում է՝ ծիծաղեք ու հետն էլ շամպայն համտեսեք, ինչպես ասում են՝ հաճելին օգտակարի հետ։

Եթե գովազդը չլիներ, որտեղի՞ց պիտի իմանայինք, որ կա «Աշոտ Ղազարյան» օղի, «Աշոտ Ղազարյան» լոտո։ Ասում են՝ հայաստանցիներն այնքան են սիրում Աշոտին, որ շուկայում վաճառականները գնորդներին գայթակղելու և սիրաշահելու համար իրենց ամենաընտիր ապրանքներին տվել են «Աշոտ Ղազարյան» անունը. Աշոտ Ղազարյան-կինձմինձուկ, Աշոտ Ղազարյան-դդում, Աշոտ Ղազարյան-կանացի ներքնաշոր։ Խե՜ղճ Աշոտ, եթե այսպես շարունակվի, ապա, Աստված մի արասցե, մեկ էլ տեսար՝ հերթը հասավ... «Pampers»-ին...

Ով ինչ ուզում է՝ թող ասի, գովազդը շատ բան փոխեց մեր կյանքում։ Եթե չլիներ այն, ինչպե՞ս կարող էինք զանազանել լավը՝ լավագույնից, գեղեցիկը՝ տգեղից, ընտիրը՝ խոտանից. չէ՞ որ ի զորու չենք մեկ առ մեկ փորձել բոլոր լվացքի փոշիներն ու օճառները, ատամի մածուկներն ու ծամոնները։ Գովազդի շնորհիվ հաջողվեց ոչ միայն փող տնտեսել, այլև միանգամից ձեռք բերել ապրանքներից լավագույնը։ Եվ ոչ միայն դա։ Նկատե՞լ եք, թե գովազդը որքան հարստացրեց մեր հայերենը...

Խորհրդային տարիներին մենք այնպես ջերմորեն էինք հավատում մարդ արարածին՝ բոլոր նրանց, ովքեր շրջապատում էին մեզ՝ մեր բարեկամներին, սիրածներին, ընկերներին ու հարևաններին։ Իսկ հիմա կարո՞ղ եք ցույց տալ մեկին, որ հավատա իր ամենամերձավորին, բայց, ի վերջո, պիտի՞ ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի հավատանք, թե՞ ոչ։ Եթե հավատացյալն այլևս Աստծուն չի հավատում, մենք էլ՝ մեր բարեկամներին, փառք Աստծո, գովազդը բաց արեց մեր աչքերը (հո անհավատ չենք մեռնելու), գտնվեց ինչ-որ բան, ինչին կարող ենք հավատալ։ «Հավատա... ծարավիդ» հաճախակի գովազդվող խոսքերն այնքա՜ն բան փոխեցին մեր կյանքում, որ մենք էլ, ահա, շարունակում ենք նույն տրամաբանությամբ հավատալ մեր ախորժակին, ստամոքսին, օդին, ջրին, ավտոմեքենաներին ու հեռուստացույցին, բայց ոչ երբեք... մարդուն։

Դե, ասացեք, խնդրեմ, սիրելի ընթերցողներ, այսքանից հետո ինչպե՞ս չասել, թե օրհնվի այն օրն ու ժամը, երբ գովազդը մուտք գործեց հեռուստատեսություն, և՛ մեր ճաշակն ու ինտելեկտը զարգացրեց, և՛ մեր մայրենի լեզուն հարստացրեց։




ՓՈԽԱՐԻՆՈՂ՝ Ռ. ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ ՁԱՅՆԵՐԻԶԻ ԴԻՄԱՑ...

Օրերս Ռուբեն Հախվերդյանի երգերի ձայնագրությունները ձեռք բերելու նպատակով որոշեցի պտտել մայրաքաղաքի ձայներիզավաճառ խանութները։ Ցավոք, իմ փնտրտուքներն անհաջողությամբ պսակվեցին։ Մի երկու խանութում նայեցի ցուցափեղկերին դասավորված ձայներիզներին ու դրանց մեջ Ռուբեն Հախվերդյանի ձայներիզը չգտնելով, ավելորդ համարեցի այդ հարցով դիմել վաճառողին։ Ուստի, մտա մի այլ խանութ և այս անգամ առանց ցուցափեղկին նայելու, դիմեցի վաճառողուհուն.
- Դուք Ռուբեն Հախվերդյանի ձայներիզը չունե՞ք։

Վաճառողուհին ինձ ոտից գլուխ տնտղելուց հետո զարմանքով նկատեց.
- Դա ո՞վ է։
- Դե, եթե այսքան ժամանակ երգչի անունը չեք լսել, իմ ներկայացնելուց հետո դժվար թե ճանաչեք,- պատասխանեցի։

Վաճառողուհին հանկարծ, ի զարմանս ինձ, վերցրեց ցուցափեղկի ձայներիզներից մեկը, որի վրա խոշոր տառերով գրված էր երգչուհու՝ Լիլիթ Կարապետյանի անունը և դիմեց ինձ.
- Հավատացեք, սա ավելի լավ է երգում, քան ձեր Հախվերդյանը։ Հիմա ո՞վ է Հախվերդյան լսում, այն վաղո՜ւց այլևս մոդայիկ չէ, բայց Լիլիթը գերաստղ է և, չնայած երիտասարդ տարիքին, մեծ անուն է վաստակել,- գոհունակ ասաց նա ու շարունակեց,- լսեք խորհուրդս, գնե՛ք այս կասետան, սա լավ փոխարինող է։

- Ինչպե՞ս թե, ես դե՞ղ եմ ուզում՝ ինչ է, որ դուք փոխարինող եք առաջարկում։ Եթե իմ ուզած երգչի ձայներիզը չունեք, ի՞նչ փույթ, մի ուրիշ տեղ կնայեմ,- ասացի նրան։
- Չէ, գիտե՞ք, հարցը նրանում չէ, թե դուք այն կարող եք գտնել կամ չգտնել ուրիշ խանութում, պարզապես զարմանում եմ, որ ձեզ առաջարկում եմ ընտիր երաժշտությանը հաղորդակցվելու հրաշալի տարբերակ, բայց դուք հրաժարվում եք,- սրտնեղեց զրուցակիցս՝ ավելացնելով,- իսկապես, Լիլիթը լավ երգչուհի է, իսկ եթե չեք հավանում, ուզո՞ւմ եք Թաթա Սիմոնյան գնեք։ Սրա երկրպագուները շատ են։ Երեկ մի հինգ կասետա էինք ստացել, բոլորն էլ նույն օրը թռցրին։ Ա՛յ, նման երգիչներին շատ եմ հավանում, տրամադրություն են բարձրացնում ու ոչ թե մարդուն նետում հուսահատության ու հոռետեսության գիրկը։ Դա արդեն արվեստ է,- երանության ժպիտը դեմքին՝ նկատեց նա։

- Ուրեմն, Թաթան է՞լ է լավ փոխարինող՝ ասում եք։
- Ես չեմ հրաժարվում իմ խոսքերից։ Դուք գիտեք, չեմ ստիպում...
Ի վերջո, գնեցի մի ուրիշ ձայներիզ, ասել է թե՝ փոխարինող, ու մի պահ մեջս ցանկություն առաջացավ վաճառողուհուն հարցնել, թե այն ինչպես են օգտագործում. ճաշից առա՞ջ, թե՞ հետո և օրվա մեջ քանի անգամ, բայց փոշմանեցի և խանութից մի քանի քայլ հեռանալով՝ հիշեցի, որ հաց չեմ գնել, որոշեցի կրկին վերադառնալ նույն խանութը, բայց հաջորդ պահին փոխեցի մտադրությունս. է՜հ, պետք չէ, մեկ էլ տեսար՝ հաց չեղավ, և առաջարկեցին ձավարեղեն որպես... փոխարինող։




ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐԻ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ

Վերջին մի քանի տարիներին Ստեփանակերտի Բաղրամյան թաղամասը չարաբաստիկ պատահարների թիրախ է դարձել։ Բնակիչների մի զգալի մասը հավատում է, որ «ՉՊ»-ների հաճախականությունը պայմանավորված է լոկ պատահականությամբ, իսկ մի մասն էլ պնդում է, որ այլմոլորակայիններն այս տարածքում հաճախ են հայտնվում, և բոլոր ձախորդություններն ու անհաջողությունները պետք է միմիայն նրանց վերագրել։

Մի երկու օր առաջ Բաղրամյան փողոցի բակերից մեկում ծեծկռտուք էր։ Հավաքվել էր մեծ բազմություն, և մի քանի երիտասարդներ զուր ջանքեր էին գործադրում իրարից անջատելու երկու կռվողներին։ Պարզվեց՝ վերջիններս թաղամասի բնակիչներ չեն և ավտոմեքենայով հայտնվել են այդտեղ, որ իրար «հաշիվ մաքրեն»՝ ուրիշ ոչինչ։ Բայց թե ինչու հատկապես Բաղրամյան թաղամասում՝ դժվար է ասել։ Ու իրենց «առաքելությունն» ավարտելուն պես կռվողները բարեկամաբար սեղմեցին միմյանց ձեռք և, ինչպես հայտնվել էին, այնպես էլ աննկատ հեռացան թաղամասից։

Դա դեռ ոչինչ... Երեկ երթուղային տաքսուց մի ուղևոր պատրաստվում էր իջնել հիշյալ թաղամասում ու դեռ ոտքը գետնին չէր դրել, երբ սկսեց բազմասերիանոց անեծքներ ու հայհոյանքներ տեղալ՝ չգիտես ում գլխին։ Անծանոթի ձայնի վրա մարդիկ հավաքվեցին, բայց ոչ մի բան պարզել չհաջողվեց։ Տաքսու վարորդն ու ուղևորները հավաքվածներին հավաստիացրին, որ իրենք ոչ մի առնչություն չունեն անծանոթի հետ ու իրենց մեղավոր չեն ճանաչում։ «Ցնդել կարելի է»,- բարձրաձայն գոչեց ներկաներից մեկը, իսկ մեկ ուրիշն էլ անտարբեր նետեց. «Բաղրամյան թաղամասի օդն աղտոտված է»։

Այսքանը դեռ հեչ, սիրելի ընթերցող, դու դեռ շարունակությունը լսիր։ Դեպքի վրա երկու ոստիկան հայտնվեցին ու փորձեցին հասարակության հանգիստը խաթարող օբյեկտին քարշ տալ ոստիկանություն։ Արձանագրություն գրեցին, մի քանի վկաներ թղթի վրա իրենց ստորագրությունը դրեցին, և երբ ոստիկանները պատրաստվում էին հեռանալ՝ իրենց հետ տանելով «մեղադրյալին», պարզվեց՝ վերջինս աներևութացել է։ Ա՜յ քեզ բան, ո՞ւմ մտքով կանցներ... Վերջին խոսքը հարևանինս էր, որ պատշգամբի բազրիքին հենված, հետևում էր դեպքերի ընթացքին ու վերևից ղեկավարելով «պարահանդեսը», բաց չէր թողնում այս պատմության և ոչ մի ակորդը։ «Դա այլմոլորակայինների ձեռքի գործն է»,- բացականչեց նա։

Իսկ նույն օրը կեսգիշերին, երբ թաղամասի բնակիչների մեծ մասը նետվել էր Մորփեոսի գիրկը, մի մասն էլ հեռուստացույց էր դիտում, փողոցում դարձյալ աղմուկ-աղաղակ լսվեց։ Մի քանի հարբած անծանոթներ ձայները գլուխները գցած՝ փողոցում բարձրաձայն երգում էին։ Դուրս գալով պատշգամբ՝ հարևանս գոռաց. «Էհե՜յ, հիմա՞ ինչ եք ուզում, թողե՛ք մարդավարի քնենք, էլի՜...»։ Հարբածներն էլ թե՝ «Քեռի՛ ջան, գնացեք հանգիստ քնեք, ձեզ չենք խանգարում, մենք մեր ձայնն ենք մշակում»։

Հա, քանի որ խոսք բացվեց ձայնի մասին, այն էլ ասեմ, որ գյուղական մթերքներով բեռնված ավանակներն իրենց «ձայնը մշտապես մշակում են» Բաղրամյան թաղամասում։ Թե ինչու հատկապես այստեղ և ոչ թե շուկա տանող մյուս փողոցներում՝ դարձյալ դժվար է ասել։ Իսկ ահա, մի օր էլ հարևանս գտավ մեզ տանջող հարցի պատասխանը։ Ի տարբերություն մայրաքաղաքի մյուս թաղամասերի, Բաղրամյանում «ձայնի մշակման համար» ակուստիկան իր բարձրության վրա է։ Բա՜, ի՞նչ եք կարծում...

Բաղրամյան թաղամասում ոչ միայն մարդիկ, բնությունն էլ է հրաշքներ գործում։ Այսպես, մայրաքաղաքի Ազատամարտիկների և Հեքիմյան փողոցներում նույն օրն ու նույն ժամին տոթից ու արեգակի ճառագայթներից պաշտպանվելու համար կանայք և աղջիկները հովանոցներով են ման գալիս, իսկ Բաղրամյան թաղամասում անձրևանոցներ են օգտագործում՝ հորդ անձրևից պաշտպանվելու համար։ Ի՜նչ ասեմ, սիրելի ընթերցող, պատմածիս ճշմարտացիության մեջ համոզվելու համար գեթ մի օր պետք է բնակվել հիշյալ թաղամասում։

Մի շաբաթ առաջ մեր բնակարանի աղբը թափելու համար վերցրի աղբադույլը ու քթիս տակ երգելով՝ ուրախ-զվարթ դուրս եկա տնից։ Հակառակի պես այդ օրը տրամադրությունս բարձր էր։ Հասնելով մեր շենքի մերձակայքում գտնվող աղբանոցը՝ բարձրացրի դույլը, որ աղբը թափեմ, հանկարծ ականջիս շան վնգստոց լսվեց։

Դույլն իսկույն իջեցրի և, ի՜նչ տեսնեմ, աղբանոցը չկա, իսկ աղբարկղերն անհետացել են, և մի խեղճ ու սոված շուն նստելով աղբանոցի տեղը, օգնություն հայցող հայացքով ինձ է նայում։ Պահո՜, էս ի՞նչ դառավ, ասենք թե շանը օգնեցի, մի ոսկոր շպրտեցի նրան, բայց մեր տան աղբը որտե՞ղ պիտի թափեմ։ Քայլերս ուղղեցի հարևան շենքի մերձակա աղբանոցների կողմը, բայց՝ իզուր։ Ոչ մի տեղ աղբարկղ չգտա։ Տեսա ուրիշ ճար չկա՝ որոշեցի տուն դառնալ։

Կես ճանապարհին տեսնեմ՝ դպրոցահասակ մի երեխա աղբի դույլը ձեռքին, գնում է։ Ձայնեցի, խնդրեցի, որ իմ դույլն էլ թափի։ «Դրա դիմաց պետք է ինձ վճարեք 200 դրամ»,- հանկարծ ասաց նա և իր հասանելիքը ստանալուց հետո վերցրեց իմ դույլն ու հեռացավ։ Անցավ մի ժամ՝ երեխան չկա։ Հետո մի կես ժամից վերադարձավ թե՝ «Դուք ինձ պետք է վճարեք 300 դրամ ևս, քանի որ Բաղրամյան թաղամասում աղբանոց չկա, ուստի աղբը թափել եմ հարևան թամասում, որն, ինչպես գիտեք, շատ հեռու է»։ Անծանոթ երեխայի հոնորարն իսկույն վճարեցի, դեռ նրա ուզածից էլ 100 դրամ ավել՝ դա էլ նրա կոռեկտ պահվածքի համար, և շտապեցի տուն։

Ճանապարհին միտք էի անում. օրումեջ իմ բնակարանի աղբը թափում եմ։ Հիմա եթե մեր թաղամասի աղբարկղերն անհետացել են, պետք է օգտվեմ հարևան թաղամասի աղբարկղերից, իսկ հարևան թաղամասը բավական հեռու է։ Ու հետո էլ՝ ինձ համար խիստ անպատվաբեր է աղբադույլը ձեռքիս շրջել անծանոթ մարդկանց թաղամասում։ Ճա՞րս ինչ, ամեն անգամ պետք է դիմեմ երեխաների օգնությանը, որն էլ, վճարովի է և այն էլ՝ շատ թանկ։ Սպասեք, ախր, եթե օրումեջ 600 դրամ վճարեմ աղբի համար, կարգին հո կսնանկանամ։

Ի՞նչ անեմ։ Որոշեցի խորհրդի կարգով դիմել հարևանիս։ Սա որ իմացավ իմ գլխով եկածը, խիստ ջղայնացավ։ «Դա այլմոլորակայինների ձեռքի գործն է»,- ասաց նա և իր խոսքն արժևորելու համար շարունակեց. «Երևի մեր աղբարկղերը տարել են, որ պատրաստման տեխնիկան յուրացնեն կամ էլ ուզում են էքսպերտիզ անեն՝ տեսնեն մենք ինչն ենք աղբանոց նետում»։

Վա՜յ, ոնց էլ գլխի չեմ ընկել, հարևանս ճիշտ է՝ այդ գործում հաստատ այլմոլորակայինների մատը խառն է։ «Ինչպես տարել են, այնպես էլ բերելու են, անհոգ մնա»,- խորհուրդ տվեց նա և ինձ տուն ճանապարհեց։

Քանի օր է, սիրելի ընթերցող, աչքերիս քուն չի գալիս։ Մեկ-մեկ, երբ փակում եմ աչքերս, երազում աղբարկղ եմ տեսնում, բացում եմ՝ սոված շների հաչոցներից քունս իսկույն փախչում է։

Էս ի՜նչ կրակի մեջ գցեցին մեզ այլմոլորակայինները։ Ախր, դրանց ինչի՞ն են պետք մեր աղբարկղերը, միտք եմ անում միտք՝ բան չեմ հասկանում...




ՄՐՑՈՒՅԹ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԱՂԱՓԱՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՄ՝ ԽՄՈՐ ԵՆՔ ՀՈՒՆՑԵԼ՝ ՀԱՑ ԷԼ ԿԹԽԵՆՔ

Ինչպես հին վեպերում է ասվում. «Տուր ձեռքդ, հարգելի ընթերցող, և մենք միասին կթափառենք փողոցներում, ես ցույց կտամ քեզ մի շա՜տ-շա՜տ հետաքրքիր տեսարան»։ Այո, հարգելի ընթերցող, ասենք թե շրջել ես Ստեփանակերտ քաղաքի բոլոր թաղամասերը և քո վերջին կանգառը Բաղրամյան փողոցն է։ Իսկ եթե մի քանի րոպե փորձես քայլել այդտեղով՝ հաստատ կտարակուսես. «Էս ո՞նց է, ախր, լուսապատ փողոց, նորոգված մայթ ու մայրուղի և հանկարծ այս գեղեցիկ համայնապատկերի վրա՝ ջարդված-փշրված աստիճաններ...»։

Գիտե՞ս ինչ, բարեկամս, ես էլ լինեի քո փոխարեն՝ հաստատ կզարմանայի։ Չէ՞ որ ընդամենը մի քանի ամիս է, ինչ այս թաղամասում ավարտվել են շինարարական աշխատանքները, և էդ ո՞նց է՝ ճանապարհները նկատել՝ նորոգել-բարեկարգել են, իսկ խորհրդային ժամանակներից մեզ հասած՝ այս ջարդուփշուր աստիճանները չեն տեսել։

Հա, չմոռանամ ասել՝ թաղամասի ճանապարհների շինարարական աշխատանքների ավարտից անմիջապես հետո, երբ պարզվեց, որ Բաղրամյան փողոցի թիվ մեկ շենքին հարակից աստիճանների նորոգումը ծրագրված չէ, և թաղամասի բնակիչները փաստորեն կոտրած տաշտակի առաջ էին կանգնել, օրերից մի օր, ահա, այս մարդիկ հավաքվեցին, խելք-խելքի տվեցին, թե ի՞նչ անեն, որ շահագրգիռ կառույցների ուշադրությունը բևեռեն այս հարցի վրա։

Թաղամասի բնակիչներից մեկը, որ չափից դուրս դժգոհ էր վերջիններիս այդօրինակ վերաբերմունքից, ներկաներին սիրտ տալու համար ասաց. «Հաշվեք, թե աստիճանները նորոգվել էին, բայց մի տաս օրից նորից ջարդվել-փշրվել են։ Մեկ է, դրանց կատարած գործը միշտ կամ կիսատ-պռատ էլինում, կամ էլ՝ պարզապես անորակ»։

Եվ որպես ապացույց՝ մի քանի թարմ օրինակ բերեց։ Բնակիչներից մեկը, որ շատ լավատես է, հուսավառ հայտնեց, որ առաջիկա մեկ-երկու տարիներին աստիճանները կնորոգեն, իսկ մի հոռետես բնակիչ էլ ասաց, որ իրենց բռնած գործը երբեք գլուխ չի գա։ Մի խոսքով՝ հնչեցին տարբեր կարծիքներ, բայց դրանցից լավագույնը թաղամասի նոր բնակչուհի տիկին Արուսի առաջարկությունն էր։ Նա առաջին թաղամասի բնակիչների շրջանում կազմակերպել էր մրցույթ՝ լավագույն գաղափարի համար և սահմանել դրամական պարգև՝ թաղամասի բնակիչների կողմից հանգանակված միջոցներով։

Հավատացեք, դա հոյակապ միտք է. նախ՝ թաղամասի բնակիչներին հուզող հարցը կկարգավորվի, մրցույթում հաղթելու դեպքում էլ, խնդրեմ՝ մի կլորիկ գումար կվաստակեն։ Ինչպես ընդունված է ասել՝ հաճելին օգտակարի հետ։ Ի՞նչ ասեմ, էս դեպքից հետո քանի օր է՝ հարևանս գրադարաններից տուն չի գալիս։ Տեսնողներն ասում են, թե երևակայությունը զարգացնելու համար արկածային գրականություն է ուսումնասիրում։ Օրերս պատահաբար հանդիպեցի նրան մեր շենքի բակում։ Բարևիս չպատասխանեց. մտքերի մեջ էր, թևի տակ հնամաշ գրքեր էին…

Չէ՜, մեր բռնած գործից հաստատ լավ բան ակնկալել չի լինի։ Մեկ էլ տեսար՝ տարեց հարևանս խելառվեց։ Մտավախությունս հայտնեցի երրորդ հարկի հարևանիս։ Սա թե՝ «Գործ չունես, չխառնվես։ Ո՞վ գիտե, կարող է մի օր էլ բախտը բերել։ Հիմարների բախտը, ախր, միշտ բերում է»։ Այնպես որ՝ սպասողական վիճակում ենք։ Շատ հավանական է՝ թաղամասի բնակիչներից մեկի գլխում մի պայծառ միտք ծագի, և հարցը վերջնականապես լուծվի։ Միայն թե շուտ լինի՝ այս ջարդված-փշրված աստիճաններով յոլա գնալ չի լինի։

Դպրոցահասակ երեխաների վիճակն էլի փոքր-ինչ տանելի է։ Նրանք հնարամիտ են. ձմեռային ամիսներին աստիճաններով իջնելու համար դպրոցական պայուսակներն են օգտագործում որպես սահնակ։ Ինչ մնում է երիտասարդներին, սրանք սառցակալած աստիճաններով երթևեկելիս պարբերաբար ընկնում-բարձրանում են։ Բայց, ոչինչ, ջահել են՝ դիմանում են։

Խղճահարույց է առավելապես տարեցների վիճակը։ Խեղճ մարդիկ տուն հասնելու համար հազար ու մի նրբանցքներ ու զարտուղի ճանապարհներ են հատում, ճարահատ երկարաձգում տունդարձի ճամփան։ Միայն թե էդ աստիճանների պատճառով փորձանքի մեջ չընկնեն։ Ի՞նչ երկարացնեմ. մինչ գարնան գալը իրար թև-թիկունք դառած՝ դիմանում ենք։ Ո՞վ գիտե, մեկ էլ տեսար բնակիչներից մեկի գլխում մի փայլուն գաղափար ծնվեց կամ էլ հրաշք կատարվեց՝ շահագրգիռ կառույցներն ի լուր ամենքի հայտարարեցին. «Խմոր ենք հունցել՝ հաց էլ կթխենք», և իրենց կիսատ-պռատ գործն ավարտին հասցրին։




«ՋՈՒՐ ԵՄ ԾԱԽՈՒՄ, ՍԱՌԸ ՋՈՒՐ»

Օրերից մի օր փողոցում հանդիպեցի իմ մի բարեկամի, որը կրպակի մոտ իր ծանոթներից մեկին մեծ ոգևորությամբ ինչ-որ բան էր պատմում։ «Գիտե՞ս, պատրաստվում եմ զբաղվել ջրի (խոսքը սովորական բնական ջրի մասին է։ Ն. Օ.) առևտրով»։ Ճիշտն ասած՝ մի քիչ զարմացա, որովհետև կաթի, ոգելից խմիչքի, բենզինի ու նավթի առևտրի մասին լսել էի, բայց ջրի մախջֆ՝ ոչ։ Եվ նա հանգամանորեն պատմեց իր այդ գաղափարի դրդապատճառների, իրականացման ուղիների և հեռանկարների մասին։

Այսպես. բարեկամս ապրում է մայրաքաղաքի բնակելի շենքերից մեկի երրորդ հարկում։ Ունի մեծ ընտանիք՝ ծնողներ, որդիներ ու թոռներ։ 2006-ի տարեմուտին որոշեց հաճելի անակնկալ մատուցել իր ընտանիքի իգական սեռի ավագ ներկայացուցիչներին և գնել արտասահմանյան մակնիշի բարձրորակ լվացքի մեքենա։ Բայց քանի որ իրենց շենքը ջրամատակարարման հետ կապված որոշակի խնդիրներ կային, այսինքն՝ ջուր ստանում էին օրումեջ, երկու-երեք ժամով, բարեկամս էլ համոզված, որ սույն գրաֆիկը լվացքի մասով ձեռք կտա տան կանանց, խանութից գնեց իր սրտի ուզած լվացքի մեքենան ու տեղավորեց խոհանոցում։

Մի խոսքով, երբ ամեն ինչ պատրաստ էր, և տնեցիներն անհամբեր սպասում էին նոր տեխնիկայի փորձարկմանը, պարզվեց, որ այդ օրը, հակառակ գրաֆիկի, ջուր չի լինելու։ Տնեցիները որոշեցին մեքենան փորձարկել հաջորդ օրը։ Բայց, ա՜յ քեզ փորձանք, խեղճ մարդիկ սկսեցին ջուր ստանալ շաբաթը մեկ անգամ, այն էլ՝ կես ժամով։ Շուտով շահագրգիռ կառույցի աշխատողներից տեղեկացան, որ ջրամատակարարման գրաֆիկը նույն՝ անփոփոխ ձևով կգործի մինչև գարուն և բացատրեցին նաև խնդրի սրացման պատճառը՝ իբրև թե՝ ցրտի պատճառով ջրախողովակները սառել են։

- Հավատա, որ գարունը գա, էլի նույն խնդրի առջև ենք կանգնելու, ջուր չի լինելու։ Ինչ մնում է ամռանը, անցած տարվա խայտառակ պատմության հիման վրա համոզված կարող եմ ասել, որ էլի նույն փորձանքի մեջ ենք ընկնելու,- ասաց զրուցակիցս և ավելացրեց, որ շահագրգիռ կառույցի աշխատողները տարրական դասարանի աշակետի երևակայություն ունեն։ Եռամսյակը մեկ՝ մանավանդ ամառային շրջանում, ջուրը բարձր ճնշմամբ բաց են թողնում և իրենց աշխատողներին ուղարկում, որ ջրի վարձավճարը վերցնեն։

- Քաղաքում քանի՞ աղբյուր կա,- հանկարծ անսպասելի հարցրեց բարեկամս։
Անկեղծ ասած՝ չէի հաշվել։ Սակայն պարզվեց, ու նրան հետաքրքրողը ոչ թե դրանց թվաքանակն է, այլ այդ ջրացամաք աղբյուրների տխուր վիճակը։
- Ես էլ երկար ու բարակ մտածեցի և որոշեցի մայրաքաղաքում մի քանի ջրամատակարարման կետ բացել,- շարունակեց նա։

- Էդ ո՞նց,- չհասկացա ես։- Որտեղի՞ց ես ջուր բերելու և ի՞նչ սկզբունքով ես մատակարարելու մեր համաքաղաքացիներին։
- Հայաստանի ջուրը սառնորակ է ու մաքուր։ Ուստի՝ Երևանից կբերեմ, սառնարաններ էլ կբանեցնեմ։ Սկզբնական շրջանում կզբաղվեմ խմելու ջրի վաճառքով, հետո արդեն՝ գործը գործ ցույց կտա։ Այնպես որ՝ ջուր եմ ծախելու, սառը ջուր,- ոգևորված ասաց զրուցակիցս։

Անցան օրեր։ Մի գիշեր երազ տեսա՝ իբրև թե Ստեփանակերտի մեծ ու փոքր բոլոր փողոցներում, պետական և ոչ պետական հիմնարկներում, հիվանդանոցներում, դպրոցներում և մանկապարտեզներում ջուր են վաճառում, մեկ բաժակը՝ 200 դրամ։ Երազում տեսա նաև մարդկանց երկար հերթեր, ծանոթ ու անծանոթ դեմքեր։ Մարդիկ բաժակներով ջուր էին խմում, բայց նրանց ծարավը չէր հագենում։ Բարեկամս էլ, քաղաքի կենտրոնական փողոցի մի երևացող հատվածում կանգնած՝ ջութակ էր նվագում ու հետն էլ երգում. «Ջուր եմ ծախում, սառը ջուր...»։

Երբ արթնացա, իսկույն մտա բաղնիք, բացեցի ջրածորակը, բայց ջուր չկար... Վազեցի պատշգամբ, նայեցի դուրս. հերթեր չկային։ Հա, իրոք, որ տեսածս երազ էր...
Հիմա միտք եմ անում։ Պատկերացրեք՝ իմ երազը վերածվեր իրականության։ Ազգովի կխայտառակվենք, հա՜... Մեր թշնամիներն էլ ուրախությունից պար կգան և արհամարհանքով մեզ կասեն. «Էդպես առանց ջրի ձեր ազատ ու անկախ երկրում ապրեք՝ ինչքան ուզում եք։ Մենք Ղարաբաղից ձեռ ենք քաշում»։




ԿՈՏՐՎԱԾ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Նայելով տոնածառին՝ տղամարդը մտածեց. «Ե՛վ տոնածառն է գեղեցիկ, և՛ խաղալիքներն են ճաշակով ընտրված, միայն ափսոս՝ Ձմեռ պապ չկա։ Ոչինչ,- մտքում արդարացավ տղամարդը,- տղայիս համար իսկական Ձմեռ պապ եմ պատվիրել»։ Այս միտքն այնքան ոգևորեց նրան, որ քթի տակ անաղմուկ սկսեց մեղմ երաժշտություն սուլել։

- Հայրի՛կ, Ձմեռ պապի գալստյանն ինչքա՞ն է մնացել,- անսպասելի հարցրեց տղան՝ կարծես դրանով կամենալով փաստել, որ հայրը հյուրասենյակում մենակ չէ։
Տղամարդը չհասցրեց հարցին պատասխանել. դռան զանգը երկուսին նետեց միջանցք։
- Ես լույսի մարդն եմ, լույսի մարդը,- ասաց անծանոթը, որն առաջին հայացքից հոր և տղայի վրա հարբածի տպավորություն թողեց։- Ուրեմն այսպես,- շարունակեց տղամարդը, վճարեք ձեր լույսի փողը, և ես հայդա՝ ազատ եմ։

- Գիտե՞ք, ես միառժամանակ ուշացնելու եմ լույսի փողը։ Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ։ Որոշել եմ Ամանորի առթիվ հաճելի անակնկալ մատուցել մինուճար որդուս. իսկական Ձմեռ պապ եմ պատվիրել նրա համար։ Մոտս ընդամենը մի քանի դրամ է,- խեղճ-խեղճ ասաց տղամարդը՝ ձեռքը տանելով գրպանը, կարծես փորձելով ցույց տալ, որ իր ասածը ճշմարտությունից հեռու չէ։
- Հասկացա, դրության մեջ եմ մտնում,- ասաց անծանոթն ու իր ետևից փակեց դուռը։

Տղամարդը մտավ ննջասենյակ ու սկսեց անիմաստ ետուառաջ քայլել։ Նրա հայացքը կանգ առավ պատից կախված իրենց ամուսնական լուսանկարին։ Կինն այնքան երջանիկ էր և այնքան գեղեցիկ էր ժպտում։ Իսկ ահա, մի քանի օր առաջ փողոցում պատահաբար հանդիպեց իր ընտանիքի երջանկությունը խաթարող երթուղային տաքսու վարորդին, որը վրաերթի ժամանակ սպանելով իր կնոջը՝ հայտնվել էր ազատության մեջ...
- Հայրի՛կ, զանգում են,¬- ձայնեց որդին,- այդ ի՞նչ բանի ես, արի՜։ Ո՜ւխ, երևի Ձմեռ պապն է։

- Բարև ձեզ, սա Գասպարյանի բնակարա՞նն է։ Ի՜նչ գեղեցիկ զավակ ունեք։ Քանի՞ տարեկան է,- մտնելով միջանցք՝ վրա տվեց անծանոթ կինն ու պատասխան չստանալով՝ շարունակեց,- լավ ճաշակ ունեք։ Ասացեք, խնդրեմ՝ ձեր բնակարանի պաստառը դո՞ւք եք ընտրել, թե՞ ձեր կինը։ Հանգստացնող գույն է, վառ գույներ չեմ սիրում։ Չէ, հաստատ գույների ընտրության հարցում հաշվի եք առել ձեր կնոջ կարծիքը։ Չե՞մ սխալվում։
- Դուք ճիշտ եք,- պատասխանեց տղամարդը, կինս հրաշալի ճաշակ ուներ։- Անծանոթ կինը հարցական նայեց տղամարդուն։

- Թույլ տվեք շնորհավորել ձեր գալիք Նոր տարին, և հետո, գիտե՞ք, ես եկել եմ ձեր բնակարանի վարձը վերցնելու, վեց ամսվա պարտք ունեք։ Հասկանում եմ ձեզ, շատ անպատեհ ժամանակ եմ եկել, բայց, ինչ արած, այսպիսին է իմ աշխատանքի բնույթը։
- Երևի թե չկարողանամ վճարել վարձը։ Ի՞նչ ասեմ, իմ չնչին աշխատավարձով որդուս համար կենդանի Ձմեռ պապ եմ պատվիրել, գիտեմ, որ երկուսիս համար դա թանկ հաճույք է, բայց...,- տղամարդը խոսքը կիսատ թողեց և, հանելով թաշկինակը, փորձեց աննկատ սրբել ճակատի քրտինքը։

- Ես ձեզ հրաշալի հասկանում եմ, բայց ոչի՞նչ, եթե մի քիչ էլ ես անկեղծանամ,- հարցրեց կինը և պայուսակը դնելով միջանցքի մի անկյունում, շարունակեց,- անհայտ կորած ազատամարտիկի կին եմ, չորս երեխատեր։ Հաշվի առնելով իմ ընտանեկան ծանր կացությունը՝ տնօրենս խոստացել է աշխատավարձս շուտ վճարել։ Իսկ գիտե՞ք ինչպես է գոյանում մեր աշխատավարձը. հարկերից գանձված գումարներով։ Եվ հետո՝ այն էլ ասեմ, որ իմ փոքրիկների համար դեռ տոնածառ չեմ գնել, իսկ խաղալիքների հարցով հարևանուհիս խոստացել է օգնել ինձ։

- Տխուր պատմություն ստացվեց։ Ի սեր Աստծո, խնդրում եմ ներեք ինձ։ Եթե փող ունենայի, մի՞թե թույլ կտայի, որ ոտնահարվեր տղամարդու իմ արժանապատվությունը։
- Ոչ մեկը չի կարող այնպես լավ հասկանալ տղամարդուն, որքան կինը։ Ես չորս երեխա ունեմ և շատ լավ հասկանում եմ ձեզ։ Ցտեսություն և բարի Ամանոր ձեզ և ձեր որդուն։
- Հայրի՛կ, ոնց որ Ձմեռ պապը շատ ուշացավ։ Իսկ եթե միտքը փոխի և չայցելի՞ մեզ,- հետաքրքրվեց փոքրիկը։ Այդ ինչ է՝ չլինի՞ լաց ես լինում։

- Տղամարդիկ իրավունք չունեն արտասվելու,- ասաց հայրը,- արտասուքը կանանց համար է։ Պարզապես այսօր մի թեթև հոգնել եմ, գնամ՝ հանգստանամ։
- Բարև, բալիկ ջան, զանգեցի, բայց դուռը բացող չկար, հրեցի՝ կողպած չէր, ես էլ մտա, ոչի՞նչ,- հարցրեց անծանոթ երիտասարդը։- Ի՞նչ, հայրիկդ քնա՞ծ է, այդ դեպքում կամաց կխոսեմ։ Կարո՞ղ ես ցույց տալ ձեր կոմունալ-կենցաղային ծառայությունների վճարների գրքույկը։

- Քեռի, իմ հայրիկի ձեռքին փող չկա։ Խնդրում եմ՝ տոն օրերից հետո եկեք։ Գիտե՞ք, ախր, հայրիկս իր փոքրիկ աշխատավարձով ինձ համար կենդանի Ձմեռ պապիկ է պատվիրել։ Այ՝ ուր-որ է՝ նա կգա։ Ուզո՞ւմ եք՝ դուք էլ մնացեք մեր տանը, միասին կդիմավորենք Ամանորն ու Ձմեռ պապիկին։
- Լավ, բալիկ ջան, ժամանակ չունեմ, ես գործի մարդ եմ,- անտարբեր նետեց երիտասարդն ու փակեց դուռը։

- Ո՞վ էր,- դիմելով որդուն՝ հարցրեց հայրը։
- Գազի վարձն էր ուզում, դու հանգիստ մնա, ճանապարհեցի։ Հայրի՛կ, նկատե՞լ ես, որ երկու քեռիներն ու մորաքույրը լավ մարդիկ են ու ամենևին էլ պահանջկոտ չեն։ Իսկ գիտե՞ս ինչ եմ մտածել, այսուհետև եթե զանգող լինի՝ դուռը չեմ բացի։ Պրծա՜վ։ Ձմեռ պապը այսքան շուտ եկողը չէ։ Այ, հիմա կմիացնեմ հեռուստացույցը և մուլտֆիլմ կնայեմ, իսկ հեռուստացույցի ձայնն էլ այնքան կբարձրացնեմ, որ խլացնի դռան զանգի ձայնը։

...Ժամացույցը վաղուց խփել էր ժամը 12-ը։ Հեռուստացույց կոչվող արկղիկի մեջ հայտնված մարդկանց դեմքը ճառագում էր ուրախությունից։ Նրանք միմյանց շնորհավորում և հաճոյախոսում էին կանանց։ Տղան զարթնեց ու նայելով բազկաթոռին ննջող հորը՝ իսկույն վազեց դեպի միջանցքի դուռը։
- Հայրի՜կ, հայրի՜կ, դե՝ արթնացի՛ր, շո՛ւտ արա, շո՜ւտ,- բարձր ձայնեց փոքրիկը և քնաթաթախ հորն իր ետևից քարշ տվեց դռան կողմը։

Տղամարդը մշուշապատ աչքերով նայեց դիմացն ու ոչինչ չտեսավ։ Ամուր սրբելով աչքերը՝ նա կրկին նայեց մերթ բաց դռանը, մերթ՝ զարմանքից ակնապիշ հայացքով ինչ-որ կետի նայող որդուն ու բան չհասկացավ։
- Հայրի՛կ, Ձմեռ պապը երկար սպասելուց հոգնել ու քնել է։ Տես՝ ո՜նց է կուչ եկել։ Նայիր՝ պարկն էլ այնքա՜ն ամուր է գրկել։ Երկուսս էլ մեղավոր ենք, չէ՞, որ նրան դրսում ենք թողել։ Արթնացիր և ներիր մեզ, Ձմե՛ռ պապ...